Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչքան պատերը պաչում ենք, չենք կշտանում. «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ

Հոկտեմբեր 29,2024 14:22

«Գոյ» թատրոնի դերասանները երեկ մուտք են գործել իրենց թատրոնի տարածք ու գիշերել այնտեղ, նրանք այդ մասին տեսանյութ են հրապարակել:

Aravot.am-ի հետ զրույցում «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը ներկայացրեց, թե ինչ վիճակ է թատրոնում: «Հիմա հանդարտ, ներդաշնակ վիճակ է, նստած ենք, զրուցում ենք, շփվում ենք, մեր կարոտն ենք առնում, ինչքան պատերը պաչում ենք, չենք կշտանում: Երեկվանից այստեղ ենք, մեզ հետ մնացել են նաեւ ոստիկաններ, առավոտյան հերթափոխ է տեղի ունեցել: Մեր պահանջն ենք ներկայացրել;

Պահանջը հետեւյալն է՝ հրատապ տեղի ունենա հարցի լուծում, արդարադատություն լինի: Հիմա որ պատկան մարմինը կարձագանքի՝ հրատապությունից ելնելով, հարցի լուծման ելք կառաջարկի փաստաթղթով եւ ոչ թե բանավոր, այդ դեպքում, այսօր մինչեւ աշխատանքային օրվա ավարտին այդ ամենը կատարվելուց հետո, տարածքից դուրս կգանք, կգնանք մեր տներում կսպասենք, բայց ունենալով հիմք, որ օրինակ մեկ շաբաթից հարցը լուծվելու է փաստաթղթով: Իսկ եթե մինչեւ աշխատանքային ժամի ավարտը չունենանք այդ ամենը, ապա կանենք քայլեր, գործողություններ, որոնք հրապարակման ենթակա չեն»,- նշեց «Գոյի» կառավարման խորհրդի նախագահը :

Սարգիս Արզումանյանի ձեւակերպմամբ, հարցի լուծման տարբեր եղանակներ կան՝ նայած որ պատկան մարմինը այդ ամենին կարձագանքի. «Օրինակ` մենք երեկ նաեւ դիմում ենք ներկայացրել դատախազություն: Նկատել ենք խախտումներ կոնկրետ անձանց կողմից, որոնց պետք է քրեական պատասխանատվության ենթարկել, հիմա եթե խնդիր կլինի, որ դատախազությունը կարձագանքի, գրավոր կներկայացվի, որ դա վարույթ է վերցվել եւ 5 օրվա ընթացքում գործը կքննվի՝ արդյոք մեղավոր են մարդիկ, ում կողմից արվել է խախտում, սա եւս մեզ համար հիմք է, որ կունենանք իրատեսական եւ շոշափելի արդյունք ու փաստ դատարանում:

Հարցի լուծում տալու մյուս եղանակը ԿԳՄՍ նախարարությունն է, ում ասել ենք, բացատրել ենք, թե ինչպես ենք տեսնում հարցի լուծումը, այլընտրանքային տարբերակ ենք առաջարկել քննարկել, ծրագիր ենք ներկայացրել: Խոսքն այս դեպքում անկախ թատրոն լինելու, մեր տարածքում ստեղծագործելու մասին է: Այս մասին վաղուց ամեն ինչ ասել ենք: Պահանջները ամեն մի կառույցի առանձին են, դա էլ է մեզ համար ընդունելու, բայց այս դեպքում քննարկումը զրոյից սկսելու համար մենք չենք հանդիպելու, չենք գնալու ԿԳՄՍ նախարարություն, որովհետեւ ամեն ինչը ասել ենք»:

Սարգիս Արզումանյանը հիշեցրեց, որ ստեղծագործական գործընթացները խաթարված են. «Մենք չենք ստեղծագործում, որովհետեւ ընկել ենք մեր իրավունքի պաշտպանության հետեւից, ցանկանում ենք պաշտպանված զգալ, որպեսզի կարողանանք ստեղծագործել: Երեկվանից փորձում ենք ապացուցել, թեեւ դրա կարիքը չկար, որ մենք օրենքի ուժով իրավունք ունենք գտնվելու մեր թատրոնի տարածքում՝ մինչեւ դատարանը վճիռ կկայացնի»:

 

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյը» միավորվել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ, եւ այժմ միավորման վերաբերյալ կառավարության որոշումը «Գոյը» վիճարկում է դատարանում։ Մարտ ամսվա վերջից փակվել է թատրոնի դուռը եւ դերասանները չեն կարողանում մուտք գործել տարածք։

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031