Լրահոս
Օրվա լրահոսը

Սրընթաց զարգացումներ` կազանյան հանդիպումից հետո

Հոկտեմբեր 30,2024 12:00

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացվեց, Հայաստանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում է սպասվում, իսկ կառավարությունը քննարկում է COP29 համաժողովին ՀՀ մասնակցության հարցը:

Կազանում Փաշինյան-Ալիեւ մոտ մեկուկես ժամ տեւած հանդիպումից հետո Երեւանն ու Բաքուն հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու եւ կնքելու նպատակով։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում, նիստի մեկնարկին, կլոր սեղանի շուրջ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը նախ մի քանի բառ էին փոխանակել։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները՝ կողք կողքի էին թե ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի միասնական լուսանկարում, թե նաեւ բուն ընդլայնված նիստի ընթացքում՝ կլոր սեղանի շուրջ, նրանց շփմանը միացան նաեւ երկու երկրների արտգործնախարարները: Այնուհետեւ կայացել էին Փաշինյան-Ալիեւ բանակցությունները` առանց միջնորդի: Նրանց շփումը նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր ողջունել Փաշինյանի ելույթից հետո իր արձագանքում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում ունեցած իր ելույթում խոսեց «Խաղաղության խաչմերուկի», խաղաղության պայմանագրի թեմաներով, նշեց, որ այն 80-90 տոկոսով համաձայնեցված է, Հայաստանն էլ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով պատրաստ է արեւելքն ու արեւմուտքը, հյուսիսն ու հարավը կապող հանգույց հանդիսանալ, մանավանդ որ դա ամենակարճ ճանապարհն է:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ՍԴ որոշումը փարատում է մտահոգությունները Հայաստանի Սահմանադրության հետ կապված: Նա նշեց, որ Հայաստանը վավերացրել է սահմանազատման կանոնակարգը, եւ դրա ուժի մեջ մտնելուց հետո արդեն հնարավոր կլինի ակտիվացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների հիման վրա, իսկ Սահմանադրական դատարանի որոշումը փարատում է մտահոգությունները Հայաստանի Սահմանադրության հետ կապված:

Փաշինյանը կրկին ընդգծեց, որ Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով պատրաստ է արեւելքն ու արեւմուտքը, հյուսիսն ու հարավը կապող հանգույց դառնալ, մանավանդ որ դա ամենակարճ ճանապարհն է Սեւ ծովի ու Պարսից ծոցի, Կասպից ու Մարմարա ծովերի միջեւ: Նա նշեց, որ Ադրբեջանին պարզեցված մաքսային ընթացակարգ են առաջարկել, սակայն ճանապարհը պետք է գործի երկու երկրների ինքնիշխանությունը հարգելով, Հայաստանն էլ կարող է երաշխավորել ճանապարհի անվտանգությունը: «Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Հայաստանն ի վիճակի է ապահովել իր տարածքով բեռների, մարդկանց եւ տրանսպորտի տարանցման անվտանգությունը, դա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունն է, մենք դա երաշխավորում ենք եւ միշտ կարող ենք երաշխավորել: Բոլոր պնդումները, որ Հայաստանը որեւէ կերպ իբրեւ թե համաձայնել է, որ որեւէ երրորդ երկիր պետք է ապահովի կոմունիկացիաների անվտանգությունը իր ինքնիշխան տարածքում, կամ որեւէ փաստաթղթով դա նախատեսված է, չի համապատասխանում իրականությանը»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր կարճ ելույթում Փաշինյանից առաջ արդեն իսկ անդրադարձել էր տարածաշրջանային ճանապարհներին, նշելով. «Ադրբեջանն իր աշխարհագրական դիրքով արդեն իսկ դարձել է Եվրասիայի կարեւոր տրասնպորտային եւ լոգիստիկ կենտրոններից մեկը: Հյուսիս -հարավ եւ արեւելք-արեւմուտք տարանցիկ միջանցքներն Ադրբեջանի տարածքով են անցնում: Այդ տրանսպորտային ուղիների բոլոր հատվածներն Ադրբեջանի տարածքում շատ լավ գործում են»: Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին, այն հնարավորինս շուտ ստորագրելու Երեւանի առաջարկին, Սյունիքով դեպի Նախիջեւան ճանապարհին Ալիեւն իր ելույթում չանդրադարձավ՝ կենտրոնանալով հիմնականում Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի վրա։

Այսպես, Կազանում եւս Փաշինյանը կրկնեց իր առաջարկը` ուղղված Ալիեւին, ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված հոդվածները, իսկ չհամաձայնեցվածների քննարկումը շարունակել: Եվ փաստացի, նա պատասխանեց Բաքվի ու Մոսկվայի ակնկալիքներին` անթույլատրելի համարելով երրորդ երկրի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում կոմունիկացիաների անվտանգության ապահովումը:

Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո կառավարությունը հայտնեց, որ հանդիպմանը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր, ներառյալ՝ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Կառավարության հաղորդմամբ՝ արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու եւ կնքելու նպատակով։

Փաշինյան-Ալիեւ կազանյան երկկողմ հանդիպմանը որոշ իրադարձություններ, տեղեկություններ հաջորդեցին: Նախ` Հայաստանի, այնուհետեւ Ադրբեջանի նախագահները հրամանագրերով վավերացրեցին հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Հայաստանում այն Սահմանադրական դատարան է ուղարկվել, խորհրդարանով անցել, իսկ Ադրբեջանում հաստատվեց նախագահի հրամանագրով։ Հենց այդ գործընթացներից հետո պետք է որոշվի՝ որ հատվածներն են հաջորդիվ սահմանազատվելու։

Սակայն կազանյան հանդիպումից հետո բաց է մնում հարցը՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համաձայնեցված 16 կետերով խաղաղության պայմանագիր կնքելու Երեւանի առաջա՞րկն են քննարկել, թե՞ Բաքվինը, որտեղից պնդում են՝ պայմանագիրը կնքելու համար պետք է համաձայնության գալ բոլոր կետերի շուրջ։ Արդյոք Հայաստանի առաջարկը դո՞ւրս եկավ օրակարգից, այս պահին բանակցությունների սեղանին կրկի՞ն Բաքվի՝ Երեւան ուղարկված 17 կետերն են։

Կազանյան հանդիպումից հետո մեկ այլ տեղեկատվություն էլ ստացվեց: Հայաստանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ գնահատելու Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման պայմանները, «Ազատությանը» հայտնել էր հայ-թուրքական կարգավորման հարցով Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հանդիպման օր չի նշանակվել։ «Ինչպես նախկինում արել ենք, օրինակ, Մարգարայի կամրջի վերաբերյալ համատեղ հետազոտություն, շուտով նման հետազոտության համար հանդիպում կլինի միջգերատեսչական Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների, որպեսզի այս պայմանավորվածությունը իրագործենք, նկատի ունեմ՝ գնահատելու համար պայմանները, որոնք անհրաժեշտ են Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման համար», – նշել է նա։

Երկու շաբաթ առաջ Ստամբուլում Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակներում հանդիպել էին Հայաստանի տարածքային կառավարման եւ Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարները։ Արդյոք երեք տասնամյակ չգործող երկաթուղու հարցն էին քննարկել՝ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացները վերջին անգամ հանդիպել են հուլիսին՝ վերանորոգված Մարգարայի անցակետում: Հենց այդ հանդիպմանն էլ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:

Պաշտոնական Երեւանի լավատեսությունը ինչո՞վ է պայմանավորված, Ռուբեն Ռուբինյանը նկատել է. «Մենք ակնկալիքներ ունենք, որ մեր բոլոր ձեռք բերած պայմանավորվածությունները կիրագործվեն, եւ ընդհանուր առմամբ մենք ակնկալիք ունենք, որ կարգավորման գործընթացը կավարտվի դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ եւ սահմանների բացմամբ։ Մենք պատրաստ ենք դա անել հենց վաղը»։

Ուշագրավն այն է, որ պաշտոնական Երեւանը դեռ համարում է, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական կարգավորումները տարբեր գործընթացներ են: Ռուբեն Ռուբինյանը չի համաձայնել դիտարկմանը, որ այս երկու գործընթացներն ուղիղ կապ ունեն իրար հետ։ «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը երկու տարբեր գործընթացներ են, արդյոք կարող են դրանք փոխազդել միմյանց վրա, կարող են, օրինակ, ես կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը մեծապես կնպաստի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին», – նշել է նա։ «Ազատության» հարցին, թե տեսնո՞ւմ է հնարավորություն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ավելի շուտ դրական հանգրվանի կհասնի, քան հայ-ադրբեջանականը, Ռուբինյանն արձագանքել է. «Իհարկե, տեսնում եմ։ Ես չեմ ասում, որ այդպես կլինի, նույնիսկ չեմ ասում, որ լավատես եմ կամ լավատես չեմ»։

Ի դեպ, անցյալ շաբաթվա վերջին պաշտոնական Երեւանը հաստատեց, որ Հայաստանը ստացել է COP29 համաժողովին մասնակցելու Բաքվի հրավերը, այն ստացվել է ՀՀ արտգործնախարարի անունով: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Factor.am-ին հայտնել է, որ Հայաստանի COP29 համաժողովին մասնակցության հարցն այժմ քննարկվում է կառավարության կողմից։ «Այդ հարցը քննարկվում է մի քանի ասպեկտներով ինչպես խաղաղության հաստատման, հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ՝ այդ միջոցառման օրակարգով պայմանավորված։ Գիտեք, որ դա միջազգային ամենահեղինակավոր միջոցառումն է՝ ուղղված կլիմայի փոփոխությանը։ Հաշվի առնելով իմ նշած այդ բոլոր հանգամանքները՝ մոտ ապագայում կկայացնենք որոշում, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի»,- հայտնել է փոխարտգործնախարարը։ Հարցին՝ հնարավո՞ր է Արարատ Միրզոյանը մասնակցի COP29-ին, Պարույր Հովհաննիսյանն ասել է, որ չեն բացառում որեւէ տարբերակ։ Ըստ նրա՝ ամեն ինչ կախված է առաջիկա շաբաթների զարգացումներից։

Այսպես, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրեցին հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը նախատեսում է, թե ինչպես պետք է իրականացվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը: Միակ հիմնական սկզբունքը, որ այնտեղ ամրագրված է, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրն է, բայց առանց հստակ քարտեզների: Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին սահմանազատման կանոնակարգը Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել։ Կանոնակարգը ուժի մեջ կմտնի, երբ Երեւանն ու Բաքուն փոխանակվեն ծանուցումների բնօրինակներով։

Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական քարտեզ չկա, անցյալ շաբաթվա սկզբին խորհրդարանում սահմանազատման կանոնակարգի նախագծի քննարկմանը հայտարարեց փոխվարչապետ, փաստաթղթի հիմնական զեկուցող Մհեր Գրիգորյանը: Այդ դեպքում ինչպե՞ս էին Հայաստանի բանակցողները վարչապետի գլխավորությամբ տեւական ժամանակ պնդում, թե 1975 թվականի քարտեզը կարող է եւ պիտի հիմք դառնա սահմանագծման հետագա աշխատանքների համար: Մհեր Գրիգորյանը բացատրեց՝ խոսքը Գլխավոր շտաբի քարտեզների մասին է, որոնք կազմվել են 1974-78թթ., իսկ 1979-ին մտել ուժի մեջ:

«Բայց էդ քարտեզները միակ քարտեզները չեն, որոնք պետք է օգտագործել, եւ կամ, կարծում եմ, կօգտագործվեն սահմանազատման գործընթացում, որովհետեւ կան հարցեր, որոնց պատասխանները էդ քարտեզները չեն տալիս», – ասել էր Գրիգորյանը: Հարցին՝ «բայց դա ամբողջական քարտե՞զն է Հայաստանի սահմանների», փոխվարչապետն արձագանքեց. «Ըստ էության, ինքը որոշակի իմաստով ամբողջական է, բայց հիմա ավել դետալ ձեզ չեմ ասի»: Իսկ թե ինչո՞ւ ասաց, որ ամբողջական չկա, Գրիգորյանը հայտարարեց. «Որովհետեւ չկա»: Կանոնակարգի նախագիծը կողմերը ստորագրել են առանց հստակ քարտեզ ամրագրելու: Փոխվարչապետը շատ փակագծեր չէր բացել, բայց պնդում էր, թե սահմանազատման հետագա գործընթացում օգտագործվելու են բացառապես իրավական հիմք եւ հենք ունեցող քարտեզները:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 29.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031