«Խորհրդարանական երկրում աշխատավարձերի հիերարխիան կարծես խզված է։ Հարցս մի ընկալեք, որ ես ակնարկում եմ պատգամավորների աշխատավարձերի բարձրացում կամ իրավական համակարգի աշխատավարձի իջեցում։ Պարզապես փիլիսոփայությունը աշխատավարձերի․․․»,- այսօր խորհրդարանում, 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն այս դիտարկումները բարձրաձայնեց՝ դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։
ՔՊ-ական պատգամավորը հասկանում է՝ իրենց իշխանության հանրահռչակած՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում պետական համակարգում բարձր աշխատավարձերի անհրաժեշտությունը, կողմ է դրան, բայց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, խոսել է 3 միլիոն դրամ աշխատավարձերի մասին՝ հավելավճարներով, ինչը պատգամավորի համար անհասկանալի է։
Վահե Հովհաննիսյանն ասաց՝ ֆինանսների նախարարությունը քաղաքականություն իրականացնող մարմին չէ այս հարցում, ինքն էլ մասնագետը չէ, հետեւաբար, սիրողական մակարդակով տեսակետ չհայտնեց։ Ասաց՝ բոլորն են տեսնում՝ մի տեղ բարձր է աշխատավարձը, մի տեղ ցածր ու, բնական է, որ հարցեր են առաջանում։ Նրա կարծիքով, զգույշ եւ գիտական մոտեցում է պետք, որ չլինի այնպես, որ նման հարցեր առաջանան։
Թեման շարունակեց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ հիշեցնելով՝ 2014-ին օրենք է ընդունվել աշխատավարձերի հիերարխիկ կապի մասով՝ հանրապետության նախագահից մինչեւ ամենացածր չինի հանրային ծառայող, որտեղ կա տրամաբանություն՝ որոշումների կայացումից սկսած մինչեւ այլ պարտավորություններ։ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով, հիմա կա հիերարխիկ կապի տրամաբանության խախտում՝ հատկապես դատաիրավական համակարգում։ Վլադիմիր Վարդանյանի համար նաեւ արդյունքային ցուցանիշներն են կարեւոր, քանի որ միասնական մեթոդաբանություն չկա։
Կարդացեք նաև
Վահե Հովհաննիսյանը կրկին հստակ պատասխաններ չտվեց․ «Ձեր կողմից բարձրացված հարցերը պետք է դառնան այս հանձնաժողովի քննարկման հիմնական թեման․ թե ի՞նչ արդյունքի դիմաց ենք մենք այդ գերատեսչություններին այդքան վճարում»։ Նախարարն առաջարկեց՝ հստակ ցուցանիշներ սահմանել եւ դրանցով առաջնորդվել։ Ինքը նույն մտահոգությունը կարող է հայտնել նախարարների եւ փոխնախարարների աշխատավարձերի մասով, բայց ասում է՝ ամեն ինչ կարգավորվող է, միայն փորձ է պետք ու մի քիչ ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում
2025 թվականի պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 24 միլիարդ 365 միլիոն դրամ։ Սա 632 միլիոն դրամով ավելի քիչ է, քան 2024 թվականի համար նախատեսված գումարն էր։
«Ընթացիկ ծախսերի համար նախատեսված է 20 միլիարդ դրամ, որը 4%-ով ավելի քիչ է, քան 2024 թվականին, իսկ կապիտալ ծախսերի համար նախատեսված է 4 միլիարդ 180 միլիոն դրամ, որը 6%-ով ավելի է, քան 2024 թվականինը»,- մանրամասնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախագահի աշխատակազմին 2025 թվականի բյուջեով կհատկացվի 1 միլիարդ 658 միլիոն դրամ, որը 6.4%-ով ավելի քիչ է, քան 2024 թվականին․ «Ընթացիկ ծախսերը կկազմեն 1 միլիարդ 617 միլիոն դրամ, որը 4.1%-ով ավելի քիչ է, քան 2024-ին, իսկ կապիտալ ծախսերը կլինեն 41 միլիոն դրամ, որը 51 %-ով է ավելի քիչ է, քան՝ 2024-ին»։
Ազգային ժողովի բյուջեն էլ կկազմի 7 միլիարդ 72 միլիոն դրամ, որը պակաս է 2024-ից 2.6%-ով․ «Ընթացիկ ծախսերը կկազմեն 6 միլիարդ 815 միլիոն դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 257 միլիոն դրամ»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ