Լրահոս
Օրվա լրահոսը

Չֆինանսավորված է մնում շարժական հեռուստակայանի ձեռքբերումը, եւ պետական նշանակության իրադարձությունները նկարահանելիս այն վարձակալվում է. Արա Շիրինյան

Հոկտեմբեր 29,2024 16:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ներկայացվել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հանրային հեռարձակողի խորհրդի և վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գալիք տարվա բյուջեների նախագծերը

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին 2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 375.9 միլիոն դրամ` ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը. ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը եւ հավելել. «Հատկացվող գումարը հիմնականում ուղղվում է հանձնաժողովի կողմից իրականացվող «Տեսալսողական մեդիայի ոլորտում կարգավորում» ծրագրին»:

Զեկուցողի խոսքով այն վարչական բնույթի ծախսային ծրագիր է, որի նպատակն է հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովումը, տեսալսողական ոլորտի վերահսկումն ու կարգավորումը:

Ըստ Գոհար Մամիկոնյանի` ծրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել տեսալսողական հաղորդումների պատրաստման եւ հեռարձակման` օրենսդրության պահանջների եւ լիցենզիայի պայմանների պահպանման նկատմամբ մշտադիտարկում ու վերահսկողություն եւ այլն:

Կառույցի ներկայացուցիչը խոսել է նաեւ այն խնդիրների ու մարտահրավերների մասին, որոնց բախվում է հանձնաժողովն իր գործունեության ընթացքում: Նա նշել է, որ կառույցը դրանք քննարկում է Ազգային ժողովի գործընկերների եւ մասնավորապես` Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ներկայացուցիչների հետ:

Զեկուցողը հիշեցրել է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը սահմանադրական կարգավիճակ ունեցող անկախ պետական մարմին է, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը, վերահսկում տեսալսողական մեդիա ծառայություն մատուցողների, օպերատորների եւ տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությունը:

Հանրային հեռարձակողի խորհրդի գալիք տարվա բյուջեի ծախսերի նախագիծը ներկայացնելիս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը տեղեկացրել է, որ Հանրային հեռարձակողի խորհրդի «Կառավարում, համակարգում եւ մոնիտորինգ» ծրագրով 2025 թվականին նախատեսվում է ծախսել 159 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ 6 մլն 650 հազար դրամով պակաս է: Դա պայմանավորված է այս տարի իրականացված 4 տոկոսի կրճատմամբ:

Հանրային հեռուստաընկերություն, Առաջինի լրատվական ալիք, Առաջինի միջազգային ալիք ծրագրերի համար նախատեսվում է 6 մլրդ 578 մլն դրամ, որը 2024 թվականի համեմատ ավելի է 181 մլն դրամով: Դա 2025 թվականի նախատեսված Առաջին ալիք Ամերիկա մալուխային գծով սփռման ծախսն է, որով Հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակվի Կալիֆորնիայի հայաշատ համայնքներում:

Հանրային ռադիոյի ծառայությունները կազմում են 570 մլն դրամ: Կրթական-մշակութային ուղղվածության հեռուստատեսային ծառայությունները («Շողակաթ» հեռուստաընկերություն) կկազմեն 221 մլն դրամ: Հանրային հեռարձակողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի գծով նախատեսվում է 9 մլն 200 հազար դրամ:

«Հանրային հեռարձակողի խորհրդի կարողությունների զարգացում եւ տեխնիկական հագեցվածության ապահովում» ծրագրով նախատեսված է 860,000 դրամ:

Չինաստանի հետ համագործակցության շրջանակում «Հայաստանի հանրային հեռուստաընկերության ենթակառուցվածքների ապահովում» ծրագրի շրջանակում նախատեսված է 434 մլն դրամ: Ծրագրի շրջանակում 8-րդ ստուդիան է կառուցվում, եւ դրան զուգահեռ հայկական կողմն ունի ենթակառուցվածքներն ապահովելու պարտավորություն:

Արա Շիրինյանը նշել է այն ծախսերը, որոնք Հանրային հեռուստաընկերությունը կատարում է իր եկամուտների հաշվին: Հեռուստահաղորդումների արտադրության եւ պատրաստման ընթացիկ ծախսերի մեջ դա կկազմի 329 մլն դրամ, Առաջին լրատվական ալիքի հանրապետական սփռման գծով` 54 մլն դրամ, իսկ ներկայացուցչական ծախսերն ամբողջությամբ կոմերցիոն եկամուտներից են: 106 մլն դրամ կկազմեն այլ ծախսերը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն իրազեկել է, որ շարունակաբար չֆինանսավորված է մնում շարժական հեռուստակայանի ձեռքբերումը, եւ պետական նշանակության իրադարձությունները նկարահանելիս այն վարձակալվում է: Ըստ Արա Շիրինյանի` երկարաժամկետ հաշվարկով դա ավելի թանկ է: Նա բարձրացրել է նաեւ եթերային սարքասրահի ու յոթերորդ տաղավարի թվայնացման խնդիրները:

Հանրային ռադիոյի ֆինանսական բյուջետավորման պատկերն Արա Շիրինյանը բնութագրել է թերֆինանսավորված: Եվրոպական փորձը մեջբերելով` նա նշել է, որ ե’ւ հանրային հեռուստատեսություն, ե’ւ հանրային ռադիո ունեցող երկրներում վերջիններիս ֆինանսավորումը բաշխված է 75 տոկոս հեռուստատեսություն եւ 25 տոկոս ռադիո համանմանությամբ: Մինչդեռ մեր երկրում այդ համամասնությունը կազմում է 85/15 տոկոս: Ըստ նրա` սա հաստատվում է նաեւ թվերով:

Արա Շիրինյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են պատմական թեմաներով ֆիլմերի նկարահանմանը, կինոժառանգության թվայնացմանը, «Շողակաթ» հեռուստաընկերության հաղորդումների` հանրության մշակութային հետաքրքրություններին համարժեք լինելուն:

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի «Հայաստան-Սփուռք գործակցության» եւ «ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերի իրականացման համար պետական բյուջեով նախատեսվել է 845 մլն 545 հազար դրամ: Նշվել է, որ «Հայաստան-Սփուռք գործակցության» ծրագրի շրջանակում իրականացվելու է 7 միջոցառում: Մուշեղ Ղուկասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` մանրամասն ներկայացնելով իրականացվելիք ծրագրերին վերաբերող պարզաբանումներ: Անդրադառնալով հանձնակատարի ինստիտուտին` զեկուցողը տեղեկացրել է, որ արդեն նշանակվել է 16 հանձնակատար աշխարհի տարբեր երկրներում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031