2025 թվականի պետական բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջետային ծախսերը նախատեսված են 587 մլն դրամ: Այս մասին ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 29-ի համատեղ նիստում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Վահան Սիրունյանի խոսքով` ծախսերի 98,6 տոկոսն ընթացիկ ծախսերն են, նախորդ տարվա համեմատ դրանք չեն փոփոխվել: Ծախսերի շրջանակում նախատեսվում է իրականացնել մեկ ծրագիր` 2 միջոցառմամբ:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ներկայացնելով իր ղեկավարած կառույցի բյուջետային ծրագրերը, նշել է, որ այս ընթացքում կարեւոր է ՄԻՊ հաստատության շենքային պայմանների բարելավումը: Պաշտպանի գնահատմամբ դա նրանց առաջնային խնդիրներից մեկն է: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարեւորել է Կառավարության հանձնառությունը գործընթացն իրականացնելու ուղղությամբ: Նա նաեւ կարեւորել է ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը, որը եկող տարվա բյուջեի նախագծում ներառված չէ:
ՄԻՊ Անահիտ Մանասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են քրեակատարողական հիմնարկների խնդիրներին, երեխաների իրավունքների պաշտպանությանը:
Կարդացեք նաև
ԱԺ