Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադրված ենք մեր հայրենիքը սիրել հեռվից, մինչև կգա բաղձալի օրը․ «Ապառաժ»

Հոկտեմբեր 29,2024 16:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». Անահիտ Կասյանը, ՀՀ-ում ավարտելով միջնակարգ դպրոցը և բարձրագույն ուսում ստանալով ԱրՊՀ—ում, գործուղվել է Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի միջնակարգ դպրոց, հաստատվել այնտեղ։ 2008-ից մինչև Արցախի տեղահանումը աշխատում էր՝ որպես դպրոցի տնօրեն։ Այժմ նրա ընտանիքը հաստատվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում։ Անահիտը փոխտնօրենի պաշտոնում աշխատանքի է անցել տեղի միջնակարգ դպրոցում։

Սիրով և կարոտով է պատմում.

-Անկեղծորեն՝ շատ եմ սիրել Արցախը և, հաստատվելով Ծաղկաշատ գյուղում, օր օրի ավելի եմ կապվել հայրենի հողին, բնությանը, մարդկանց։ Թերևս դա էր պատճառը, որ որոշել եմ հիմնովին տեղափոխվել և ապրել Արցախում։ Ունեի սիրած աշխատանք, լավ կոլեկտիվ։ Ամեն ինչ ընթանում էր բնականոն հունով։ Արցախում են ծնվել երեք երեխաներս։ Իմ ամենաերջանիկ օրերն այնտեղ են անցել․․․

Տեղահանումից հետո Ճամբարակում հաստատված արցախցի ընտանիքը դժվարությամբ է հարմարվում նոր միջավայրին, հանդիպում բարդությունների

-Շատ դժվար ու ծանր օրեր ապրեցինք սկզբում։ Հարմարվելը խնդիր էր դարձել ընտանիքիս համար։ Որպես մեթոդիստ՝ աշխատում էի մանկապարտեզում, իսկ սեպտեմբերի 1-ից աշխատանքի եմ անցել դպրոցում՝ որպես փոխտնօրեն․ միաժամանակ դասավանդում եմ հայոց լեզու և գրականություն։ Ճամբարակի բնակիչները շատ ջերմ, բարեհամբույր և ապրումակցող մարդիկ են։ Առաջին իսկ օրվանից մեզ շրջապատել են իրենց մարդկային վերաբերմունքով, հնարավորության սահմաններում՝ աջակցել։

Ապրում ենք վարձով։ Հենց սկզբից մեր ընտանիքը կանգնել է արհեստական դժվարությունների և բարդությունների առաջ։ Ինձ փախստականի կարգավիճակ չտվեցին՝ պարզաբանելով, որ առաջին անձնագիրս տրամադրվել է ՀՀ-ում։ Ինքս ծնվել եմ Արցախում, այնտեղ է անցել իմ մանկությունը։ Երեք անգամ անձնագիր եմ ստացել Արցախում, աշխատել, փաստացի ապրել Ծաղկաշատում։ Ոչինչ չօգնեց․ պատասխանեցին, որ ՀՀ քաղաքացի եմ և պետք է փոխեմ անձնագիրս։ Նույն պարզաբանմամբ տղաս ևս չստացավ փախստականի կարգավիճակ։ Իսկ աղջկաս, ում կարգավիճակը ևս նույնն է, ընդհակառակը՝ ասացին, որ ՀՀ քաղաքացիություն չեն տալիս, և նա համարվում է փախստական։ Ընդ որում, նա 14 տարեկանից ապրում է ՀՀ-ում, սովորում և այժմ աշխատում է այստեղ։ Ուղղակի աբսուրդ է։ Կարծես իրենց ծրագրերով փորձում են փորձել մեր կամքն ու համբերությունը։ Տեղահանություն ապրած և այսօր դռնեդուռ ընկած արցախահայությանը պետք է մեկ աչքով նայել․ չէ՞ որ բոլորս ենք ապրել այդ ողբերգությունները։ Իմ կարծիքով, պետական աջակցության ծրագրերը ենթակա են վերանայման։ Արցախցիները փակուղային իրավիճակում են, և մարդիկ չգիտեն ինչպես դուրս գան այս լաբիրինթոսից։

Ճամբարակ համայնքում հաստատվել էին շատ արցախցիներ, բայց գարնանը շատերը լքեցին համայնքը աշխատանք չունենալու պատճառով։ Սահմանամերձ համայնքի հանրակրթական հաստատությունում եմ աշխատում, սակայն մանկավարժի ոչ մի լրավճարից չեմ օգտվում։

Արցախցի կինը չի ընկճվում, շարունակում է պայքարել

-Չնայած այս ամենին, շարունակում եմ լավատես լինել, չկոտրվել, հաղթահարել դժվարությունները։

2020-ից հետո Հայ ավետարանչական ընկերակցության կողմից գործող բիզնես-ծրագրի մասնակից եմ եղել Արցախում։ Որոշել էի հացի և խմորեղենի արտադրամաս բացել իմ հարազատ Ծաղկաշատում։ Հայտնի պատճառներով չստացվեց։

Այժմ համայնքում բացել եմ կոսմետոլոգիական սրահ։ Ձեռք եմ բերել բոլոր սարքավորումները։ Աշխատանքիս զուգընթաց՝ փորձում եմ նաև կայանալ այս բնագավառում։ Դեռևս վաղ է արդյունքներից խոսել, բայց վստահ եմ՝ կստացվի։ Չենք կարող ձեռքներս ծալած նստել․ օրվա մեր հացը ինքներս պետք է վաստակենք։

Անահիտ Կասյանն իր հայրենակիցներին մաղթում է

-Ուժ, համբերություն, տոկունություն եմ ցանկանում արցախցիներիս։ Իհարկե, չեմ կարծում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Երբեք հոռետես չեմ եղել, բայց հայրենիք, հող, հիշողություն և անցյալ կորցրած մարդը չի կարող հոգեպես, ֆիզիկապես լավ լինել։ Միշտ ապրելու ենք կիսադատարկ էությամբ՝ լցված հիշողություններով, կարոտով։ Հայրենազրկվեցինք, քանզի ինչպես հարկն էր՝ չսիրեցինք մեր տունը, մեր ունեցածն աչքի լույսի պես չպահեցինք։ Պարտադրված ենք մեր հայրենիքը սիրել հեռվից, մտքերով և հուշերով, մինչև կգա բաղձալի օրը․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031