Լրահոս
Օրվա լրահոսը

COP 29-ին ընդառաջ UWC Դիլիջանը և ՄԱԶԾ-ն համատեղ հյուրընկալեցին Հայաստանի երիտասարդների տեղական համաժողովը

Հոկտեմբեր 30,2024 15:52

Կլիմայի փոփոխության համաժողովին (COP 29) ընդառաջ UWC Դիլիջանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)հետ համագործակցությամբ կազմակերպեցին Երիտասարդների տեղական համաժողով (LCOY) Հայաստանում՝ «Կլիմայական «արդարությունն» ու դրա նշանակությունը Հայաստանում և աշխարհում» թեմայով:

Երկրորդ տարին անընդմեջ UWC Դիլիջանն ստացել է համաժողովը Հայաստանում անցկացնելու իրավունք։ Միջոցառումը նախաձեռնել էին UWC Դիլիջանի մի խումբ ուսանողներ, ովքեր հանձնառու են իրենց ներդրումն ունենալու կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանության հրատապ հարցերի լուծման գործում։ Համաժողովին մասնակցում էին 14-18 տարեկան շուրջ 140 երիտասարդ Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Իջևանի, Դիլիջանի և այլ բնակավայրերի ավելի քան 20 դպրոցներից։ Հատուկ հյուրերի թվում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները։

Համաժողովը հարթակ է տրամադրում երիտասարդներին կլիմայի հարցերի վերաբերյալ քննարկում ծավալելու և կայուն զարգացման ակտիվիզմին նախապատրաստելու համար: Տվյալ դեպքում շեշտը դրվել էր առավել խոցելի խմբերի վրա կլիմայի փոփոխության հետևանքների ազդեցության հարցերի վրա։

Համաժողովը բացվեց UWC Դիլիջանի տնօրեն Ադամ Արմանսկիի և Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի ողջույնի խոսքով: Խոսնակները կարևորեցին երիտասարդների ներգրավվածությունը կլիմայի փոփոխությանն առնչվող գործողություններում, ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական մակարդակում։

«Դուք վաղվա առաջնորդները չեք, դուք այսօրվա առաջնորդներն եք։ Ձեր ձայները, ձեր կատարած ընտրությունը և ձեր ակտիվությունը կայուն ապագա կերտելուն ուղղված ուժ է։ Ձեր նորարարությունը, եռանդն ու ստեղծարարությունն են, որ խթանելու են փոփոխություններ։ ՄԱԶԾ-ն ակտիվորեն աշխատում է ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում՝ խթանելու կայուն զարգացման լուծումներ»,- իր խոսքում նշեց Նաթիա Նացվլիշվիլին։

Մասնակիցներին հատուկ տեսաուղերձով դիմեց «The Elders»-ի նախագահ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, որին հետևեց Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի արտաքին կապերի պատասխանատու Կիրի Ատրիի ելույթը: Կիրի Ատրին հանգամանորեն անդրադարձավ փախստականների և տեղահանված անձանց վրա կլիմայի փոփոխությունների ազդեցության, ինչպես նաև կլիմայական փոփոխություններով պայմանավորված միգրացիայի խնդիրներին։

 

Ելույթներին հետևեց պանելային քննարկում և թեմատիկ սեմինարներ կլիմայի և բնապահպանական ոլորտի հայ առաջատար մասնագետների մասնակցությամբ և ղեկավարությամբ: Խոսնակների թվում էին Դիանա Հարությունյանը՝ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության հարցերով ավագ խորհրդատու, Վիգեն Շիրվանյանը՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աղետների ռիսկերի նվազեցման / կլիմայի փոփոխության պատասխանատու, Վարդան Մելիքյանը՝ բնապահպանության նախկին փոխնախարար և բնապահպանական հարցերի խորհրդատու, և Լուսինե Մանուչարյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման և կլիմայի փոփոխության ավագ խորհրդատու։

Սեմինարների ընթացքում մասնակիցներն անդրադարձան կլիմայական արդարությանն առնչվող տարբեր հարցերի, այդ թվում կլիմայի ազդեցությունը երեխաների և երիտասարդների վրա: Քննարկվեցին տվյալ ոլորտում Հայաստանի ձեռքբերումները և բարելավման կետերը, միջազգային համագործակցության դերը կլիմայի փոփոխության համատեքստում, երիտասարդական ակտիվիզմի կարևորությունը հանուն առավել արդար ու հավասար պայմանների։

Համաժողովի ընթացքում մասնակիցներն այցելեցին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքի և ՄԱԶԾ-ԿԿՀ կողմից համաֆինանսավորվող ծրագրով էներգաարդյունավետության նպատակով արդիականացված շահառու շենքեր: Այցի ընթացքում ՄԱԶԾ-ի աշխատակիցներ Դիանա Հարությունյանն ու Անդրե Օհանյանը ցուցադրեցին կլիմայի փոփոխության ազդեցությունները կայուն լուծումների միջոցով մեղմելու կիրառական օրինակներ։

Համաժողովի երկրորդ մասում կազմակերպվել էին աշխատարաններ, որոնց ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, թե ինչպես կարելի է առօրյայում կայուն գործելակերպ որդեգրել ՝ թղթի վերամշակումից ու մնացորդային յուղերից օճառ պատրաստելուց մինչև վայրի բույսերի կիրառություն։

Երիտասարդների տեղական համաժողովի ավարտին մասնակիցները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը ներկայացվելու է YOUNGO-ին՝ ՄԱԿ-ի երիտասարդական հարթակին, որն առաջնորդում է երիտասարդների տեղական համաժողովները աշխարհի տարբեր մասերում՝ երիտասարդներին ներգրավելով որպես կլիմայի փոփոխության հարցերի ակտիվիստներ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Հայաստանում Երիտասարդների տեղական համաժողովի կայքը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031