Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Գյումրու թատրոնի նոր տնօրենը

Հոկտեմբեր 29,2024 20:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով՝ Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել Արամ Կարապետյանը: Մինչ այդ թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը Լյուդվիգ Հարությունյանն էր։

Այժմ Լյուդվիգ Հարությունյանը կզբաղվի ստեղծագործական գործունեությամբ, նա կգլխավորի միայն թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։

Aravot.am-ի հետ զրույցում Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո ցանկություն չի ունեցել զբաղվել վարչարարությամբ, հետևաբար և թատրոնի անձնակազմի ցանկությամբ արդեն 6 ամիս է՝ Արամ Կարապետյանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

«Թատրոնի անձնակազմին ես ասացի, որ այլևս վարչարարությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, ուզում եմ զբաղվել միայն գեղարվեստական մասով ու առաջարկեցի տնօրենի պաշտոնում ինձ փոխարինի թատրոնի մենեջմենթի գծով փոխտնօրեն Արամ Կարապետյանը։

Նա երկար ժամանակ է՝ աշխատում թատրոնում և շատ լավ է աշխատում, թատրոնի ստեղծագործական կազմը համակարծիք եղավ իմ հետ, նրանք հավատացին իմ խոսքին, վստահեցին ինձ ու մեր բոլորի խնդրանքով Արամը մասնակցեց տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին։ Նա կարողացավ շատ լավ հանձնել քննությունը ու նախարարի հրամանով նշանակվեց տնօրեն։

Ինձ համար՝ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավարի, շատ կարևոր է, որ տնօրենի պաշտոնը զբաղեցնի այնպիսի մարդ, որը երկար տարիներ աշխատել է ու շատ լավ գիտի թատրոնի խնդիրները, ի՞նչ է  պետք թատրոնին ու կարողանա կոլեկտիվի հետ աշխատել»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Ի դեպ, Արամ Կարապետյանը Լյուդվիգ Հարությունյանի սանն է․ եղել է նրա ուսանողը, ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ռեժիսուրական բաժինը, հետագայում ավարտել է արվեստի կառավարում բաժինը։

Մոտ 10 տարի աշխատում է Գյումրու թատրոնում, սկզբում եղել է տնօրենի օգնական, հետագայում փոխտնօրեն մենեջմենթի գծով։

«Վստահ եմ, որ շատ լավ պիտի աշխատի, որովհետև առաջիկայում շատ մեծ ծրագրեր ունենք, նա կլինի տնօրենը, իսկ գեղարվեստական ղեկավարը՝ ես», -մանրամասնեց Լյուդվիգ Հարությունյանը։

Արամ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց․ «Դեռ մեկ տարի առաջ, երբ  թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը մոտենում էր ավարտին, ես Լյուդվիգ Հարությունյանից և թատրոնի կոլեկտիվից ստացա առաջարկ, որ իմ թեկնածությունն առաջադրեմ թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար կայանալիք մրցույթին։ Ճիշտն ասած, երկար մտածելուց հետո համաձայնեցի, որովհետև ինձ համար և՛ պատիվ է և՛ պարտավորեցնող է երիտասարդ տարիքում լինել  այն թատրոնի ղեկավարը, որը 160 տարեկան է և աշխատել Գյումրու թատրոնի տաղանդավոր արտիստների հետ։ Այնքան ծրագրեր ու անելիքներ ունենք»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031