Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան էլ մի կտոր հաց ենք կերել իրար հետ, բայց նեղվածություն կա, լիքը խարդախություններ, անհամ բաներ են կատարվել. հարցաքննվեց Աղվան Հովսեփյանի նախկին գործընկերը

Հոկտեմբեր 29,2024 21:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստին այսօր  Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը հարցաքննվող վկայից՝ Արշավիր Սարգսյանից հետաքրքրվեց, երբ նախաքննական ցուցմունքում Հովսեփյանի վերաբերյալ  տեղեկություններ էր հայտնում՝   նրան փաստացի ներկայացնելով հանցանքի կատարման մեջ, ցանկացել է, որ  Հովսեփյանը  քրեական պատասխանատվության ենթարկվի, թե՝ ոչ:

«Երբեք չէի մտածել, որ նրան կարող են քրեական պատասխանատվության  ենթարկեն ու երբեք չեմ ցանկացել…

Մենք բողոքել ենք պետական մարմինների դեմ կատարած անօրինականությունների հետ կապված:

Բնականաբար, երբ հրավիրվել ենք քննչական մարմին՝ ինչ հարցրել են, պատասխանել ենք:

Հո մենք լուսնից չենք իջել, խնդիրներ կան, նեղվածություն կա: Ինչքան էլ մի կտոր հաց ենք կերել իրար հետ, բայց նեղվածություն կա,  ընտանիքում հարցեր կան, ինքնասիրության հարցեր կան:  Ընկերության հարաբերություններ կան, այդ ամեն ինչը խախտվել է, լիքը խարդախություններ, անհամ բաներ են կատարվել այս տարիների ընթացքում: Իհարկե, որ հարցը տալիս են՝ անկախ քեզնից հիշում ես, որ էդ մարդը նման բան չպետք է աներ: Էսքան իրար հետ կերել, խմել ենք, իհարկե մեր ընտանիքների հետ կապված մեր հարցերը պետք է չլիներ: Լիքը բառեր հիշում ես, որոնք խոցում են քեզ, քո ինքնասիրությունը, բայց հետո ասում ես՝ վերեւ Աստված, ներքեւ՝ ես: Մի քանի անգամներ եմ ասել իր որդիներին, եթե կյանքում մեկին՝ խաբեմ Աստված ինձ պատժելու է 10 անգամ, եթե ինձ խաբեն, Աստված իրենց կպատժի հազարապատիկ:

Ուզես, չուզես, քո մեջ արթնանում է  այն զգացողությունը, որ ուզում ես հասնել իրական ճշմարտությանը:  Հիմա կարող եմ հանգիստ խոսել, որովհետեւ լիքը ժամանակ է անցել, հիմա կարող եմ որոշ բաներին ուշադրություն չդարձնել, ծիծաղել, այն ժամանակ ավելի թարմ է  եղել, ավելի նեղված ենք եղել: Լիքը բաների այլ ձեւ ես նայում, երբ ժամանակ է անցնում»,- փաստաբանի հարցին պատասխանեց Արշավիր Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը 2004  թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ պաշտոններ զբաղեցնող անձանց համար, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015 թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ, իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031