Այսօրվա իրադարձությունները տանում են նրան, որ մոտակա ժամանակում՝ կամ պատերազմի իմիտացիայով, կամ իսկական պատերազմով Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա եւ արդյունքում չի բացառվում, որ կունենանք 44-օրյա պատերազմի կրկնությունը: Կարծում եմ, որ բավականին պարարտ հող է ստեղծված դրա համար: Վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի վերջին հայտարարությունները պարզորոշ վկայում են սրա մասին…
Հայաստանի իշխանությունների կողմից արվող բավականին մեղմ առաջարկությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ, Ադրբեջանի սրտով չեն, որի պատճառով նրանք համաձայն չեն ստորագրել նման առաջարկություններով պայմանագիրը, քանզի այդտեղ հավանաբար բացակայում են «Սյունիքի միջանցքի» բացման եւ այլ նմանատիպ համաձայնությունները: Հստակ հասկացվում է, որ Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման միայն մի պայման կա. այն է, որ Ադրբեջանի բոլոր ցանկությունները պետք է ներառված լինեն այդ նախագծում, որն այս պահին այդպես չէ: Բացի Իրանից, կարծես բոլոր երկրները կողմ են Ադրբեջանի նման մոտեցմանը եւ չեն էլ թաքցնում դա: Որպես հերթական ներկայացում, այդ երկրներն ասում են, որ ամեն ինչ պետք է արվի խաղաղ ճանապարհով՝ առանց պատերազմի, սակայն հասկանալի է, որ դրանք ընդամենը դատարկ բառեր են եւ պատերազմի դեպքում նրանք իրենց կպահեն ճիշտ այնպես, ինչպես եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ: Բնական է, որ այդ դեպքում Հայաստանը դարձյալ կպարտվի, հավանաբար տալով տարածքների, մարդուժի ավելի մեծ կորուստներ եւ ավելի շատ վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ եւ այս պարտությունը կլինի վերջնական: Այս ամենն այդպես կլինի, քանի որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունն իբր չի հավատում սրան եւ ուղտի ականջում շարունակում է քնած մնալ: Իսկ ժողովրդի ակտիվ, փոքր, արթուն մասն՝ ազգը ունակ չէ սրա դեմն առնելուն: Հատկապես, այս վերջին ժամանակներում, բազում փորձեր են արվել ժողովրդին արթնացնելու, ոտքի կանգնեցնելու, սակայն ցավալիորեն՝ դրական արդյունք չի գրանցվում, քանի որ այդ մարդկանց համար կարեւոր է միմիայն իրենց անձնական շահը՝ նյութը, որից այն կողմ իրենց այլ բան չի հետաքրքրում:
Աստված մի արասցե, երբ կորցնենք հայրենիքը եւ թուրքը վերցնի երկիրը, բնական է, որ նա անմիջապես կխլի նաեւ նրանց ունեցվածքը ու այդժամ միայն կհասկանան, թե ինչ տեղի ունեցավ եւ ամեն ինչ վերջացած կլինի ու այդ պահին արդեն նրանց հասկանալը եւ փոշմանելը ոչինչ չի փոխի: Ինչպես ասում են՝ «ճաշից հետո կծվի կարիք չի լինում»:
Ցավոք, այսօր իրականում այսպիսին է վիճակը Հայաստանում՝ առանց որեւէ բան չափազանցնելու եւ վերջին հնարավորությունն է փորձելու հայրենիքը՝ Հայաստան երկիրը փրկելու: Մնում է լրջորեն վերլուծել ու տեսնել՝ ունենք արդյո՞ք նման ճանապարհ, որպեսզի փորձենք մի կերպ փրկվել …
Կարդացեք նաև
2020-ից սկսած եւ մինչ մեր օրերն ընկած ժամանակահատվածի իրադարձությունները պարզորոշ ցույց տվեցին, որ կա միակ տեսական տարբերակ, որը պետք է դարձնել պրակտիկ. այն է՝ պետք է Սփյուռքի եւ Հայաստանի ողջ ժողովրդով՝ անգամ կանանցով, միասնաբար ոտքի կանգնել, ընդունել Իրանի բոլոր առաջարկությունները եւ միասնական՝ Իրանի առաջնորդությամբ, ամենավերջին ճիգերով փորձել պայքարել թշնամու դեմ: Թերեւս, սա ճանապարհ է վիճակը փրկելու համար: Հակառակ դեպքում, ցանկացած այլ սցենարի պարագայում, մենք հաստատ կկորցնենք մեր հայրենիքը՝ Հայաստան երկիրը:
Հիշենք միայն Արցախի հետ կատարվածը, ամեն ինչ թողնենք մի կողքի եւ ոտքի կանգնենք:
ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
29.10.2024