Լրահոս
Օրվա լրահոսը

Արագ փոխվել՝ հիմքերը պահպանելով

Հոկտեմբեր 30,2024 14:30

Ինչպես զուգորդել կոնստրուկտիվիզմն ու պրիմորդիալիզմը

1870-ականների սկզբին Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկն ասում էր. «Մենք կդարձնենք Գերմանիան պոետների եւ փիլիսոփաների երկրից մի երկիր, որը հզոր բանակ ունի»: 1920-ական թվականներին Իտալիայի վարչապետ Բենիտո Մուսոլինին հայտարարում էր. «Մենք կդարձնենք Իտալիան խոհարարների եւ օպերայի երկրից մի երկիր, որտեղ գնացքները երթեւեկում են ըստ չվացուցակի»:

Այդ երկու գործիչներն իրար ամենեւին նման չեն եւ նրանց գործունեության արդյունքներն էլ են չափազանց տարբեր: Բիսմարկը դաժանորեն ճնշում էր այն ժամանակ թափ հավաքող բանվորական (սոցիալիստական) շարժումները, բայց կրթության, գիտության, տնտեսության պլանավորմամբ եւ բուն բանակի բարեփոխմամբ իսկապես նպաստել էր այնպիսի ազգի ձեւավորմանը, որը մենք հիմա ճանաչում ենք որպես կարգապահ, պատասխանատու, պարտականությունների նկատմամբ բծախնդիր: Մինչդեռ Դուչեն (ինչպես կոչում էին Մուսոլինիին) դաժանորեն ճնշում էր ամեն ինչ, բայց, մեծ հաշվով, որեւէ բան չբարեփոխեց եւ ազգային նկարագրի պատկերում որեւէ լուրջ բան չավելացրեց:

Բայց հռչակվող նպատակների հարցում որոշ նմանություն թերեւս կա. քաղաքագետները ազգաշինության այդ մոտեցումն անվանում են կոնստրուկտիվիզմ: Ըստ այդմ՝ ազգային զգացմունքներն ու դրանց միջոցով ձեւավորվող պատկերացումները «մտավոր կոնստրուկտ» են, որը ձեւավորում են գրողները, գիտնականները, քաղաքական գործիչները: Ազգը X վիճակում է, եւ, օգտագործելով որոշակի պետական լծակներ, պետք է հասցնել Y վիճակի: Դա՛ էին խոստանում վերը մեջբերված գործիչները:

Կոնստրուկտիվիզմին հակադրվում է, այսպես կոչված, պրիմորդիալիզմը, որը շեշտը դնում է պատմականության, ժառանգականության, էթնիկ պատկանելության վրա: Այդ մոտեցմանը հակադրվողները բերում են հենց հայերի օրինակը, որոնք Հայաստանից դուրս դրսեւորում են «ազգային գծեր», որոնք հաճախ չեն երեւում հայրենիքում: Ասում են անգամ, որ նման դեպքերում ի հայտ են գալիս նաեւ զուտ ֆիզիկական տարբերություններ: Ըստ որոշ աղբյուրների՝ հարավկորեացիները միջինում 10 սանտիմետրով ավելի բարձրահասակ են, քան նրանց հյուսիսային հայրենակիցները՝ չնայած խոսքը հաստատ նույն էթնոսի մասին է, եւ Կորեաների բաժանումը տեղի է ունեցել ընդամենը 80 տարի առաջ, այսինքն՝ փոխվել է առավելագույնը երեք սերունդ:

Բայց կոնստրուկտիվիզմի դեպքում էլ ամեն ինչ չէ, որ իդեալական է: Քննադատները նշում են, որ այդպիսով արհամարհվում է «պատմական խորությունը», ազգերի բազմադարյա զարգացումը, դրանց էվոլյուցիան: Եթե ազգաշինությունը նման (կոնստրուկտիվիստների պատկերացրածի պես) հեշտ բան լիներ, եւ ամեն ինչից հնարավոր լիներ «թխել» ամեն ինչ, ապա դժվար թե լինեին տապալված ազգեր կամ տապալված պետություններ:

Կոնստրուկտիվիզմը քննադատող, այսպես կոչված, «ռեալիստները» պնդում են, որ, համենայնդեպս, միջազգային հարաբերություններում ազգային պետությունները ղեկավարվում են ուժերի փոխհարաբերակցությամբ,  ոչ թե սոցիալական կամ գաղափարախոսական «կոնստրուկտներով»: Բացի այդ, զուտ նպատակահարմարությունից ելնելով, դժվար թե ճիշտ է ասել, որ, օրինակ, մենք՝ հայերս, զուտ «երեւակայական հանրույթ» ենք (Բ.Անդերսոն), իսկ իրականում հանրույթ չենք՝ դա կարող է բերել եւ բերում է բազմաթիվ պառակտումների:

Լուծումը, ինչպես սովորաբար լինում է, երկու մոտեցումների զուգորդման մեջ է: 1988-90 թվականներին «Ղարաբաղ» կոմիտեն, հիմնվելով պատմականորեն ձեւավորված լավագույն ավանդույթների եւ էթնոսի դրական հատկանիշների վրա, քարոզչությունը տանում էր արագ արդիականացման ուղղությամբ: Այնուհետեւ սկսվեց պատերազմը, եւ նման խնդիրների կարեւորությունը չէր գիտակցվում: Պատերազմից հետո տիրապետում էր պրիմորդիալիզմը՝ ծայրահեղ «էթնոմշակութային ավանդապաշտությունը», իսկ վերջին 6 տարում պաշտոնապես հարգի է «եվրոպամետ կոնստրուկտիվիզմը»՝ դատարկ տեղը ինչ-որ «նոր ազգ» կերտելու ձգտումը:

Ճիշտ բալանսը գտնելը, գոնե տեսական մակարդակով, կարող է հետաքրքիր խնդիր լինել քաղաքագետների համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031