«Ես տեղյակ չեմ այդ տեղեկությանը»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն պաշտոնանկ անելու մասին տեղեկություններին վերաբերող հարցին։ Լրագրողի դիտարկմանը, որ իրենից դժգոհ են ՔՊ-ականներ Հրաչ Հակոբյանը, Տիգրան Ավինյանը, Արմեն Փամբուխչյանը՝ Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց․ «Հետո՞։ Իսկ դուք գոհ ե՞ք»։
Նա դեմ չէ, որ կուսակցությունում իր վարքը քննարկվի, եթե հարցը բարձրաձայնված է եւ հավելեց, որ տեղյակ չէ նման հարցերից։ «Հիմա տեղեկացա։ Պետք է աղբյուրը գտնել»,- ասաց նա՝ տեղեկության սկզբնաղբյուր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողից պահանջելով ասել աղբյուրը․ «Բա որ չեք ասում, ուրեմն՝ սուտ եք գրել»։
«Անհասցե լուրերին ես երբեւիցե չեմ պատասխանում։ Կարձագանքեմ այն ժամանակ, երբ թաքնված աղբյուրի պատվիրատուի անունը կհնչեցվի»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայանը գրել էր, որ ՔՊ խմբակցությունից շատերը, այդ թվում՝ առանցքային անդամներ, կողմ են Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ անելուն, բայց դեռ այդ հարցը պետք է քննարկվի Նիկոլ Փաշինյանի հետ։
Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հնարավոր պաշտոնանկության հարցին, ասաց, որ շատ զարմացած է այդ տեղեկությունից, քանի որ կուսակցությունում նման օրակարգ չկա, նման հարց երբեւէ չի էլ քննարկվել։ Հարցին՝ իր գործընկերները չե՞ն ասել քննարկենք այդ հարցը, Հայկ Կոնջորյանը պատասխանեց. «Ես նման տեղեկատվություն չունեմ: Ես խմբակցության ղեկավարն եմ, երբ ասում եմ նման օրակարգ չկա, դա համարվում է խմբակցության լեգիտիմ որոշում»:
Նա, սակայն, չպատասխանեց լրագրողի հարցին՝ ինքը գո՞հ է Անդրանիկ Քոչարյանի աշխատանքից:
Անդրադառնալով արդարադատության նախարարի ընտրության ուշացման մասին հարցին էլ, Հայկ Կոնջորյանը պատասխանեց․ «Այսօր վարչության նիստ է լինելու, վարչության նիստից հետո, եթե լինի ընտրություն, ձեզ տեղյակ կպահեն վարչության անդամները: Թույլ տվեք չհայտնել թեկնածուների, նրանց քանակի մասին այս պահին, արդյունքների մասին ձեզ կտեղեկացնենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ արխիվային