Սահմանադրական դատարան դիմած քաղաքացու ներկայացուցիչ փաստաբանը հայտնել էր, որ իր վստահորդը նույն անձնագրով մասնակցել եւ մասնակցում է Հայաստանի Հանրապետության բոլոր դատական ատյաններում քննվող գործերով, նրա անձնագրի նոտարական վավերացումը ներկայումս օբյեկտիվորեն չի կարող կատարվել այն պատճառաբանությամբ, որ դիմողը բացակայում է Հայաստանից:
2024 թվականի սեպտեմբերի 24-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ալեքսանդր Սահակյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյանի դիմումը: Այն վերադարձվել է: 2024 թվականի հոկտեմբերի 1-ին Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի՝ թիվ Ա/0773-2024 գրությամբ դիմումը վերադարձվել է այն հիմնավորմամբ, որ դիմողը չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ամրագրված պահանջը, այն է՝ դիմողի կողմից Սահմանադրական դատարան է ներկայացվել օտար լեզվով փաստաթուղթ՝ դիմողի՝ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացու անձնագրի պատճենը՝ հայերեն թարգմանված՝ առանց օրենքով սահմանված կարգով կատարված նոտարական վավերացման:
2024 թվականի հոկտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին ուղղվել է գրություն, որում դիմողի կողմից ներկայացվել են հիմնավորումներ առ այն, որ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին տրվել է «չափազանց ձեւականացված մեկնաբանություն՝ հանգեցնելով դատական մատչելիության իրավունքի չափորոշիչների խախտման»՝ նկատի ունենալով, որ դիմումին ներկայացված պահանջը բովանդակային առումով կատարված է. Սահմանադրական դատարան է ներկայացվել դիմողի արտասահմանյան անձնագրի հայերեն թարգմանությունը, որը թարգմանվել է համապատասխան որակավորում ունեցող թարգմանչի կողմից եւ հաստատվել նրա կնիքով:
ՍԴ աշխատակազմի ղեկավարը հոկտեմբերի 7-ին վերադարձրել է դիմումը՝ կից փաստաթղթերով: Հոկտեմբերի 15-ին դիմողի ներկայացուցիչը կրկին դիմել է ՍԴ, դիմումը մուտքագրվել է: Արտերկրի հայ քաղաքացին խնդրել է. «Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, սույն բողոքի հիմնավորումների հաշվառմամբ դիմումը համարել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան ներկայացված եւ Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով ընդունել նախնական ուսումնասիրության՝ համաձայն ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի»:
Կարդացեք նաև
ՍԴ դատական կազմին ուղղված դիմումում դիմողը փաստել էր. «Իր բրիտանական անձնագրի բնօրինակը թարգմանվել եւ կնիքով վավերացվել է համապատասխան որակավորում ունեցող թարգմանչի կողմից, եւ որ Միացյալ Թագավորությունում գտնվելու պատճառով իր անձնագրի հայերեն թարգմանությունը Հայաստանի Հանրապետությունում նոտարի կողմից վավերացվել օբյեկտիվորեն չի կարող, եւ նույն անձնագրով ինքը մասնակցել եւ մասնակցում է Հայաստանի Հանրապետության բոլոր դատական ատյաններում քննվող գործերով»: Հետեւաբար, ըստ դիմողի՝ իրեն նոտարական վավերացման լրացուցիչ պահանջ ներկայացնելն արդարացված համարվել չի կարող:
Սահմանադրական դատարանի դատական կազմն իր պատճառաբանություններում հետեւյալն է նշել. «Հարկ ենք համարում նախ անդրադառնալ «վավերացում» եզրույթի լեզվական (էթիմոլոգիական) իմաստին:
Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» համաձայն՝ «վավերացնել» բառը նշանակում է պաշտոնապես հաստատել, վավերական դարձնել որեւէ փաստաթուղթ, որեւէ բանի ճշտությունը հավաստել, ճիշտ համարել: Ըստ այդմ՝ վավերացումը ենթադրում է որեւէ սուբյեկտի կողմից կատարված գործողության (փաստաթղթի, ակտի) հավաստիության, ճշգրտության պաշտոնական հաստատում այլ (իրավասու) սուբյեկտի կողմից»: Դատական կազմն անդրադարձել է նաեւ նոտարների մասին օրենքին, նրանց գործունեությանը, իրավական կարգավիճակին:
Դիմողի կողմից որպես իր՝ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացու անձնագրի պատճենի հայերեն թարգմանության իսկության նոտարական վավերացման ապահովման անհնարինության հիմնավորում ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու հանգամանքը հիմնազուրկ է նաեւ այն պատճառաբանությամբ, որ դիմողը զրկված չէր Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի միջոցով իր անձնագրի հայերեն թարգմանության իսկության վավերացման նոտարական գործողությունն ապահովելու հնարավորությունից:
Դատակազմն արձանագրել է. «Նոտարը, վավերացնելով փաստաթղթի թարգմանության իսկությունը, «Նոտարիատի մասին» օրենքով իրեն վերապահված բացառիկ կարգավիճակի ուժով հավաստիության կանխավարկածային (presumptive) իրավաբանական ուժ է տալիս թարգմանչի կողմից օտարալեզու փաստաթղթի բնօրինակի հայերեն թարգմանությանը, որով տվյալ թարգմանությունը՝ որպես գրավոր փաստաթուղթ, ձեռք է բերում ապացուցողական նշանակություն: Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում տարանջատել արտոնագրված թարգմանչի կողմից իր իսկ թարգմանությունը հաստատելու նպատակով թարգմանված տեքստի նյութական կրիչ հանդիսացող փաստաթուղթը կնքելու եւ այդ փաստաթղթի նոտարական վավերացման նպատակային նշանակությունն ու դրանից բխող իրավական հետեւանքները»: Սահմանադրական դատարան մուտքագրված Անհատական դիմումը վերադարձնելու դեմ ներկայացրած բողոքը դատական կազմը մերժել է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.10.2024