Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը այսօր «Հայելի» ակումբին «հյուրընկալվեց» փողոցում՝ ակումբի հերթական հոսանքազրկման պատճառով:
Անդրադառնալով ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությանը, թե ըստ էության՝ խաղաղության պայմանագրի կետերի 80-90 %-ը համաձայնեցված է եւ ինքը պատրաստ է հենց այս պահին էլ ստորագրել խաղաղության պայմանագիրը, եւ Կազանում ըստ լուրերի Ալիեւի հետ 1,5 ժամ տեւած առանձնազրույցին՝ Մետաքսե Հակոբյանն ասաց. «Մենք, կարծես, արդեն մտքից հանել ենք, որ բացառապես անտեղյակ ենք՝ ինչի շուրջ է տեղի ունենում այսպես ասած, «բանակցային գործընթացը»: Էլ չեմ ասում, որ որեւէ մեկս տեղյակ չէ, թե ինչ է նշանակում այս իշխանությունների խաղաղության պայմանագիր, որովհետեւ որեւէ կետի, պայմանավորվածության մասին, որի շուրջ իբրեւ թե բանակցություններ են ընթանում, մենք տեղյակ չենք: Այնպես, ինչպես տեղյակ չէինք, երբ վեց տարի առաջ նույն անձը հայտարարում էր, որ Արցախի հարցի շուրջ եւ ընդհանրապես բանակցային գործընթացում ինքն իր զրո կետից է սկսում: Ու որեւէ ինֆորմացիա չէինք ստանում, թե որն է այդ զրո կետը: Նույնը հիմա է»,-ասաց Արցախի պատգամավորը:
Տիկին Հակոբյանը հիշեց Դուշանբեում վերելակային բանակցությունը, երբ, նրա խոսքով, առաջին անգամ ՀՀ վարչապետը ցուցադրեց երկխոսության ֆորմատը: «Երկու ղեկավարների միջեւ ըստ էության պայմանավորվածություններ են տեղի ունենում եւ նրանցից մեկը պարտված ղեկավարն է, մյուսի կատարող անձը: Եթե վերելակում մի քանի րոպեի ընթացքում հանձնվեց Արցախի Հանրապետությունը, ապա մենք ինչ կարող ենք ենթադրել, թե ինչպիսին պիտի լինի պատերազմից հետո պատերազմը պարտված իշխանության ղեկավարի եւ, ըստ էության, պատերազմը հաղթած երկրի ղեկավարի երկխոսության արդյունքը: Բնականաբար, հերթական պահանջներ եւ հերթական պայմանավորվածություններ այդ պահանջները կատարելու ուղղությամբ: Այլ տարբերակ լինել չի կարող: Եվ մենք ըստ էության դրա ականատեսը եղանք հաջորդ օրը, երբ տեղեկացանք փաստի մասին, երբ հայտարարվեց, որ ՀՀ նախագահը իր ստորագրությամբ վավերացրել է կանոնակարգը:
Այդ շտապողականությունը հասկանալի է: Դա եղել է պարզ տրամաբանությամբ: Հասկանալի է դառնում, որ այդ երկխոսության արդյունքը հենց դա է եղել: Եվ երբ կարդում ես այդ կանոնադրությունը, հասկանում ես, որ դրանք հերթական զիջումներն են Հայաստանի Հանրապետությունից:
Կարդացեք նաև
Հայաստանի իշխանությունները շատ են խոսում ինքնիշխանությունից: Եվ դրան հակառակվելու կարիք էլ չկա, որովհետեւ իրենք ինքնիշխան գործընթաց են վարում: Չկա ինքնիշխան մեկ այլ պետություն, որի տարածքները զավթված են թշնամու կողմից, մի մասը՝ ոտքով քայլելով, մի մասը՝ պատերազմական գործողությունների արդյունքում»,-ասաց տիկին Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ