Գոռ Վարդանյանի նոր՝ «Կայսրության թեւերը» ֆիլմի այն տեսարանը, որտեղ միմյանց հետ փողոցային ժարգոնով խոսող ու միմյանց վրա հարձակվող դեռահասների հանցախմբեր են, մեծ աղմուկ է առաջացրել հանրության շրջանում:
Aravot.am-ը հոգեբան Եվա Օհանյանից հետաքրքրվեց՝ ինչպես կարող է այդ ամենն անդրադառնալ ոչ միայն ֆիլմում նկարահանված երեխաների, այլեւ ընդհանրապես դեռահասների վրա, որոնք կարող է դիտել այդ ֆիլմը:
«Ես ֆիլմը չեմ դիտել, բայց կարող եմ ասել, որ այդ ամենը շատ բացասական է անդրադառնալու: Մեր դեռահասները ամենախոցելի խումբն են, երեխաները գտնվում են տարիքային ճգնաժամում, իրենք գրեթե միշտ ունեն խնդիրներ ծնողների հետ, դրա համար ձգտում են դեպի նման խմբավորումներ, ինչը դեռահասության բացասական կողմն է:
Կարդացեք նաև
Իսկ այդ խմբավորումներում ի՞նչ են սովորում երեխաները՝ ոչ նորմատիվ բառապաշար, ծխել կամ շատ ավելի վատ բաներ, որոնց անունը չեմ ուզում տալ: Դեռահասի հոգեկանը դեռ ձեւավորված չէ, ինքն ավելի շատ զգացմունքային դաշտում է, փնտրտուքների դաշտում է, եւ եթե ընտանիքում լինում են ինչ-ինչ կոնֆլիկտներ, դեռահասը ձգտում է դեպի դուրս, դեպի չակերտավոր հեղինակություններ: Եվ այդ սարսափելի օրինակները սովորեցնում են երեխաներին, որ կարող են ընդգրկվել նման խմբավորումներում, ապրել դրանց անառողջ կանոններով:
Իհարկե, լինում են դեպքեր, երբ ծնողներն ուժեղ են, երեխայի հոգեկանն ավելի ուժեղ է, դրա համար կարողանում է այդ փուլը հաղթահարել, բայց կարող են լինել նաեւ խեղաթյուրված ճակատագրեր… Նորից եմ կրկնում՝ դեռահասներն ամենախոցելի խումբն են, իսկ նման տեսարանները ֆիլմերում պետք է արգելվեն օրենքով»,-ասաց հոգեբանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ