Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք առաջ անցաք, կռահեցիք, ինձնից երկար կապրեք, երևի դա լավ է այս պարագայում»․ Արմեն Աշոտյանը՝ Վահե Դոլմազյանին

Հոկտեմբեր 29,2024 16:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը հայտնեց, որ ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունից գրություն է ստացվել, ըստ որի՝ Արմեն Աշոտյանը խախտել է դատարանի որոշումը, մասնավորապես հաղորդակցվել է լրագրողների հետ, Արմեն Աշոտյանի անունից 09․10․2024-ին Aravot.am-ում և Hraparak. am-ում կատարվել են հրապարակումներ։ Նախագահող դատավորը Արմեն Աշոտյանին խնդրեց պարզաբանել։

ՀՀԿ փոխնախագահն ասաց․ «Եթե հիշում եք՝ իմ՝ տնային կալանքի որոշման նիստի օրը Ձեզ հարցրինք՝ արդյոք շարունակվո՞ւմ է իմ հնարավորությունը պահպանվել հանրային լրատվական միջոցներով հոդվածներ տպագրելու, թե՝ ոչ, քաղաքական հարցերին կարողանալո՞ւ եմ հրապարակավ պատասխանել և արդյոք հնարավորություն ունենալո՞ւ եմ նիստերի դահլիճից հետո պատասխանել լրագրողների բլից հարցերին։ Այդ թվարկած հնարավորությունները եղել են Նուրաբաշենում՝ իմ կալանքի ժամանակ։ Ձեր կողմից արտահայտած տեսակետն այն էր, որ տնային կալանքը չի կարող ավելի խիստ սահմանափակումներ ենթադրել, քան եղել է, ուստի ես շարունակել եմ քաղաքական բնույթի հոդվածներ գրել և փաստաբաններից միջոցով փոխանցել լրատվամիջոցներին։ Ես ունեմ անձնական օգտահաշիվ ֆեյսբուքում, որտեղ որևէ հրապարակում իմ կողմից չի արվել իմ կալանքի օրվանից սկսված մինչև այսօր։ Մյուսը ֆեյսբուքյան էջն է, ոչ թե հաշիվը, այդ էջին ևս երկու մարդ մուտք ունի, երբ կալանավորված էի, այդ էջում շարունակում էին արվել հրապարակումներ իմ կողմից ժամանակին այդ էջին «դոստուպ» տալու շնորհիվ երկու տարբեր մարդկանց կողմից։ Չպետք է տնային կալանքն ավելի խիստ ռեժիմ սահմանի, քան եղել է Նուբարաշենում։ Ձեր մատնանշած հրապարակումները եզակի հնարավորություն են իմ՝ քաղաքական գործունեությամբ շատ մասնակի զբաղվելու։ Այստեղ որևէ այլ բան չկա։

Ինչ վերաբերում է Պրոբացիոն ծառայությանը, հաշվետու ժամանակահատվածում՝ սեպտեմբերի 11-ից մինչև այսօր մեր տուն տասն անգամ այցելել են Պրոբացիոն ծառայությունից։ Թող բարով գան, հայկական օջախ են գալիս, տասն անգամ այցելել են։ Ըստ նրանց՝ որևէ խախտում արձանագրված չի եղել։ Այսինքն՝ ընթացիկ չորս օրը մեկ ստուգումների տակ եմ։ Շատ ուրախ եմ, որ ՀՀ-ում Պրոբացիոն ծառայությունն այդքան լավ աշխատում է, թեպետ արդեն մեկ ամիս ՝է արդարադատությունը չունի նախարար։ Հուսով եմ, որ մեր աշխատանքային ռեժիմը կշարունակվի մնալ նույնը Պրոբացիոն ծառայության հետ»։

Արմեն Աշոտյանը նաև Վահե Դոլմազյանին դիմելով՝ ասաց․ «Ձեր բացատրությունից ճի՞շտ հասկացա, որ, օրինակ՝ նիստը ավարտվեց, ես այստեղից մինչև շենքի ծերը ինչ հասցրի, կարող եմ պատասխանել լրագրողներին, հետո՝ ոչ»։ Վահե Դոլմազյանն արձագանքեց․ «Շենքի ծայրը չէ, դատական նիստերի դահլիճում»։

Վահե Դոլմազյանը նաև հավելեց՝ դա չի ենթադրում, որ դատական նիստի ավարտից հետո 10-20 րոպե սպասեք դահլիճում և հաղորդակցվեք լրագրողների հետ։ Արմեն Աշոտյանն էլ ասաց․ «Դուք առաջ անցաք, կռահեցիք, ինձնից երկար կապրեք, երևի դա լավ է այս պարագայում։ Ես երկու րոպե 30 վայրկյանից ավել երբեք հարցազրույց չեմ տվել։ Սիրտս վկայում էր, որ նման հարց է առաջանալու, յութուբով նայել եմ իմ հարցազրույցները այս ընթացքում»։

Արմեն Աշոտյանը նաև հավելեց՝ այս դատական նիստերն ունեն քաղաքական նշանակություն․ «Սա միակ տեղն է, որտեղ կարող եմ շփվել ԶԼՄ-ների հետ։ Արհեստական արգելքները էլ ավելի են ամրապնդելու ինձ այն տեսակետի մեջ, որ քաղաքական սահմանափակումները գերակա են դառնում իմ համեստ անձի նկատմամբ»։

Վահե Դոլմազյանը հակադարձեց․ «Դատարանի գնահատմամբ՝ որևէ մեկը չի կարող արձանագրել, որ արհեստական որևէ սահմանափակում է մտցվել Ձեր խոսքի իրավունքը սահմանափակելու համար»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031