Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեքսեյը սրբացնում է բնությունը՝ հավատարիմ մնալով արվեստին»

Հոկտեմբեր 30,2024 12:30

Ալեքսեյ Մանուկյանը՝ իր ստեղծած ամֆիթատրոնի, համայնքը հետազոտելու եւ Gyumri Art Week-ի հիմնադրման մասին

Gyumri Art Week ժամանակակից արվեստի ամենամյա 3-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչներից մեկը գյումրեցի արվեստագետ Ալեքսեյ Մանուկյանն է («5-րդ հարկ» մշակութային խումբ): Նրա ձեւակերպմամբ, Art Week-ն ամբողջ աշխարհում կիրառվող մոդել է, որն իրականացվում է քաղաքները մշակութայնացնելու համար, հիմնական նպատակն էլ նոր մեդիաները մարդկանց հանրամատչելի դարձնելն է:

«Առավոտի» հետ զրույցում արվեստագետը նշում է, որ Գյումրիում ապրելը եւ արվեստագետ մնալը բարդ է: Իսկ մեկ այլ առիթով նա ասել է. «Ես կամ՝ անկախ իմ ցանկությունից, անկախ ձեւերից, որոնք կիրառում եմ, անկախ տարածքից, որտեղ բնակվում եմ: Ես ինձ երեւակայել եմ արվեստագետ: Ես ստեղծում եմ այն, ինչ չկա:

Ես ստեղծում եմ ինձ»:

«Առավոտի» հետ զրույցում Ալեքսեյ Մանուկյանը պատմեց, թե ինչպես է ծնվել Gyumri Art Week-ը. «Երբ 2016 թ. ընտանիքով որոշեցինք մեր սեփական տունն ունենալ, այդ ժամանակ 2 տարբերակ ունեինք՝ կամ տուն ձեռք բերել քաղաքի կենտրոնում՝ Վարպետաց փողոցում, կամ քաղաքի ծայրամասում գնել: Ի վերջո, որոշեցինք ծայրամասում գնել՝ մեր տնից հետո դաշտ է: Տեղափոխվեցինք այնտեղ եւ հիմնեցինք Արվեստի տնտեսություն տարածքը… Ես պատմում եմ, թե ինչպես է Art Week-ը ծնվել, ինչ տրանսֆորմացիաների միջով ենք անցել, ինչպես է ստեղծվել Արվեստի տնտեսությունը: Դա բացօթյա արվեստանոց է, որտեղ ես  եւ բնակվում եմ, եւ ստեղծագործում:

Երբ  տեղափոխվեցինք, այնտեղ ստեղծագործելու նյութ՝ որպես այդպիսին, չկար, ընդամենը մի քանի ծառ կար այգում ու վերջ: Ես համայնքից սկսեցի թափոններ հավաքել, ու դա համընկավ 2016թ. քառօրյա պատերազմի հետ: Հենց տեղափոխվեցինք, պատերազմը սկսվեց: Այդպես՝ կենցաղային թափոններ,  բարիկադներ … ինստալյացիաների սկիզբ դրվեց: Սկսեցի ստեղծագործել: Ազգագրագետ ընկերոջս՝ Նիկոլ Մարգարյանի հետ սկսեցինք 58 թաղամասի հետազոտությունը կատարել: Երբ  ուսումնասիրում էինք համայնքը, տեսանք, որ ստեղծագործական մեծ պոտենցիալ կա: Մարդիկ, որ իրենց բակերը կազմակերպում են, չէին գիտակցում, որ լավ արվեստագետներ են: Ոգեւորվելով այդ ամենից, այդ մշակույթից վերցրի որոշ էլեմենտներ ու դարձրի իմ արվեստի մաս: Ու արվեստի տնտեսության մեջ սկսեցի ինստալյացիաներ անել՝ թափոններով:

Հետո մի անգամ Արմանենք եկան (ֆրանսաբնակ նկարիչ Արման Թադեւոսյանը-Գ.Հ.), ոգեւորվեցին, թե սա պետք է ցույց տալ: Դա 4 տարի առաջ էր՝ 2020թ. պատերազմից հետո, շատ ծանր վիճակ էր,  բայց Արմանն ու Էմանուել Կոստեն (հոգեբան, արվեստի քննադատ) ոգեւորեցին ու ասացին՝ պետք է անպայման մի նախագիծ անել: Քանի որ մեր տարածքում ամֆիթատրոն էինք ստեղծել տիկնոջս հետ՝ երգչախմբի համար, անունը դրեցինք Ամֆիթատրոն: Այսինքն, Art Week-ի առաջին արարը Ամֆիթատրոնն էր: Այդտեղ տիկնոջս՝ Արփինե Մանուկյանի երգչախմբի շնորհանդեսը կայացավ, հետո Gyumri Art Week-ում երաժշտությունն ավանդույթ դարձրինք: Այս տարի, օրինակ, Սվետլանա Նավասարդյանին հրավիրեցինք: Երկրորդ Art Week ժամանակ Ֆրանսիայից  էինք երաժիշտներ հրավիրել՝  Սոֆի Արսենիան, Ֆիլիպ Ալերի»:

«Առավոտի» հետ զրույցում Էմանուել Կոստեն եւս փաստում է, որ Gyumri Art Week-ի հիմքը դրվել է  2020թ.՝ Ալեքսեյ Մանուկյանի ամֆիթատրոնով. «Ես Ալեքսեյի եւ գյումրեցի այլ արվեստագետների արվեստանոցներում էի շրջայցել: Մեծ ափսոսանք էի զգում, որ գուցե ինձանից բացի, այլ մարդ չէր տեսնում այդ աշխատանքները… Սովորաբար, երբ թատրոն ենք գնում, մարդիկ նստում են դահլիճում, իսկ արվեստի գործերը բեմի վրա են լինում, Ալեքսեյի մոտ հակառակն էր՝ մարդիկ էին բեմի վրա, իսկ գործերը հանդիսատեսի տեղում էին, ամֆիթատրոնը հակառակ էր դասավորված: Այդ շոկից, որ ապրեցի, նաեւ այն ֆենոմենից, որ Ալեքսեյը թափոնները սուբլիմացնում է ու արվեստի գործ է ստեղծում, ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ Ալեքսեյի արվեստի մասին տեքստ գրելու: Այնուհետեւ մի փոքր խրախճանք ունեցանք՝ խարույկ, երաժշտություն, դա դարձավ ամֆիթատրոնի բացումը, ինագուրացիան:  Մենք մտածեցինք, որ այս անհատական միջոցառումը, որին մի քսան մարդ էր մասնակցում, պետք է անպայման հանրայնացնենք, ու միայն մենք չպե՛տք է լինենք այս ամենի երջանիկ հանդիսատեսը: Այս համատեքստում ուզում եմ մի փոքրիկ եզրահանգում անել՝ մի  բան անելու կիրքն է բերում նոր գործի, մանիֆեստի ծագման»:

Էմանուել Կոստեն Ալեքսեյ Մանուկյանի՝ սեպտեմբերի 8-ին բացված «Ժեստ եւ ժամանակ» խորագրով ցուցահանդեսի համադրողն էր: «Այն դեպքում, երբ բազմաթիվ ժամանակակից արվեստագետներ մեր անթրոպոգեն դարում ցուցադրում եւ կարեւորում են քայքայված բնության արգասիքները, Ալեքսեյը սրբացնում է բնությունը՝ հավատարիմ մնալով արվեստին։ Նա ստեղծագործում է խնձորի փափկանյութով ճիշտ այնպես, ինչպես 2021-2022 թվականներին սպառողական հասարակության թափոններ հանդիսացող պլաստիկ շշերով՝ դրանք արտատպելով կավի մակերեսի վրա։ Ալեքսեյը գեղարվեստի հազարամյակների հնություն ունեցող հումքը օգտագործում է որպես բազա:

Ինչ վերաբերում է արվեստագետի հետ երկխոսությանը, մեր ծանոթության առաջին օրից ինձ մոտ միշտ տպավորվել է նրա ձայնի, հայացքի եւ արվեստի քնարականությունը: Ալեքսեյ Մանուկյանը բռնությունը մերժող մարդ է, նա ընդվզում է աշխարհում առկա բռնի ուժի եւ անհեթեթության դեմ՝ իր ստեղծագործության միջոցով դրսեւորելով մեղմ, բայց համառ դիմադրություն։ Դիմադրություն՝ իրեն շրջապատող հասարակության դեմ: Արվեստագետի աշխատանքների դանդաղ ծնունդը, հիմնականում սերում է բնության ու նրա օրենքների երկար դիտարկումից։ Մեղուների աշխատանքի համբերատար դիտարկումը, հույսի արտացոլումն ապագայի հանդեպ՝ անկասկած մեծ դեր է խաղում այդ ստեղծագործությունների առաջացման գործընթացում, որոնք այսօր մեզ բախտ է վիճակված տեսնել», – ի թիվս այլնի, գրել է ֆրանսիացի արվեստաբանը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Ալեքսեյ Մանուկյանի եւ Gyumri Art Week-ի ֆեյսբուքյան էջերից:

«Առավոտ» օրաթերթ
29.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031