Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ մեդալները չեմ հաշվառում, չեմ դնում՝ գրում, թե որ թվին ինչ ստացա եւ ինչի համար, լուրջ չէ»․ Արգիշտի Քյարամյան

Հոկտեմբեր 30,2024 13:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հերքում է ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հայտարարությունը, թե Քյարամյանն իր աշխատասենյակում խոշտանգել է իրեն։ Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե իր աշխատասենյակում էլեկտրաշոկ ունի՞, մարդկանց խոշտանգո՞ւմ է, Քյարամյանը պատասխանեց․ «Իրականում այս հարցը բավական երկար ժամանակ քննարկվում է, եւ միայն այդ անձը չէ։ Քննչական կոմիտեում նույն վարույթով եւս մի քանի անձինք են նմանատիպ հաղորդումներ տվել։ Եվ դրա վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է քրեական վարույթ, որը կարճվել է։ Այդ թվում՝ նաեւ իրավական գնահատական են տվել իմ արարքին եւ այդ վարույթով անցնող ՔԿ այլ ծառայողների արարքներին։ Ես անձամբ վարույթի նյութերին չեմ ծանոթացել, ես նույնիսկ հարցաքննության չեմ մասնակցել, հրաժարվել եմ ցուցմունք տալուց, որովհետեւ ՔԿ նախագահի լայն գործառույթների շրջանակում ցանկացած վարույթով կարող է զրպարտություն հնչել։ Եվ եթե այդ բոլոր վարույթներով ես գնամ եւ մասնակցեմ նախաքննությանը կամ լուրջ վերաբերեմ նրանց, ուղղակի չեմ կարողանա․․․»։

Հարցին, թե մամուլում հրապարակում էր եղել այն մասին, որ երբ Արգիշտի Քյարամյանը 1,5-2 տարի առաջ հանդիպել է անհետ կորած եւ զոհված զինծառայողների ծնողների հետ, քաշքշուկ է տեղի ունեցել, նա պատասխանեց․ «Դուք պարբերաբար այդ հարցը տալիս եք, բայց դրա հետ կապված էլ ընդամենը մեկ բան կասեմ՝ տեսագրություն կա։ Մենք այն ժամանակ հարմար չհամարեցինք այդ տեսագրությունը հրապարակել, բայց իրականում մեր այդ սենյակը տեսագրվել է։ Դրա վերաբերյալ էլ ԱԱԾ-ում են նյութեր նախապատրաստվել, քննիչը եկել է, տեսագրությունը զննել է, զարմացել է»։

Արգիշտի Քյարամյանի ձեռքին խաչ կար, լրագրողները հետաքրքրվեցին՝ ըստ լուրերի՝ դա հանցագործ աշխարհից ուղարկված խաչ է։ «Չէ, Տաթեւի վանքում պատրաստված խաչ է»,- արձագանքեց Քյարամյանը։

Իր մեդալների վերաբերյալ հարցին անդրադառնալով, թե որ ծառայությունների համար է դրանք ստացել, Քյարամյանը պատասխանեց․ «Հաշվառում այդ հարցով չի արվում, կարեւորելով հանդերձ՝ չեմ դնում գրում, թե որ թվին ինչ ստացա եւ ինչի համար։ Եվ այդ հարցին անդրադառնալն իմ տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ ես երբեք չեմ կարեւորել ինձ տրված պարգեւները կամ մեդալները, այդ մարդիկ գտել են նպատակահարմար, տվել են։ Կներեք, բայց դա լուրջ խոսակցություն չեմ համարում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031