Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Ռուբինյան. Սպառնալիքներ բազմիցս ստացել եմ. գտել եմ, որ իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված վիրավորանքներ են. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 30,2024 09:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննել:

Հարցաքննության առիթը եղել է ֆեյսբուք սոցիալական ցանցով օգտատեր «Ռուբեն Կասյանից» ուղարկված նամակը Ռուբեն Ռուբինյանին, որով նրան հայտնել են, որ ՔՊ գրասենյակը պայթեցրել են:

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն ՔՊ-ական պատգամավորների տան եւ գրասենյակների պայթյունի դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնել, եւ վարույթի շրջանակում կալանավորված 3 անձինք կան, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:

Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը:

Քննիչի Հարցը. Ի՞նչ տեղեկություններ կարող եք հայտնել, որոնք կարող են կարեւոր նշանակություն ունենալ սույն քրեական վարույթի համար:

Պատասխան. «Ռուբեն Կասյան» անունով, ամենայն հավանականությամբ կեղծ օգտատիրոջից, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Messenger հավելվածից ստացել եմ հաղորդագրություն, որն ինձ ուղարկվել է 2024 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 16:06-ին: Հաղորդագրության բովանդակությունը եղել է այն, որ նշված օգտատերը, օգտագործելով հայհոյանքներ, ինձ հայտնել է, որ մեր գրասենյակը պայթեցրել են: Չեմ հիշում, թե այդ հաղորդագրությունը ես կարդացել եմ Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրված լինելու մասին լուրն իմանալուց առաջ, թե հետո:

Այն օրը, երբ լրատվամիջոցներից տեղեկացել եմ, որ ՔՊ գրասենյակի մոտ ռումբ է տեղադրված եղել, Ալեն Սիմոնյանից իմացել եմ նաեւ, որ պայթյունի մասին հաղորդագրություն է ստացել Ռոմանոս Պետրոսյանը, որից հետո հիշել եմ ինձ ուղարկված հաղորդագրության մասին: Կապվել եմ Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով հաստատել է նշված հանգամանքը, նրանից տեղեկացել եմ, որ հաղորդագրությունը ստանալու դեպքով՝ դիմել է իրավապահ մարմիներին : Նրան խնդրել եմ ինձ ուղարկված հիշյալ հաղորդագրության մասով նույնպես դիմել իրավապահ մարմիններին եւ այդ նպատակով ուղարկել եմ հաղորդագրության «սքրինշոթը»:

Նշեմ, որ բացի հիշյալ հաղորդագրությունից, «Ռուբեն Կասյան» օգտատիրոջ հետ որեւէ տեսակի հաղորդակցություն չեմ ունեցել, տեղյակ չեմ, թե ով է այդ էջի փաստացի օգտատերը:

ՀԱՐՑ.Վերը հիշատակված հաղորդագրությունը ստանալուց հետո Ձեր կյանքին առողջությանը կամ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեզ համար տագնապի, անհանգստության զգացողություններ առաջացրե՞լ է, թե՞ ոչ:

Պատասխան. Սկզբում չեմ զգացել, քանի որ հաղորդագրությունը չեմ կապել ահաբեկչության հետ: Սակայն երբ հետագայում՝ 2024 թվականի փետրվարի 26-ին, տեղեկացա ՔՊ գրասենյակի մոտ ռումբ տեղադրված լինելու մասին եւ խոսեցի Ռոմանոս Պետրոսյանի հետ, բնականաբար անհանգստացա: Ի դեպ, նշված հաղորդագրությունը տեսել եմ, քանի որ բացել եմ իմ Messenger-ի «սպամ» բաժինը. ուստի հնարավոր է, որ այլ անձիք նույնպես կան, ովքեր ստացել են նման հաղորդագրություններ, սակայն չեն տեսել, քանի որ «սպամ»-ը չեն բացել:

ՀԱՐՑ. Նախկինում Ձեր կյանքին, առողջությանը կամ գույքին վնասելու սպառնալիքներ ստացե՞լ եք, թե՞ ոչ, Ձեր նկատմամբ նման գործողություններ երբեւէ կատարվե՞լ են, թե՞ ոչ:

Պատասխան. Գործողություններ չեն կատարվել, բայց սպառնալիքներ բազմիցս ստացել եմ: Դրանք չեմ գնահատել լուրջ կամ իրական. գտել եմ, որ իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված վիրավորանքներ են: Իմ անձի վերաբերյալ նախկինում ստացած սպառնալիքները չեմ կարող կապել ցուցմունքումս նշված եւ ներկայացված հաղորդագրության հետ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031