Լրահոս
Օրվա լրահոսը

Վայքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամի ընկերության հետ 22,5 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել. «Հետք»

Հոկտեմբեր 29,2024 18:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հետք». Վայք համայնքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Կառլեն Մինասյանին պատկանող «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ն 15 դպրոցի կառուցման 12 պայմանագիր է կնքել Տարածքային զարգացման հիմնադրամի և Քաղաքաշինության կոմիտեի հետ։ Եվս երկու պայմանագիր ընկերությունը կնքել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ Պայմանագրերով նախատեսվում է ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Այս 14 պայմանագրերի ընդհանուր արժեքը 22 մլրդ 500 մլն դրամ է։

2024 թվականի հունվարի 29-ին Տարածքային զարգացման հիմնադրամը պայմանագիր կնքեց «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ի հետ Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում դպրոց կառուցելու համար։ Պայմանագրի ընդհանուր գումարը 1 մլրդ 736 մլն դրամ էր։ Պայմանագրով նախատեսված է դպրոցի շինարարությունն ավարտել 760 օրվա (2 տարի 1 ամիս) ընթացքում։

«Էկո բիլդինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին։ Ընկերության հիմնադիրներն են՝ Արամ Մինասյանը և Կարինե Խաչատրյանը։ 2022 թվականից բաժնետոմսերի 100%-ն անցել է Արամ Մինասյանի որդուն՝ Կառլեն Մինասյանին։ Վերջինս Վայքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ է, 2021 թվականին «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրվել էր Վայքի համայնքապետի թեկնածու։

Կառլեն Մինասյանը Վայքի ավագանու ընտրություններից առաջ նույնպես ակտիվ է եղել ընտրական գործընթացներում։ 2018-ի արտահերթ խարհրդարանական ընտրությունների ժամանակ նա պատգամավորի թեկնածու էր Խաչատուր Քոքոբելյանի և Արամ Սարգսյանի գլխավորած «Մենք» դաշինքի ցուցակով։ Իսկ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մինասյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 20-րդ համարն էր։

Թեև քաղաքական դաշտում Մինասյանի բախտն այնքան էլ չբերեց, սակայն բիզնես գործունեության մեջ կարծես ամեն ինչ ավելի հարթ է ընթանում։ Միայն 2024 թվականի ընթացքում «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ի հետ Քաղաքաշինության կոմիտեն, ՏԿԵՆ-ը և Տարածքային զարգացման հիմնադրամը 14 պայմանագիր են կնքել։

Բացի Շինուհայրի դպրոցից, Կառլեն Մինասյանին պատկանող ընկերութjունը դպրոցներ և կրթահամալիրներ պետք է կառուցի Սյունիքի մարզի Խոտ, Գորայք, Սառնակունք, Հարթաշեն, Քարաշեն, Բռնակոթ, Կոռնիձոր, Անգեղակոթ, Ույծ և Նորավան բնակավայրերում, Արագածոտնի մարզի Ռյա Թազա, Վարդենուտ և Կարին բնակավայրերում և Վայոց ձորի Արենի բնակավայրում։ Այս 15 դպրոցների կառուցման համար «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ն ստացել է 17 մլրդ 660 մլն դրամ։

Մինասյանի ընկերությունը նաև 2 ճանապարհաշինական մրցույթում է հաղթել։

Արմեն Ղազարյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031