Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակի ընթացքում ժամանակակից արվեստը դառնում է դասական, ավանգարդ, նույնիսկ ավանդական, ինչպես «ՀայԱրտ» մշակութային երկխոսության ծրագրերում

Հոկտեմբեր 30,2024 15:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2007-ին Երևանում կայացավ իր ընդգրկմամբ բացառիկ փառատոն` «Ավանդական, դասական և ավանգարդ արվեստի փառատոն», որն իր մեջ ներառեց արվեստի բոլոր տեսակները, իր բոլոր ժանրերով ու դրսևորումներով` հինը, նորը և գալիքը: Ժամանակի ընթացքում «ժամանակակից արվեստը» դառնում է «դասական», «ակադեմիական», նույնիսկ «ավանդական» և իր տեղը զիջում է արվեստի նոր տեսակներին, որոնք, որպես կանոն, ընդունվում են չափազանց վիճահարույց, անընդունելի ճանապարհներով, բայց հետո դառնում են նոր ժամանակի արվեստի ամուր հենարան:

Հանճարեղ Պաբլո Պիկասոն իր 90-ամյակի առթիվ ասված շնորհակալական խոսքում նշում է, որ ինքը ուզում էր ստեղծել նկարչական նոր ու անսովոր պատկերներ, քանի որ դրա խիստ պահանջը կար և իրենից ավելի նորն էին պահանջում, ինքն էլ ավելի նորն էր ստեղծում, բայց երբ մեն մենակ կանգնում էր հայելու առաջ ինքն իրեն հարց էր տալիս, արդյոք ինքը նկարի՞չ է, թե՞ ոչ և ինքն իրեն պատասխանում էր, ավելի շուտ` ոչ: Նկատենք, որ այս մասին ասում է իր ժամանակի ամենաժամանակակից մեծագույն վարպետ արվեստագետը:

Ժամանակակից արվեստի շուրջ իր դիտարկումները, մտորումները մեզ հետ կիսեց ոլորտի ճանաչված մասնագետ՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ, «Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալե»-ի հիմնադիր, «Հայ Արտ» մշակութային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանը:

Մեր զրուցակցից նախ հետաքրքրվեցինք, թե երկար տարիներ ուսումնասիրելով ժամանակակից արվեստը տարբեր դրսևորումներում, հատկապես կերպարվեստում ինչպես է վերաբերում հանրության բավականին ստվար հատվածի այն վերաբերմունքին, երբ ժամանակակիցը պիտակավորվում է «խզբզոց», «անկապ շարժումներ», «ձայների աղմուկ» և նմանատիպ արտահայտություններով:

«Իհարկե, յուրաքանչյուր երևույթի հանդեպ մեր վերաբերմունքը պայմանավորված է կրթությամբ. և ներքին, և արտաքին: Արվեստի հանդեպ վերաբերմունքն առավելապես պայմանավորված է կրթական համակարգի գոյությամբ: Վերջինս, արվեստասեր հանրության ձևավորման համար սկիզբ է առնում մանկության, պատանեկության և հասունության շրջափուլերում և նշված ժամանակահատվածներում կառուցվում է ծնողների, դաստիարակների, ուսուցիչների, դասավանդողների և պետության կողմից ամրագրված մշակութային քաղաքականության միջոցով» ,- ասաց տիկին Հարությունյանը:

Նրան հիշեցրինք օգոստոսի 23-ից հոկտեմբերի 13-ը «Հայ Արտ» կենտրոնի ներկայացրած «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային Բիենալե, Երևան 2019»-ի ընտրանու ցուցադրությունը,որին հետևեց տիկնոջ խոսքը. «Մեր կենտրոնում հինգ տարի անց ներկայացվող հետահայաց ցուցադրությունը հնարավորություն ընձեռեց այցելուներին կրկին վերհիշել , ոմանց գուցե ծանոթանալ «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային Բիենալե, Երևան 2019»–ի մրցանակակիրներին, որոնց գեղարվեստական թերթերը կազմում են երևանյան միջազգային Բիենալեի հավաքածուի մաս: Ի դեպ, այս ցուցադրությունը կազմակերպվել էր «Գեղարվեստական տպագրության հոբելյանական հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025»-ին ընդառաջ:

Վերջերս «Հայ Արտ» կենտրոնը, համագործակցելով «Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային Բիենալե»-ի կազմկոմիտեի հետ. առաջին անգամ Հայաստան և այդպիսով՝ տարածաշրջան էր հրավիրել Նորվեգիայի Սոնյա թագուհու կողմից հիմնադրված համանուն, գեղարվեստական տպագրության ոլորտում տարեկան մրցանակաբաշխություն իրականացնող «Սոնյա թագուհի հիմնադրամ»-ի տնօրեն տիկին Թրուդե Գոմնես Ուգլեստադին՝ «Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025»-ի հայտերի ընդունման մեկնարկը ազդարարելու նպատակով: Պաշտոնապես մեկնարկեց «Գեղարվեստական տպագրության Հոբելյանական Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025»-ի հայտերի ընդունման փուլը: Եվ այսպիսով, Հայաստանում, մասնավորապես՝ գեղարվեստական տպագրության ոլորտում նոր համագործակցությունների, միջազգային արվեստագետների ներկայության համար նոր հնարավորություն ստեղծվեց»-տեղեկացրեց Սոնա Հարությունյանը:

Հավելենք, որ տիկին Թրուդե Գոմնես Ուգելստադը համագործակցում է Նորվեգիայի մշակույթի նախարարության և Նորվեգիայի Արվեստի խորհրդի հետ՝ որպես Արվեստագետների պետական դրամաշնորհների նախագահ: Ուգելշտադը Նորվեգիայի Ժամանակակից արվեստի գրասենյակի խորհրդի նախագահն է և վեց տարի շարունակ աշխատել է Արհեստների համաշխարհային խորհրդի միջազգային և եվրոպական խորհրդի կազմում:

 

 Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031