Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուրերն, իհարկե, պատահական չեն, ինձ միամիտ մարդու տե՞ղ եք դրել»․ Անդրանիկ Քոչարյանը՝ իր պաշտոնանկության մասին լուրերի առիթով

Հոկտեմբեր 30,2024 16:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կոնկրետ այս լուրի հետ կապված քննարկում խմբակցություն տեղի չի ունեցել։ Եղել է հանդիպում ՀՀ վարչապետի հետ»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե ՔՊ-ականները մտադիր են Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց բարձրացրել եւ իր նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Անդրանիկ Քոչարյանի բնութագրմամբ՝ այս փոթորիկը սկսվեց լսումներից հետո․ «Լսումների հետ կապված, այո, մտահոգիչ էր, որ պատգամավորները քիչ էին։ Այդտեղ վերլուծելու հարց ունենք»։

Լրագրողների հարցին՝ Ձեր գործընկերներին հարցրի՞ք՝ ինչո՞ւ չէին եկել լսումների, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Երբ խմբակցության՝ ներքին խնդիրների նիստը լինի, անպայման այդ հարցը շոշափվելու է»։ ՀՀ գլխավոր դատախազին նախագահությունում տեղ հատկացնելու վերաբերող հարցերին ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Դատախազն ինչո՞ւ է վերևում, ներքում չէ, Անվտանգության խորհրդի մշտական անդամներ կան ներքում։ Երբ նրանց հարցրի՝ ի՞նչ դժգոհություն կա, ասացին՝ մեզ հարցրե՞լ են՝ մենք դժգոհ ենք, թե ոչ։ Ինչո՞ւ դատախազը վերևում, որովհետև կին է, սահմանադրական մարմնի ղեկավար, բոլոր ուժայինների հսկողություն իրականացնող մարմնի ղեկավարն է․․․ Կարծում եմ՝ այս գործընթացի առումով ԱԺ-ն ուժեղացած է դուրս եկել»։

Լրագրողները նկատեցին՝ Անդրանիկ Քոչարյանը թեմայից շեղվում է, նա արձագանքեց․ «Թեմայից չեմ շեղվում․ կարաս դու շեղվես, բայց ոչ՝ ես։ Ես ունեմ մեծ փորձ թեմայի մեջ մնալու, լավ իմացեք»։

Անդրանիկ Քոչարյանը չի բացառում ՝ հնարավոր է իր թիկունքում լինեն գործընթացներ։ Լրագրողների այն հիշեցմանը, թե գոռգոռացել էր, ասել՝ վախեցան, չեկան լսումների, Անդրանիկ Քոչարյանն այսպես արձագանքեց․ «Ո՞վ է գոռացել։ Դուք շատ լավ արդեն սովորել եք՝ երբ եմ ես ձայնս բարձրացնում, երբ իջեցնում։»։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Արգիշտի Քյարամյանն ու Հովիկ Աղազարյանը ԱԺ լսումների ժամանակ այնպիսի թեմաներ են շոշափել, որը չի կարող քննարկման առարկա չլինել․ «Խմբակցության ներքին լսման առանցքային հարցերից մեկը լինելու է դա»։

Լրագրողների դիտարկմանը՝ ասում են՝ ՔՊ-ում թևերի են բաժանվել՝ քոչարյանական, սիմոնյանական, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Ոչ Ռոբերտ Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի․․․․․Անդրանիկ Քոչարյանի թևը պաշտպանության հանձնաժողովի անդամներն են, որոնց հետ մենք ներդաշնակ աշխատում ենք։ Եթե թևեր առաջանան, մեր պետությունը մտածելու, մտահոգվելու տեղ պիտի ունենա»։

Լրագրողները հարցրին՝ ՔՊ-ի տունը կռիվ չի՞ ընկել, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Ամեն տեղ էլ կարող է կռիվ ընկնել։ Կարևորը ձեռնամարտի կամ կրակոցների չվերածվի»։

Մյուս հարցին՝ մի՞թե այս լուրերը պատահական են, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Լուրերն, իհարկե, պատահական չեն, ինձ միամիտ մարդու տե՞ղ եք դրել։ Թե ինչ նպատակ ուներ արտահոսքը, դա ակնհայտ է»։

Լրագրողները թվարկեցին անուններ՝ Հրաչ Հակոբյանը, Արմեն Փամբուխչյանը, Տիգրան Ավինյանը, Սիսակ Գաբրիելյանը՝ ունե՞ն առիթ ու պատճառ, որ կարող էին դժգոհություն ունենալ իրենից, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Ինչ-որ տեղեկությունների եք տիրապետում, որին ես չեմ տիրապետում։ Փամբուխչյանի հետ վերջին անգամ շփում ունեցել եմ, երբ ղեկավարել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, և հաշվետու էր մեր հանձնաժողովի առաջ։ Որպես Երևանի փոխքաղաքապետ՝ մի հեռախոսային շփում ենք ունեցել։ Երբ Արմեն Խաչատրյանի հետ գտնվում էինք «Արագած» գործարանում, այցելության ավարտից հետո, զանգել, ասել եմ, որ ինչ-որ չինովնիկներ թույլ չեն տալիս գործարանից 300 մետր հեռավորության վրա հոսանքը միացնեն ենթակայանին, և հոսքագծերը սկսեն տեղադրել։ Ինձ թվաց՝ հարցը լուծված է։ Մեկ ամիս հետո իմացել եմ, որ հոսանքը ոչ միայն միացած չէ ենթակայանին, այլ հակառակ որոշում են կայացրել, որ պետք է միանա Զովունու ենթակայանին։ Դա արդեն վերջն էր։ Մեր հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ, երբ Արմեն Խաչատրյանը հարց էր բարձրացրել և ներկայացրել, որ ինչ-որ չինովնիկներ խանգարել են գործընթացների, ասացի, որ անուն, ազգանուններ տա։ Երևանի քաղաքապետին դրանք տալուց 15 րոպե հետո թույլտվությունը գործարանին տվեցին։ Այդ շփումն է եղել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031