Այս տարվա նոյեմբերին Մեքսիկայում կայանալիք «Միսս տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը: Նա փոխարինել է Իրինա Զախարովային, որն ազգությամբ ռուս է:
Հիշեցնենք, որ մրցույթը կայացել էր ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում, ժյուրիի անդամներն էլ ռուսներ են եղել, հաղթող էր ճանաչվել ոչ թե ազգությամբ հայ ու Հայաստանի քաղաքացի, այլ հենց Իրինա Զախարովան:
Քանի որ այս ընտրությունը մեծ աղմուկ էր հանել սոցիալական հարթակներում եւ հանրային տիրույթում, «Միսս տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթի պաշտոնական կայքում հայտարարություն էր հրապարակվել ու նշվել, որ Զախարովան չի կարող ներկայացնել Հայաստանը, քանի որ նրա ընտրությունը չի համապատասխանում «Միսս տիեզերքի» նախնական մրցույթի լիցենզիայի համաձայնագրի պահանջներին, ինչը խախտում է նաեւ Ազգային տնօրենների գործունեության ուղեցույցը, որը պահանջում է, որ տիտղոսակիրը ունենա այն երկրի վավերական անձնագիր, որը ներկայացնում է:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է Էմմա Ավանեսյանին, նա սոցցանցերում ներկայացված է որպես Էմմա Ֆելիչե: Ի դեպ, ինստագրամի իր էջում Էմման գրում է, թե դարձել է «Միսս տիեզերք-Հայաստան», նկար է հրապարակում այդ մրցույթի պաստառի ֆոնին, բայց իր ժապավենի վրա գրված է «Վիցե միսս Տիեզերք -Հայաստան», ինչը փաստում է, որ Էմմա Ավանեսյանն ընդամենը փոխարինում է Իրինա Զախարովային, որը խախտումներով էր ընտրվել եւ այդ ամենը կարող էր ինչ-ինչ հետեւանքներ ունենալ՝ ընդհուպ լիցենզիայից զրկում:
Էմման ազգությամբ հայ է, սակայն նրա քաղաքացիության հարցը նույնպես մշուշոտ է: Օրինակ` նրա հրապարակած լուսանկարներից մեկում նշված է, որ ծննդավայրը Հայաստանն է, սակայն սոցցանցերում նա ներկայացված է որպես ՌԴ քաղաքացի, դպրոցն ու համալսարանը նույնպես Ռուսաստանում է ավարտել: Ի դեպ, կայքերից մեկում նշված է, որ Էմմա Ֆելիչեն ծնվել է Արցախում՝ Չայլուում:
Մրցույթի հետ կապված այլ մանրամասներ՝ հաջորդիվ, եթե հաջողվի կազմակերպչից կամ մասնակցից մեկնաբանություններ ստանալ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ