«Ես այստեղ եկել եմ փող խնդրելու, որովհետեւ ես ունեմ 320 աշխատող, որոնցից 93-ը երաժիշտներ են, մնացածը լրագրողներ են, տեխնիկական ու վարչական աշխատողներ: Նրանք ստանում են շատ ցածր աշխատավարձեր: Այդ բալանսը որոշ չափով վերականգնելու համար ես ասել եմ, որ մինչեւ տարեվերջ ոչինչ չի փոխվում: Եթե գործադիրը, օրենսդիրը բարի գտնվեն, ավելացնեն մեր բյուջեն, իսկ եթե ոչ՝ մենք ստիպված կգնանք կրճատումների, օպտիմալացման»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Քոլոյանը՝ պատասխանելով Հանրային ռադիոյում հնարավոր կադրային ջարդերին վերաբերող հարցին։
«Մենք նույնիսկ տհաճություն ենք պատճառել մեր գործընկերներին, խնդրել ենք տեղավորվել սենյակներում մի քանի հոգով, որ ազատենք սենյակներ, դրանք տանք վարձով, որովհետեւ մենք հիմա փողի կարիք ունենք: Թիվ մեկ խնդիրը փողն է»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն ինչ անում են միջոցներ գեներացնելու համար․ «Ճարներս կտրած փորձում ենք սպոնսորություն գտնել, տարբեր հաղորդաշարեր, որ ունենան սպոնսորներ, որ դրանով կարողանանք խրախուսել լրագրողներին, դրանով գեներացնենք միջոցներ նոր հաղորդաշարեր ստեղծելու համար»։
Արմեն Քոլոյանը պնդում է, որ ռադիոյի աշխատակիցները խրախուսված չեն եւ շատ դժգոհ են իրենց վիճակից։
Մեկ այլ հարցի՝ ինչպե՞ս է ինքը վերաբերվում այն փաստին, որ 2018 թվականին ներկայիս վարչապետ նիկոլ Փաշինյանը կոտրեց ռադիոյի դուռը, Արմեն Քոլոյանը պատասխանեց․ «Ես ոչ մի վերաբերմունք չունեմ, չեմ ասում՝ դա լավ է կամ վատ է»։
Կարդացեք նաև
Հակընդդեմ հարցին՝ եթե հիմա ընդդիմությունը նույնն անի, վերաբերմունք կունենա՞, պատասխանեց․ «Կունենամ։ Թող անի»։
Արմեն Քոլոյանը հայտարարեց՝ Հանրային ռադիոն պետք է լինի չեզոք, անկախ, չպետք է գովաբանի ընդդիմությանը, չպետք է գովաբանի ընդդիմությանը եւ դա իր համար կարմիր գիծ է․ «Իմ նկատմամբ գրաքննության ճնշում բացառվում է»։
Հարցին էլ՝ կաշկանդված չէ՞ իր նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքով, պատասխանեց․ «Ոչ։ Ես Նիկոլ Փաշինյանին մեկ անգամ եմ տեսել»։
Իսկ մինչ պաշտոնին նշանակվելը՝ տարբեր պաշտոնյաների հետ իր հանդիպումներին ու քննարկումներին վերաբերվող հարցին էլ պատասխանեց․ «Ես այս քաղաքում եմ ծնվել-մեծացել․․․ Հանդիպել եմ, լավ եմ արել, դա իմ անձնական գործն է։ Ես չեմ ուզում ձեզ նշել, թե որ․․․ դա իմ մասնավոր գործն է»։
Նա վստահեցրեց, որ մրցույթի մասին հայտարարությունն է տեսել, ընդ որում, ոչ առաջին փուլում, ապա հայտը լրացրել է ու մասնակցել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Արմեն Քոլոյանի ֆեյսբուքյան էջից