Հատվածներ Ալեքսեյ Լոսեւի «Առասպելի դիալեկտիկան» գրքից
18-րդ դարի վերջի եւ 19-րդ դարի սկզբի ռոմանտիզմն ու իդեալիզմն այդ իմաստով (սուբյեկտի պաշտամունքի – Ա.Ա.) եվրոպական առասպելաբանության բարձրակետն են: Այստեղ Սուբյեկտն աստվածացված էր իր բոլոր կողմերից… Սատանան եւ դեւն այդ ժամանակվա սիրելի կերպարներն են: Այն, որ ռոմանտիկ դեւն առանձնապես սարսափելի չէ, այլ, ավելի շուտ, միայն գեղեցիկ է եւ, ըստ էության, անվնաս, ռոմանտիզմի հիմքում ընկած սուբյեկտիվ քաղքենիության լավագույն ապացուցն է… Պեչորինը (Լերմոնտովի վիպակների հերոսը – Ա.Ա.) հետաքրքիր է եւ սարսափելի միայն գավառական օրիորդների համար:
Ահա թե ինչու ռոմանտիզմը քայլում է ձեռք ձեռքի՝ մեխանիկական մատերիալիզմի հետ: Եթե առասպելի ողջ բովանդակությունը հավաքված է սուբյեկտի մեջ, ապա օբյեկտի համար ոչինչ չի մնում, բացի չափազանցված դատարկ եւ մեռյալ սխեմաներից:
Ահա թե ինչու ռոմանտիզմը քայլում է ձեռք ձեռքի կապիտալիզմի հետ, որը ոչ այլ ինչ է, քան ռոմանտիկ տնտեսություն, քանի որ ակտիվ գործարարի եւ պասիվ բանվորի հակադրությունը հենց ռոմանտիզմի փոխադրությունն է տնտեսական ոլորտ:
Ահա թե ինչու ռոմանտիզմը քայլում է ձեռք ձեռքի արտադրության եւ ընդհանրապես կյանքի մեքենայացման հետ. քանի որ բովանդակությունից զուրկ օբյեկտիվ սոցիալական կյանքը (ամբողջ բովանդակությունը փոխադրված է սուբյեկտ) կարող է լինել միայն մեռյալ եւ դատարկ սխեմաների թագավորություն, որը գործարկվում է ամենազոր սուբյեկտի կողմից:
Մեքենան անշնորհակալ է եւ կոպիտ: Դրա մեջ երեւում է անտաղանդ քաղքենու չարացած դեմքը, որը ցանկացել է բռունցքների եւ փայտի միջոցով դառնալ հանճարեղ: Մեքենան ոգու կատաղած գորշություն է, դաժան եւ ստախոս՝ սատանայի նման:
Ալեքսեյ Լոսեւը (1893-1988) ռուս փիլիսոփա է, բանասեր, թարգմանիչ, «աշխարհիկ վանական»: «Առասպելի դիալեկտիկան» աշխատության մեջ (1930) նա սուր հակադրության մեջ է մտնում պաշտոնական՝ մարքսիստական գաղափարախոսության հետ, ինչի համար դատապարտվել էր ազատազրկման, որտեղ գրեթե ամբողջապես կորցրել էր տեսողությունը: Մեջբերված հատվածը վերցրած է գրքի «Լրացումներից», որոնք հրապարակվել են միայն 1990-ական թվականներին:
Պատրաստեց եւ թարգմանեց Արամ Աբրահամյանը
Բնաւ ծանօթ չէի: Մի քիչ պրպտեցի, շատ հետաքրքրական է:
Փիլիսոփայ մըն է, որ սակայն միաժամանակ, ձեւով մը՝ «բանաստեղծ» է…: Կ’ենթադրեմ որ ասիկա ռուսական իւրայատկութիւն մըն է: Երբ որ, խառնուածքի բերումով, անհնար է միտքը լրիւ անջատել զգացումներից:
Դժբախտաբար «myth» բառին հայերէնը չունինք («միֆ»ը անճոռնի յօրինում մըն է), եւ ստիպուած ենք «առասպել»ի թարգմանութեամբ գոհանալ: