Լրահոս
Օրվա լրահոսը

Քոթբուսի կինոփառատոնում կկայանա հայկական ֆիլմի համաշխարհային պրեմիերան 

Հոկտեմբեր 30,2024 12:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 5-ից 10-ը, Գերմանիայի Դաշնության Քոթբուս քաղաքում անցկացվելու է Արևելյան Եվրոպայում կինոյի առաջատար միջազգային փառատոներից մեկը՝ Քոթբուսի կինոփառատոնը (The FilmFestival Cottbus (FFC))։

1991թ.-ին հիմնադրված այս փառատոնը կենտրոնացած է նախկին սոցիալիստական երկրների իրավահաջորդ անկախ պետությունների, ինչպես նաև նրանց հետ տնտեսապես ու մշակութային սերտ համագործակցության մեջ գտնվող անմիջական հարևան երկրների՝ Ֆինլանդիայի, Հունաստանի և Թուրքիայի ֆիլմերի ներկայացման վրա:

Քոթբուսը նաև Համատեղ Արտադրության շուկա է՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և նախկին խորհրդային երկրների կինոմատոգրաֆիստների հանդիպման վայր։ Ամեն տարի հատուկ ընտրված տարածաշրջանը ներկայացնող որևէ երկրի թեմատիկ ծրագրերի բաժինները հանդիսատեսին եզակի հնարավորություն են տալիս տեսնելու Արևելյան Եվրոպայի լավագույն ֆիլմերը, որոնք նշում են իրենց համաշխարհային, միջազգային կամ գերմանական պրեմիերաները Քոթբուսում:

Այս տարի Քոթբուսը ուշադրությանն է արժանացել հայկական կինոն։ Փառատոնի՝ «Հայաստանը խոշոր պլանով» ծրագրի շրջանակներում, նոյեմբերի 6-ին տեղի կունենա  Հայաստանի, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի կինեմատոգրաֆիստների կողմից արտադրած, հայկական «ԲԵՔՍԹԵՅՋ» խաղարկային լիամետրաժ ֆիլմի (ռեժ․ Հովհաննես Գալստյան) համաշխարհային պրեմիերան։ Ցուցադրությանը կհաջորդի ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանի, պրոդյուսերներ Անի Գալստյանի, Լաուրա Քլևերի և Ադոլֆ Էլ Ասսալի ասուլիսը՝ հարց ու պատասխան ձևաչափով։

«Բեքսթեյջ» ֆիլմի իրավատեր Էնսո Ֆիլմզ կինոընկերության հիմնադիր, պրոդյուսեր Անի Գալստյանը «Հրավիրված Հյուրի» կարգավիճակով կներկայացնի Հայաստանը կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Connecting Cottbus» կինոշուկայում։

Ի դեպ, չնայած Քոթբուսի կինոփառատոնը և կինոշուկան ներառված է ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների» ցանկում, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նպատակահարմար չի գտել հոգալ հայկական պատվիրակության ծախսերի անգամ չնչին մասը։ Այցը կկայանա փառատոնի կազմակերպիչների, ֆիլմի արտադրողների և «Գյոթեի Ինստիտուտի» աջակցության շնորհիվ։

Ֆիլմի մասին․

Երևանի Բալետի Պետական Թատրոնի գեղարվեստական ղեկավար Գաբրիելը, Կաֆկայի «Մետամորֆոզի» վրա հիմնված՝ միջազգային կարևորության իր բալետի պրեմիերայից չորս ամիս առաջ, խմբից հեռացնում է Նորային՝ պրիմա պարուհուն։ Մինչ Գաբրիելը ու նրա նոր պրիման՝ Ժանետը մտերմանում են, Նորան դավադրությունների շարք է հյուսում Գաբրիելի ճանապարհին, և շուտով ի հայտ են գալիս հափշտակության մեղադրանքներ նրա դեմ։ Գաբրիելը առերեսվում է մի համակարգի հետ, որը նրան մեղավոր է համարում՝ առանց որևէ ստույգ ապացույցի։ Իր տեսլականի իրականացման համար Գաբրիելը հայտնվում է ամեն ինչը կորցնելու վտանգի առաջ։ Ժանետը, իր հերթին, վտանգում է առողջությունն ու ապագան՝ հանուն բալետի։ Պրեմիերայի մոտենալուն համընթաց կոնֆլիկտը սրվում է, բարդ խորեոգրաֆիան՝ կինոխցիկի շրջանաձև նկարահանումներով, հասցվում է գլխապտույտ առաջացնող բարձրակետի։

Նախապատմություն.

«Բեքսթեյջը» Հայաստանի նորագույն պատմության միակ ֆիլմն է, որը ներգրավված է եղել քրեական դատավարության մեջ։ Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է 6 տարով (2018-2024թթ.)։ 2018 թվականին ֆիլմի դեմ քրեական գործ է հարուցվել Ազգային կինոկենտրոնի կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված հայտարարության հիման վրա։ 2020 թ-ին գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Սակայն Ազգային կինոկենտրոնի պաշտոնյաները դատական գործ են հարուցել քննչական մարմինների դեմ՝ նրանց մեղադրելով անփութության և հանցագործությունը քողարկելու մեջ։ Նոր դատավարությունը տևել է 4 տարի (2020-2024թթ.): 2024 թվականին քրեական դատարանն ամբողջությամբ արդարացրել է քննիչներին և վերահաստատել, որ ֆիլմի ռեժիսորի գործողություններում բացակայում է անգամ հանցանքի նվազագույն կասկածի շեմը։ 2024թ.-ին դադարեցվել է այս  արկածախնդրությունը հեղինակած կառույցի՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործունեությունը։

Եզրակացություն.

Ըստ էության, «Բեքսթեյջը» պատմություն է շղթաների մասին, որ տոտալիտար հասարակություններում իշխանությունները հմտորեն կիրառում են արվեստագետների դեմ՝ վերահսկելու համար նրանց անհատականությունն ու գործունեությունը:

ԲԵՔՍԹԵՅՋ. 99 րոպե, 2024, դրամա, art, ռեժ. Հովհաննես Գալստյան.

Դերերում՝ Խորեն Լևոնյան, Լիլիթ Հակոբյան, Վիվյեն Բաստաջյան

Հայաստան, Գերմանիա, Լյուքսեմբուրգ

Ֆիլմը կհայտնվի Հայաստանյան կինոէկրաններին 2025թ.-ի հունվարին։

«Բեթսթեյջ» ֆիլմի թրեյլերի հղումը:

«Էնսո Ֆիլմզ» սպը

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031