Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն առաջարկում է փակել «Շողակաթ» հեռուստաընկերությունը, գումարները տրամադրել Հանրային ռադիոյին

Հոկտեմբեր 29,2024 14:30

Որպես քաղաքացի, ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի մոտ Հանրային ռադիոյի հեռարձակումները «մեծ հետաքրքրություն» չեն առաջացնում ու խնդիրն ինքը կապում է սակավ ֆինանսավորման հետ։ Ու այդ համատեքստում՝ հարց ունի՝ արդյոք առկա ֆինանսները օպտիմալ են ծախսվում․ այս մասին նա ասաց այսօր խորհրդարանում, 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

«Օրինակ, մենք ունենք «Շողակաթ» հեռուստաալիքը, որը պետք է հոգեւոր-մշակութային հեռարձակում իրականացներ․ բավական միատարր հեռուստաընկերություն է, միայն ներկայացնում է Հայ առաքելական եկեղեցուն։ Այսինքն, բովանդակությունը շատ միատարր է»,- հայտարարեց նա՝ ասելով, որ ֆինանսների արդյունավետության տեսանկյունից կարող է վերաբաշխումների կարիք լինի։ Նա առաջարկում է պետության կողմից «Շողակաթ» հեռուստաալիքին տրամադրվող գումարներն ուղղել Հանրային ռադիոյին։

Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը մանրամասնեց, որ չորս ալիք եւ չորս անսամբլ Հանրային ռադիոյի միջոցներով են գոյատեւում եւ այդպիսով հայկական ժողովրդական նվագարանների պահպանման հարց է լուծվում։ Նա բացատրեց, որ «Շողակաթ» հեռուստաալիքը փակելը եւ ֆինանսներն ուղղելը Հանրային ռադիո, արդյունավետ կառավարում չի, այլ «պանիկայի» մեջ գործողություն։ Ավելին, ինքը համարում է, որ «Շողակաթ» հեռուստաալիքը, Հանրային ռադիոն աշխատում են շատ արդյունավետ, հաճախ՝ իրենց կարողություններից առավել։

Արա Շիրինյանի պարզաբանմամբ՝ մշակութային ալիքի գոյությունը նաեւ միջազգային նորմ է եւ եթե նման ալիք չլինի, մեր հեռուստատեսությունը կդառնա «քաղաքական կուսակցությունների» հեռուստատեսություն։ Ճաշակի հարցով էլ չի վիճում, դա շատ մասնավոր նկատառում է համարում։

Գործընկերուհուն օգնության հասավ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Թագուհի Ղազարյանը, հիշեցնելով, որ դեմ չեն մշակութային ալիքի գոյությանը, բայց այն մրցույթով պետք է լինի․ «Վերցնել՝ տալ մի հատ կրոնական կազմակերպության, որն ամենեւին ամբողջ քաղաքացիներին չի ներկայացնում, բազմազանությունը ՀՀ-ի չի ներկայացնում եւ խտրականացնում է, այդ թվում եւ փոքրամասնություններին․ դրա մասին փակ քննարկումներին խոսել ենք։ Որ ասում եք՝ քաղաքական կուսակցությունների հասարակություն կդառնա, բացեք մայիս ամսվա «Շողակաթի» բոլոր հաղորդումները նայեք, կտեսնեք, որ իրենք միտինգներ են լուսաբանում, Հայ դատի գրասենյակի հայտարարություններն են տարածում «Սրբազան պայքարին» վերաբերվող․ սա եղավ մշակութային բա՞ն»։

ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանն էլ միացավ իր գործընկերներին՝ վերահաստատելով նրանց տեսակետը։

Իր հետագա դատողություններում, Թագուհի Ղազարյանը հայտարարեց՝ «Եկեղեցին քաղաքական կազմակերպություն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հա՝«Շողակաթն» էլ փակեք եւ փոխարենը «ռաբիս» մեկ այլ սլիք բացեք որ անբովանդակ սերիալներ արտադրի եւ բնակչութանը զբաղեցնի՝որ քաղաքական գործընթացներից հեռու պահեն։Ավելի ճիշտ չէ՞Ձեր աշխատավարձները կրճատեք եւ ազատված միջոցները տրամադրեք ձեզ գովաբանող ՀՀ-ին։«շողակաթ»ՀԸ-ն կրոնականից բացի նաեւ գիտահանրամատչելի եւ մշակութային մեծ նշանակություն ունի ։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031