Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր աջակցությունը Հայաստանին լիակատար է ու աննախադեպ». Սյունիքում է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը

Հոկտեմբեր 30,2024 13:44

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզի համայնքապետերի հետ ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են շրջանի 6 քաղաքների քաղաքապետեր ու փոխքաղաքապետեր:

Մեր մարզի ու Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև համագործակցությունը նոր փուլ է մտնում՝ արդեն երկու կողմի համայնքների մակարդակով՝ որպես շարունակություն 2023-ի գարնանը Սյունիքի ու Ֆրանսիայի այս ռեգիոնի միջև Տաթևում կնքված համագործակցության համաձայնագրի։

Մարզի յուրաքանչյուր համայնք «քույրանալու» գործընթաց է սկսել Օվերնյ-Ռոն-Ալպի քաղաքներից մեկի հետ, որը նախաձեռնվել ու կյանքի է կոչվել մարզպետի աշխատակազմի ջանքերով։

Ժամանած քաղաքապետերն ու պաշտոնյաներն այս օրերին կլինեն մարզի այն համայնքներում, որոնց հետ համագործակցության հիմք է դրվել, իսկ նոյեմբերին արդեն Ֆրանսիայում՝ Լիոն քաղաքում կայանալիք «Օվերնյ-Ռոն-Ալպ – Հայաստան/Սյունիք» միջոցառման շրջանակում կկնքվեն համագործակցության հուշագրեր համապատասխան զույգ համայնքների միջև։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ողջունեց բարեկամ ռեգիոնի պատվիրակության անդամներին ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին և շնորհակալություն հայտնեց այցի համար։

«Շնորհակալություն եմ հայտնում նաև այն մեծ աշխատանքի համար, որ իրականացվել է մինչ այս պահը երկկողմ համաձայնագրի շրջանակում, – նշեց մարզի ղեկավարը, – հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում, իսկ այսօր նախադեպը չունեցող ապակենտրոնացված համագործացության հիմք ենք այստեղ ստեղծում, որը, վստահ եմ՝ երկար է տևելու ու՝ ի շահ մեր երկու ժողովրդի»։

Ռոբերտ Ղուկասյանը նաև ասաց, որ արդեն մեկ տարի է՝ երկու կողմերի միջև բազմաթիվ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել, որի նպատակն այն էր, որ համագործակցությունն ի սկզբանե դրվի մասնագիտական ուսումնասիրությունների հենքի վրա։

«Շատ ենք կարևորում նաև փոխադարձ այցելությունները, որոնք լավ մեկնարկ են երկարատև ու ճիշտ համագործակցության համար․ հիմա համայնքների մակարդակ տեղափոխելով այս համագործակցությունը՝ պատրաստակամ ենք մշտապես խորացնել ու ընդլայնել այն», – եզրափակեց մարզպետը։

Թիերի Կովաքսը հիշեցրեց, որ երկու մարզերի միջև կնքված համաձայնագրի շրջանակում համագործակցությունը հիմնականում կզարգանա առողջապահական, տնտեսական, գյուղատնտեսական, մասնագիտական կրթության ոլորտներում։

Օլիվիե Դըկոտինյին կարևորեց այցն ու համագործակցության խորացման ուղղությամբ կատարվող այս քայլը՝ այն համարելով հայ-ֆրանսիական բարեկամության և համերաշխության ևս մեկ դրսևորում։

«Մեր աջակցությունը Հայաստանին լիակատար է ու աննախադեպ, և Սյունիքն այն մարզն է, որտեղ առավելագույնս է տեսանելի այդ աջակցությունը», – ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։

Հանդիպումից հետո Սյունիքի մարզպետը, մարզպետի աշխատակազմի անդամները, մարզի համայնքների ղեկավարները, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակության անդամներն այսօր ծաղկադրում են կատարել Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում։

Սյունիքի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031