Լրահոս
Օրվա լրահոսը

Հայուհու գիրքը Բուքինգեմյան դղյակում

Հոկտեմբեր 29,2024 13:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրերս համացանցում հանդիպեցինք հետաքրքիր, ավելին, տարօրինակ վերնագրով «Երջանկությունը համադրելով ՀՆԱ-ին» գրքի: Մեծ էր մեր զարմանքը, երբ կարդացինք հեղինակի անունը՝ բալետի արտիստ, Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեֆերենտ Մարիաննա Գորդոն-Պողոսյան:

Գրքի նախաբանում կարդում ենք. «Շատ հաճախ մենք վատնում ենք մեր կյանքը նույնիսկ առանց տարրական կամքի դրսևորման՝ հարցադրելու այդ կյանքի բուն պատճառը, դրա ապրեցնող աղբյուրները և մեզ յուրաքանչյուրիս շնորհված առաքինությունը: Որքան ենք մենք վերցնում, որքան վերադարձնում և ուր ենք հասել՝ սրանք այն բախտորոշ հարցերն են, որոնք դիրքորոշում են մեր տեղայնացումը դեպի երջանկություն ուղղորդող պրոգրեսիայի վրա: ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) թվերը դարձել են բոլորովին անարդյունավետ՝ մարդկային բարօրության առաջընթացը չափելու հարցում, քանի որ պետության տնտեսական զարգացումն արտացոլող թվերի աճը և ոչ մի աղերս չունի ժողովրդի իրական բավարարվածության մակարդակի հետ: Սահմանելով բոլոր կենդանի օրգանիզմների համընդհանուր ներդաշնակության առավել համապարփակ բանաձևը, ինչպես նաև նրանց համակեցության լավագույն տարբերակը՝ օգնեցին ինձ առաջադրել անձնական մի բաղադրատոմս՝ երկնապարգև Կյանքի Հավատամքիս վերաբերյալ»:

Արվեստագետի հետ հանդիպման սկզբում հետաքրքրվեցինք՝ ինչպես ծագեց «Երջանկությունը համադրելով ՀՆԱ-ին» գրքի գաղափարը: Մարիաննան հայտնեց, որ տվյալ աշխատությունն ի սկզբանե հանդիսացել է իր ատենախոսության պաշտպանության նյութը՝ Նիցայի Միջազգային առաջադեմ հետազոտությունների եվրոպական ինստիտուտում ուսանելու տարիներին: Հավելեց, որ հիշյալ բուհի ուսանողներին թեզի ղեկավարի կողմից առաջադրվել էր ատենախոսության թեմաների հստակ ցանկ, որը չէր ներառել իրեն հուզող և հետաքրքրություն հարուցող քննարկման թեման, հետևաբար, ինքը չի վարանել ցուցակին հավելել իր իսկ վերնագիրը, որը համոզիչ փաստարկների արդյունքում պաշտոնապես հաստատվել է և ներառվել ցանկում:

«Իմ ուսումնառության ընթացքում, որն, ի դեպ, ընթանում էր միաժամանակ երեք լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն գերմաներեն, յուրաքանչյուր օր դիտարկում և քննարկում էինք ինչպես եվրոպական, այնպես էլ այլ երկրների վարած ռեալ պոլիտիկի մարտահրավերների և առհասարակ 21-րդ դարի կողմից ուրվագծված երկիր մոլորակի աշխարհաքաղաքական նկրտումների գաղափարախոսական միտումներն ու հիմքում ընկած տրամաբանությունը: Ուստի այս ողջ աշխարհաճանաչման ջանքերիս արդյունքում, ինձ մոտ ձևավորվեց մի շատ՝ միգուցե պարզունակ հարց, թե ինչում է կայանում այս խելացնոր, համամոլորակային մրցավազքի վերջնարդյունքը: Բարձրակետը, գոնե ինձ համար պարզաբանվեց՝ խորհրդանշելով որպես երջանկություն», – ասաց նա:

Գրքում հանդիպում ենք արքայազն Չարլզի հետ Մարիաննայի որոշ մտերմիկ լուսանկարների: Այս առիթով, մեր հետաքրքրությանն ի պատասխան, արվեստագետը հայտնեց հետևյալը. «2013 թվականն էր: Մեր ընտանիքին պատկանող «Դոլմամա» ռեստորան պետք է այցելեր Անգլիայի Միացյալ Թագավորության՝ դեռ այն ժամանակ արքայազն Չարլզը: Բախտ ունեցա հայտնվելու նրա կողքին և այդ բացառիկ պահը բաց չթողնելով՝ իրեն ասացի, որ առիթ եմ ունեցել ընթերցելու նրա «Ներդաշնակություն» գիրքը, որի մի քանի թեզ նաև ցիտել եմ իմ գրքում: Նրա զարմանքի աստիճանը բավական բարձր էր, որը շատ ստույգ՝ արհեստավարժ լուսանկարչի կողմից արտապատկերվեց կցված լուսանկարում: Մեր արքունական երկխոսության ամփոփիչ մասում, նա ինձ խնդրեց իրեն ուղարկել իմ գիրքը, ոչ ավել ոչ պակաս՝ ճիշտ Բուքինգեմյան դղյակ հասցեով: Այդպես էլ արեցի, պաշտոնական՝ ձեռագիր նամակի ուղեկցությամբ գիրքս հասցեագրվեց արքայազնին»:

Մեր կարճատև, բայց ուշագրավ զրույցի ավարտին տեղեկացանք, որ Գերմանիայում 2013թ. Լամբերթ հրատարակչության կողմից հրապարակված այս գիրքը հասանելի է և վաճառվում է համացանցի ամենահեղինակավոր գրական հարթակներում անգլերեն լեզվով: Հուսանք, որ, թեկուզ ուշացումով, բայց երբևէ Մարիաննայի պատկերացրած երջանկության տիրույթը ընթերցողին հասանելի կլինի նաև հայերենով:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031