«Կա կարգապահական վարույթ, որի մասին պարոն Քոչարյանը խոսել է արդեն, որը պետք է քննարկվի՝ կապված հանրային լսումների հետ, որի մասին մենք հանրային խոսել ենք (ակնարկը թերեւս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին նախագահությունում նստեցնելու մասին է.-խմբ)։ Այս թեմայով ավելացնելու բան չունենք։ Մենք ասել ենք, որ այս հարցերը պետք է քննարկվեն՝ կուսակցության կանոնադրության համաձայն, կուսակցության վարչությունում։ Դրանից դուրս այլ մեկնաբանություններն իրականությունից դուրս են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` պատասխանելով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության մասին հարցին։
Նա հավելեց, որ կարգապահական վարույթի հարցը կուսակցության տիրույթում է եւ ինքն իրավասություն չունի մեկնաբանություններ անելու։
Անդրադառնալով ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից նրան զրկելուն, ՔՊ խմբակցության քարտուղարն ասաց, որ նման հարց օրակարգում չկա, նման դժգոհություններ գոյություն չունեն։ Նա հստակեցրեց՝ որեւէ քաղաքական, ընթացակարգային խնդիր չկա, նման հարցերը կուսակցությունում քննարկվում են, լուծումներ են գտնվում եւ առաջ են գնում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ արխիվային