Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ իր հայտարարությունների կապակցությամբ Քննչական կոմիտեի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Շատ նորմալ է, եթե քրեական վարույթ հարուցելու հիմքեր եղել են, ապա որեւէ կերպ չեմ կարող գնահատական տալ գործընկեր նախաքննական մարմնի կողմից հարուցված քրեական վարույթին։ Ինձ հարցաքննության չեն կանչել, կա քրեական վարույթ, եւ այս առումով որեւէ այլ մեկնաբանություն տալու ոչ իրավական հիմք ունեմ, ոչ էլ կոռեկտ է»,- ասաց Քյարամյանը։
Լրագրողները հարցրին՝ ովքե՞ր են Արգիշտի Քյարամյանին զանգել պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործով։ «Ես ինչ ասել եմ, դրանք փաստերով հիմնավորվող բաներ են, սակայն գոյություն ունի նախաքննական մարմնի վարույթում առկա գործ, բացարձակ կոռեկտ չէ եւ իրավական տեսանկյունից էլ ճիշտ չեմ համարում այդ հարցին անդրադառնալ»,- ասաց նա։
Արգիշտի Քյարամյանը նշեց, որ ոչ բոլոր միջամտություններն են, որոնք հանցավոր կարող են համարվել․ «Ես դա չեմ համարել հանցագործություն»։ Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ բարձրաձայնեց այդ մասին, Քյարամյանը պատասխանեց․ «Որովհետեւ ոչ միայն հանցագործություններ են բացահայտվում, այլ նաեւ երեւույթները»։
Կարդացեք նաև
Արգիշտի Քյարամյանը, անդրադառնալով ԱԺ լսումների ժամանակ տեղի ունեցած հայտնի միջադեպին, ասաց․ «Խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ։ Եվ, հետեւաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառնալու իմաստ չեմ տեսնում։ Ես, օգտվելով այս պատեհ առիթից, ուզում եմ ափսոսանք հայտնել Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար, առավել եւս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաեւ ինձ է վերաբերում»։
Քյարամյանն ասաց, որ այս հարցով Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցություն չի ունեցել։
Հարցին, թե հանրությունից ներողություն կխնդրի՞, նա պատասխանեց․ «Եթե հանրությունն ընդհանուր խնդիր է տեսնում, եւ վստահ եմ, որ տեսել է, իհարկե, դա ինձ համար բացարձակ խնդիր չէ։ Իհարկե, պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, եթե հանրությունն իմ ցանկացած գործողությունում խնդիր է տեսնում։ Դա ինձ համար բավական հաճելի իրավիճակ է»։
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ պատրաստվո՞ւմ է հրաժարական ներկայացնել։ Արգիշտի Քյարամյանը միայն պատասխանեց՝ ինչո՞ւ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ