«Այս պահին վերահսկողություն ենք իրականացնում 20 խոշորագույն պետական 50 տոկոս եւ ավելի բաժնեմաս ունեցող ընկերություններում, որտեղ նախորդ տարվա ֆինանսական փաստաթղթերում ֆինանսական տվյալների ուղղումներ ենք նկատել։ Եվ ծախսագրումների նվազեցման, եկամուտների աճի ֆոնին խնդիր է առաջացել՝ պետության շահաբաժինների 50 տոկոսում, որն օրենքով պետք է փոխանցվի պետբյուջե, անճշտություններ ենք այնտեղ հայտնաբերել։ Անճշտությունների ընդհանուր գումարը մոտ 800 մլն դրամ է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
Նա նշեց, որ այդ 20 խոշոր ՓԲԸ-ներից 5-ում ամեն ինչ կարգին էր, որեւէ խնդիր չեն հայտնաբերել, իսկ 15-ում ֆինանսական անճշտություններ են եղել։ Եվ այդ 800 մլն դրամ գումարից մոտ 460 մլն դրամ լրացուցիչ շահաբաժին էր գոյացել, որը պետք է վերականգնվի պետբյուջե, որից 40 մլն դրամ այս պահին արդեն վերականգնված է։
«Վերահսկողություն ենք իրականացնում նաեւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտում։ Մի շարք պետական բժշկական հաստատություններում վարչապետի հանձնարարությամբ վերահսկողություն ենք մեկնարկել մի երեւույթի բացահայտմամբ պայմանավորված, երբ պացիենտները 100 տոկոս պետական պատվերով իրենց առողջապահական ծառայություններից օգտվում են, տվյալ ԲԿ-ները փոխհատուցվում են պետբյուջեից, սակայն, այսպես ասած, նվիրատվության պայմանագրերով լրացուցիչ գումարներ են գանձվում պացիենտներից։ ՊԵԿ-ի տեսակետից խնդիր չկա, քանի որ այդ ամենը փաստաթղթավորված է, եւ եկամուտներ են պահանջվում։ Բայց խնդիրն այդտեղ ավելի շատ սոցիալ-մշակութային է։ Քանի որ պետբյուջեն պետական պատվերով իրականացնում է բուժառուի ամբողջ ծառայությունը, մենք գտնում ենք, որ տվյալ բժշկական հաստատությունը որեւէ իրավական ու բարոյական իրավունք չունի նվիրաբերություն ակնկալել պացիենտներից։ Պետք է ուրախությամբ նշեմ, որ արդեն երկու ԲԿ-ների առաջարկել ենք, հորդորել ենք, որպեսզի նվիրաբերությամբ ստացված գումարները վերադարձնեն մեր քաղաքացիներին»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։
Նա հավելեց, որ մեկ անձից գնումները խնդրահարույց են համարում, բայց ոչ բոլոր գնումներն են մեկ անձից կատարվում։ Եռամսյակային կտրվածքով պետական կառավարման համակարգում իրականացվում է շուրջ 2800-3000 հանրային գնում, եւ այդ ընդհանուր ծավալի մեջ մեկ անձից գնումները չնչին տոկոս են կազմում։
Կարդացեք նաև
Անդրադառնալով «ատկատների» մասին հարցին՝ ՊՎԾ ղեկավարն ասաց․ «Ատկատ երեւույթն ինքնին քրեաիրավական գնահատականի ենթակա երեւույթ է։ Պատասխանատու կերպով կարող եմ ասել, որ լայնածավալ համակարգային «ատկատների» դարաշրջանը վաղուց արդեն անցած է մեր երկրում։ Իսկ եթե կան նոր մեթոդներ, որոնք կիրառվում են պետական գնումներում, ես ձեզ կխնդրեմ կամ մեզ փաստեր ներկայացնել, կամ իրավապահներին հաղորդում ներկայացնել»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ