Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Քոչարը խիզախող արվեստագետ էր՝ հայացքը ժամանակի մարտահրավերներին. Կարինե Քոչար

Հոկտեմբեր 30,2024 11:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի թանգարանի եւ ընտանիքի համագործակցությամբ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար – 125. Հատելով ժամանակ եւ տարածություն» խորագրով ցուցահանդեսը, որի առանցքում Քոչարի կյանքի կարեւորագույն քաղաքներն են` Թիֆլիս, Փարիզ, Երևան: Ցուցահանդեսի համադրողը Հասմիկ Բադալյանն է, անիմացիոն սրահի հեղինակը՝ Աշոտ Մարաբյանը:

«Մենք ծնունդ ենք նշում, հայ մեծության ծնունդ՝ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը: Հայկական կերպարվեստը առատ է մեծություններով, երբեմն չենք էլ գիտակցում, թե ինչ աստիճանի առատ է այն: Երվանդ Քոչարը այդ մեծություններից մեկն է: Նա մեծագույն քանդակագործ է, մոնումենտալիստ, գեղանկարիչ, գրաֆիկ, գյուտարար, նորարար, տարածական գեղանկարչության հիմնադիրն է համաշխարհային մասշտաբով եւ գեղանկարչական նոր ներկանյութի` մոմաներկի հեղինակային գյուտի հեղինակը»,- ցուցահանդեսի բացմանը նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը: Հավելեց, որ ցուցահանդեսի նախապատրաստական փուլը տեւել է ավելի քան մեկ տարի:

   

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի խոսքով, ամեն ժողովրդի համար կան արժեքներ, որոնք հավերժական են եւ անփոխարինելի, եւ յուրաքանչյուր հայացք այդ արժեքներին կարծես փոփոխում է աշխարհն ու ստեղծում իրականություն: «Երվանդ Քոչարը խիզախող արվեստագետ էր, որի հայացքը մշտապես ժամանակի մարտահրավերներին էր ուղղված. նա փորձում էր գտնել պատասխաններ եւ առաջադրել նոր հարցադրումներ: Շատ ուրախ եմ, որ աշխարհին հպարտորեն կարող ենք ներկայանալ այս մեծ արվեստագետի ժառանգությամբ…»,-նշեց տիկին Քոչարը:

 

Խոսելով Քոչարի ֆրանսիական շրջանի մասին, նա ընդգծեց՝ որ Երվանդ Քոչարը Ֆրանսիա էր հասել որպես ձեւավորված նկարիչ, բայց կատարելության է հասել հենց Փարիզում 1926-33թթ ընթացքում:

«Քոչարի արվեստը բազմակողմանի է, բազմաշերտ է, հնարավորություն է տալիս անընդհատ նոր ցուցահանդեսներ իրականացնել, որոնցից յուրաքանչյուրը յուրօրինակ երկխոսություն է մեր եւ արվեստագետի միջեւ»,-ընդգծեց Երվանդ Քոչարի թանգարանի տնօրենը:

«Պիկասոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է»,- գրել է Երվանդ Քոչարը: «Նա այդ ժամանակին սպասեց մինչեւ իր կյանքի մայրամուտը, եւ դա որպես պատգամ թողեց իր արվեստի երկրպագուներին»,-ասաց Կարինե Քոչարը:

Հավելենք, որ մաեստրո Քոչարի աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երվանդ Քոչարի թանգարանում, Ժորժ Պոմպիդու կենտրոնում (Փարիզ), Գալուստ Գյուլբենկյան թանգարանում (Լիսաբոն), Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարանում (Մոսկվա), Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ), մասնավոր հավաքածուներում։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031