«Ազատություն». «Վրաց ժողովուրդն ընտրեց խաղաղությունը», – այսօր Թբիլիսիում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք գիտենք, թե ինչ է պատերազմը, քանի որ դա տեղի է ունենում հարևան երկրում։ Մենք նաև գիտենք, թե որքան կարևոր է խաղաղությունը։ Հունգարիան խաղաղասեր երկիր է, և մենք գնահատում ենք նաև ձեր խաղաղության ջանքերը։ Ոչ ոք չի ուզում կործանել իր երկիրը և ներքաշվել պատերազմի մեջ։ Ուստի մենք հասկանում ենք վրաց ժողովրդի կայացրած որոշումը. այն ընտրեց խաղաղությունը», – ըստ «Ազատության» վրացական ծառայության՝ հայտարարել է Օրբանը:
Վկայակոչելով հունգարացի դիտորդների զեկույցներն՝ Օրբանն ասել է, որ այնտեղ խոսքն ազատ և ժողովրդավար ընտրությունների մասին է։
Հունգարիայի վարչապետը միևնույն ժամանակ հայտարարել է, որ իշխող կուսակցությունը հավատարիմ է եվրաինտեգրմանը։ Կոբախիձեն էլ ասել է, թե Օրբանի այցը Եվրամիության Խորհրդում Հունգարիայի նախագահության ընթացքում հատուկ նշանակություն ունի՝ շեշտելով, որ ԵՄ ինտեգրումը Թբիլիսիի արտաքին քաղաքականության գերակայություններից է։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: