Լրահոս
Օրվա լրահոսը

2025 թ.-ին ԿԳՄՍՆ-ին նախատեսվում է հատկացնել 362 մլրդ 627 մլն դրամ

Հոկտեմբեր 29,2024 14:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԿԳՄՍ նախարարությանը 2025 թվականին նախատեսվում է հատկացնել 362 մլրդ 627 մլն դրամ, որից ընթացիկ ծախսերը կկազմեն 236 մլրդ 772 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 125 մլրդ 855 մլն դրամ: Ընդհանուր ծախսերն ընթացիկ տարվա ծախսերից ավելի կլինեն 16 մլրդ 151 մլն դրամով կամ 4.7 տոկոսով: Ընդհանուր ծախսերը կավելանան 8.8 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը կնվազեն 2.3 տոկոսով: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պարզաբանել է, որ իրականում կապիտալ ծախսերի նվազում տեղի չի ունենալու, քանի որ 2024 թվականի համար նախատեսված գումարները հավանաբար ամբողջությամբ չեն ծախսվելու: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 29-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Սիսակ Գաբրիելյանը եւ Ծովինար Վարդանյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է գալիք տարվա համար նախատեսված ծրագրերն ու անելիքները` նշելով, որ տարեցտարի ավելանում են ԿԳՄՍ-ին հատկացվող գումարները: Կապիտալ ծախսերի համար նախատեսված միջոցներն ուղղվելու են մի քանի խոշոր ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես` հանրապետությունում շարունակվում է 300 դպրոցի եւ 500 մանկապարտեզի ծրագրի իրականացումը: Այժմ ընթացքի մեջ են 223 դպրոցի կառուցումը, հիմնանորոգումը եւ վերանորոգումը: Դրանցից 183-ը նոր կառուցվելիք դպրոցներ են: Արդեն աշխատանքներն ավարտվել են 35 դպրոցներում:

«500 մանկապարտեզների ծրագրով բոլորովին վերջերս Կառավարությունը հաստատեց ծրագրում ընդգրկված 364 նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը, որոնցից 157-ում արդեն աշխատանքներն ավարտվել են: 14.500 երեխաների մասին ենք խոսում, որոնք արդեն նոր պայմաններում նախադպրոցական հաստատություն են հաճախում: 207-ը դեռեւս ընթացքում են, որոնց շահառու երեխաների թիվը շուրջ 20.800 է: Առաջիկայում նույնպես այստեղ աշխատանքները կավարտվեն, ինչպես ծրագրված է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը հայտնել է, որ կան բնակավայրեր, որոնցում դեռեւս չկան նախադպրոցական ծառայություններ մատուցող հաստատություններ: Այդ բնակավայրերը քարտեզագրվել եւ դասակարգվել են, իրականացվում են որոշակի քայլեր` լուծելու համար այդ խնդիրը: «Կարեւոր եմ համարում ընդգծել, որ բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները հագեցվում են անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նա հավելել է, որ հանրապետության դպրոցները հագեցվում են նաեւ ժամանակակից բնագիտական լաբորատորիաներով:

Նախարարը տեղեկություններ է հայտնել նաեւ «Ակադեմիական քաղաք» խոշորածավալ ծրագրի ընթացքի վերաբերյալ` նշելով, որ 2025 թվականի պետական բյուջեի նախագծում այդ մասով առանձին բյուջետային ծրագիր է նախատեսված: Նշվել է, որ գալիք տարում մեծ թափով շարունակվելու է ծրագրի իրականացումը: 2024 թվականին ավարտվել է «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումը, իսկ 2025 թվականին հաստատման է ներկայացվելու «Ակադեմիական քաղաքի» ամբողջական գլխավոր հատակագիծը` տեղական օրենսդրությանը համապատասխան:

Ժաննա Անդրեասյանը նաեւ տեղեկացրել է, որ մեկնարկել են քաղաքաշինական զարգացման ուսումնասիրության, «Ակադեմիական քաղաքի» կառավարման մոդելի եւ տրանսպորտային նախագծի մշակման աշխատանքները` միջազգային հեղինակավոր գործընկերների հետ կնքված պայմանագրերով:

Հիմնական զեկուցողը մանրամասներ է ներկայացրել գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում, ինչպես նաեւ ուսուցիչների ատեստավորման, կրթամշակութային ծրագրերի վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են դասագրքերի տպագրությանը, ներառական կրթությանը, ուսումնական հաստատություններում սեռական ոտնձգության դեպքերին, երեխաների հոգեւոր կրթությանը, «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը, թանգարաններ այցելություններին, կապիտալ ծախսերին, դպրոցաշինությանը, փակված դպրոցներին եւ տվել պարզաբանումներ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031