Հակակոռուպցիոն քրեական դատարանում դատավորը Տիգրան Դավթյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը: Այսօր մեղադրող դատախազի միջնորդությամբ հրապարակվեցին վկա Արշավիր Սարգսյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ մեղադրողը հակասություններ էր տեսել նրա նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ պաշտոններ զբաղեցնող անձանց համար, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015 թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ, իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
Արշավիր Սարգսյանը նախաքննական ցուցմունքում պատմել էր, որ երբ Աղվան Հովսեփյանի հետ համատեղ իրենց բիզնեսն արդեն գործում էր, որոշել են եւս մի քանի ՀԷԿ-եր կառուցել, քանի որ ըստ հաշվարկների՝ այն շահավետ բիզնես էր:
Վկայի պատմելով՝ ինքը տեղեկացել էր, որ Վայոց Ձորի Վարդահովիտ համայնքում շատ հարմար հողեր կան ՀԷԿ կառուցելու համար, բայց այդ հողերը պատկանում էին Վարդահովիտի գյուղապետին՝ Սամվելին (ազգանունը չի հիշում): Այդ հողերի մի մասը սեփականության վկայականով, մի մասը վարձակալությամբ էր Վարդահովիտի ղեկավարը տնօրինում:
Կարդացեք նաև
2010-ին Արշավիր Սարգսյանը Սամվելին առաջարկել է վաճառել այդ հողամասերը, սակայն նա հրաժարվել է, ինչից հետո Սարգսյանը գյուղապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ այդ տարածքում ՀԷԿ-ի կառուցման դեպքում նա մասնաբաժին կունենա:
Աղվան Հովսեփյանը, ըստ վկայի նախաքննական ցուցմունքի, իրեն առաջարկել է իր մասնաբաժինը գրանցել որդու` Նարեկ Հովսեփյանի անունով, բայց քանի որ, Աղվան Հովսեփյանի որոշմամբ վերջինս չէր կարող համատեղ ձեռնարկատիրության համար պահանջվող վարկերի երաշխավոր լինել, հետագայում դուրս եկավ մասնակիցների ցանկից: Սարգսյանի խոսքով, որպես մասնակից գրանցեցին իրեն պատկանող «Զանգեզուր էքսիմպ» ընկերությանը, քանի որ այն մեծ շրջանառություն ուներ, խոշոր հարկատու էր: Այնուհետեւ Աղվան Հովսեփյանն առաջարկել է, որ Սարգսյանի հիմնադրած «Զանգեզուր էքսիմպ» ընկերության 100 տոկոս մասնաբաժինը գրանցեն իր որդու՝ Միսաք Հովսեփյանի անունով, Սարգսյանը համաձայնել է:
Վկան անդրադարձել է նաեւ Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում գտնվող Արփա գետի վրա նախատեսված փոքր ՀԷԿ-ի նախագծային փաթեթը գնելուն:
Նա պատմել է, որ 360.000 դոլարով վաճառել է Մոսկվայում գտնվող իր բնակարանը ու 400.000 դոլարով ձեռքբերել այդ նախագծային փաթեթը: Աղվան Հովսեփյանի հետ ունեցած բանավոր պայմանավորվածության համաձայն, ինքը պետք է այդ ընկերության եկամտի 50 տոկոսը Աղվան Հովսեփյանին տար, չնայած որ ներդրումներն ամբողջությամբ Սարգսյանն է կատարել ու 100 տոկոս բաժնեմասն էլ իրեն էր պատկանում:
Արշավիր Սարգսյանի ու Աղվան Հովսեփյանի համատեղ առաջին բիզնեսը եղել է ավտոմեքենաների տեխզննման կայանը 2007-ին:
Արշավիր Սարգսյանի խոսքով՝ գաղափարը իրենն էր, տեղեկացրել է Հովսեփյանին՝ այդ բիզնեսից 50 տոկոս բաժնեմաս ունենալու ակնկալիքով:
Սակայն Աղվան Հովսեփյանը հայտնել է, որ իր աշխատակիցներից Աշոտ Զալինյանը (Քննչական կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյա) նույնպես պետք է իրենց հետ աշխատի: Վերջինս էլ բերել է իր ընկերոջը, որը Դավթաշենում ուներ համապատասխան տարածք:
Այդ բիզնեսում Արշավիր Սարգսյանը ներդրել է մոտ 240.000 դոլար, որը ընկերության գործունեության արդյունքում ստացված շահույթից հետ է ստացել:
Վկան նաեւ պատմել է իր ու Աղվան Հովսեփյանի հարաբերությունների սրացման եւ համագործակցության ավարտի մասին:
Ըստ Արշավիր Սարգսյանի՝ ամեն ինչ սկսվել է 2015 թվականի սկզբներից, երբ Աղվան Հովսեփյանը կասկածամիտ վարք է դրսեւորել իր գործունեության վերաբերյալ: Իբրեւ թե ինքը ընդհանուր բիզնեսների համար վերցված վարկերը ծախսել է ոչ նպատակային, խաբել է Աղվան Հովսեփյանին:
Աղվան Հովսեփյանը, ըստ Արշավիր Սարգսյանի, հայտնել է, որ համատեղ բիզնեսի ժամանակահատվածի համար նոր հաշվարկներ պետք է կատարվեն: Սարգսյանն առաջարկել է աուդիտ իրականացնող ընկերություն հրավիրել: Բայց Աղվան Հովսեփյանը չի համաձայնել՝ ասելով, թե չի ցանկանում, որ իր եկամուտներն ու բիզնեսները բացահայտվեն: Ըստ Արշավիր Սարգսյանի՝ Աղվան Հովսեփյանը հայտնել է, որ հաշվեստուգումը կիրականացնի իր որդու կնոջ հայրը՝ Գարեգին Նուշիկյանը, որը մասնագիտությամբ տնտեսագետ է:
Վերջինս եկել, հաշվարկները ստուգել, վերջում իրեն հայտնել են, թե մոտ 3 միլիոն դոլար համատեղ բիզնեսում խաբել է Աղվան Հովսեփյանին: «Աղվան Հովսեփյանն ինձ առաջարկել է բոլոր բիզնեսները գրանցեմ իրենց անունով, ինչից հետո ինքը միջազգային աուդիտ կբերի, այդ աուդիտի միջոցով կորոշեն՝ ես խաբե՞լ եմ իրենց, թե՞՝ ոչ»,- հայտնել է Արշավիր Սարգսյանը: Վերջինս մերժել է Աղվան Հովսեփյանի առաջարկները ու մեկնել ՌԴ՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ