Լրահոս
Օրվա լրահոսը

Լուիս Մորենո Օկամպո. Հայերն ամբողջությամբ չեն գիտակցում իրենց ուժն ու պոտենցիալը։ Աշխարհասփյուռ հայ համայնքը կարող է փոխակերպել արդարադատության կիրառման մեխանիզմը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 30,2024 10:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարցազրույց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։

– Ձեր նախաձեռնությամբ 2024 թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին` COP-29-ին ընդառաջ մեդիա արշավ է սկսվել՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։ Դուք մի առիթով ասել եք․ «Չենք կարող թույլ տալ, որ COP-29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում»։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք, ո՞րն է Ձեր առաջարկությունը, գերիների վերադարձի հարցով ի՞նչ դրական տեղաշարժ կա։

– Մենք միայն հայերի համար չենք պայքարում, այլ պայքարում ենք աշխարհի քաղաքակրթության համար: Այն գաղափարը, որ մարդկանց վրա չեն կարող հարձակվել, սպանել կամ նրանց տեղահանել իրենց բնակավայրերից, միայն հայերի համար չէ, այդ գաղափարը ողջ քաղաքակրթության համար է: Ես շատ հպարտ եմ, որ իմ հայ ընկերները դիմեցին ինձ՝ գերիների վերադարձի հարցով իրենց օգնելու համար: Կարծում եմ՝ հայերն ամբողջությամբ չեն գիտակցում իրենց ուժն ու պոտենցիալը։ Աշխարհասփյուռ հայ համայնքը կարող է ամբողջությամբ փոխակերպել արդարադատության կիրառման մեխանիզմը: Սա է պատճառը, որ ես ե՛ւ ուրախ եմ, ե՛ւ հպարտ՝ այս գործի մեջ ներգրավված լինելու համար։ Արցախի անկումից հետո հայերը դեպրեսիայի մեջ են: Ես ընդունեցի ապրիլի 24-ի հիշատակության արարողությունների հրավերները Լիբանանից, Գերմանիայից, Ավստրիայից եւ Ուրուգվայից ու հասկացա, որ հնարավորություն կա օգնելու հայերին` հաղթահարելու այս տրավման: Եվ սա հենց այն է, ինչ արեցինք հայկական տարբեր խմբերի հետ: Մենք նախաձեռնեցինք Բաքվում պահվող հայ 23 պատանդների ազատման գործընթացը: Մենք նաեւ որոշեցինք հարգել եւ ընդունել տարբեր համայնքների կողմից առաջ մղված գաղափարներն ու սկսեցինք գործողությունները` հիմնված երեք հեշթեգների վրա. #StopGreenwashGenocide, #FreeArmenainHostages #COP29։
Սա մեզ հաջողվում է, որովհետեւ մենք կարողացանք երեք ամսում ստեղծել 5 հազար հոգուց բաղկացած խումբ՝ 30 երկրում։ Այս մեթոդը փոխում է տեղեկատվության տարածման եղանակը: Թվերը գուցե շատ մեծ չեն, որովհետեւ մենք հատուկ ծրագիր չենք օգտագործում՝ տարածելու համար, կամ վճարում՝ հանրայնացման համար, բայց թվերն աճում են: Այս արշավը մարդկանց «արթնացնելու համար» է, որ քննարկեն խնդիրը: Հետո այս քննարկումները սկսեցին տեղ գտնել լրատվամիջոցներում:

– Ձեր գործողություններին ինչպե՞ս է արձագանքում ադրբեջանական կողմը։

– Ադրբեջանը սկսեց հակազդել մեր քարոզարշավին՝ մեր դեմ վիդեոներ պատրաստելով, հոդվածներ գրելով, մեզ կոչելով «հայկական մաֆիա»: Մենք ուրախ ենք, քանի որ հաջողում ենք: Այժմ ժողովրդին Ամենայն հայոց կաթողիկոսը եւ եպիսկոպոսներն են առաջնորդում այս հարցում, որը շատ կարեւոր է: Անցյալում հայ եկեղեցին օգնել է հայ ժողովրդին, երբ նա պետականություն չի ունեցել: Ներկա պահին Հայաստանի ժողովուրդն իր եկեղեցու կարիքն ունի, իսկ սփյուռքում էլ կարիքն ունի, որ առաջնորդի եւ միավորի իր հոտին: Շատ կարեւոր նախաձեռնությամբ է հանդես գալու նաեւ եկեղեցին՝ աշխարհի տարբեր եկեղեցիներում պատանդների ազատության համար աղոթք կազմակերպելով ու հիշեցնելով,  որ մենք չենք մոռացել նրանց եւ ճնշելու ենք Ալիեւին՝  գերիներին ազատ արձակելու համար։

– Բացի «Զանգեզուրի միջանցքից», Ալիեւն էլ ի՞նչ է պահանջելու Հայաստանից եւ միջանցքը ստանալուց հետո կբավարարվի՞, թե՞ նոր պահանջներ կսկսի առաջ մղել։ 

– Ադրբեջանը պահանջում է այն, ինչ նրանք կոչում են «Արեւմտյան Ադրբեջան», այսինքն՝ պահանջում է ամբողջ Հայաստանը։ Ուստի, չեմ կարծում, որ պատանդների ազատումը կամ նույնիսկ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կավարտի հակամարտությունը։ Հայերը հասկացան, որ ցեղասպանությունը միայն անցյալում չէ. դա այն է, ինչ պետք է կանխարգելել ապագայում, եւ մենք պետք է շարունակենք այդ ուղղությամբ աշխատել։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031