«Դուք համեմատեցիք 1991-2017 թվականին կառուցվող դպրոցները եւ 2018-ից այս կողմ կառուցվող եւ նորոգվող դպրոցները․ սա ոչ թե խնձորը նարնջի հետ համեմատել է, այլ իրականում սմբուկը բանանի հետ եք համեմատում»,- այսօր խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք, իր խոսքում Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ 1991-2017 թ.թ. ՀՀ-ում 192 դպրոց է կառուցվել, մեծ մասը՝ աղետի գոտում, իսկ 2021-2024 թվականներին սկսվել են եւ ընթացքի մեջ են 223 դպրոցների կառուցման, հիմնանորոգման կամ նորոգման աշխատանքները։ Նրա խոսքով՝ վերջին 3 տարիներին կատարված աշխատանքն «ահռելի է», եւ ծավալով ավելին է, քան նախորդ 25 տարիների ընթացքում․ «Աշխատանքներն ավարտված են 35 դպրոցում, և նշածս դպրոցների շահառու երեխաների թիվը 72 հազար աշակերտ է, և նրանց թիվը կհասնի շուրջ 100 հազարի։ 300 դպրոցների ընդհանուր շահառու դպրոցների մասին եմ խոսում, որը մեր հանրապետության սովորողների շուրջ 25 տոկոսն է, ինչը նշանակում է, որ 300 դպրոցի ծրագրի միջոցով մենք հանրապետության շուրջ 25 տոկոս սովորողների համար ստեղծում ենք բարեկարգ եւ ժամանակակից պայմաններում սովորելու հնարավորություն»։
Ավելի ուշ, երբ Ժաննա Անդրեասյանը պատասխանում էր պատգամավորի՝ ուսուցիչների աշխատավարձերին վերաբերվող հարցին՝ ասելով, թե ճշտումներ է անցկացրել, իր ծանոթ ուսուցիչները ահազանգում են, որ աշխատավարձի 50 տոկոսի համամասնությունը չի պահպանվում, ասաց, որ մեջբերելով իր ծանոթ մի քանի ուսուցիչների զանգերը, պատգամավորը վարվում է այնպես, ինչում մեղադրում էր նախարարին․ «Տանձը խնձորի հետ եք համեմատում»։
Պատգամավորը դասագրքերի որակից էլ հետաքրքրվեց՝ օրինակ բերելով ինֆորմատիկա առարկայի դասագրքերը․ ասենք՝ 2012 թվականի «Word» ծրագիրը 2024 թվականի նույն ծրագրի հետ։
Կարդացեք նաև
Մի «մարգարիտ» էլ Արթուր Խաչատրյանը քիմիայի դասագրքից բերեց․ «Դիմիր ՏԻՄ համապատասխան բաժինների աշխատակիցներին, բնապահպանության մասին է խոսքը, համագործակցության խնդրանքով։ ՏԻՄ աշխատակիցների աջակցությամբ կազմակերպիր իրազեկման աշխատանքներ՝ տարածքի բնակիչների եւ գործող ձեռնարկությունների պատասխանատու աշխատակիցների հետ։ Աշխատանքները գործնականում արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ սահմանիր հերթապահություն, ըստ տարածքի, նշելով պատասխանատու դպրոցը եւ հերթապահության օրը»։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ մոնիտորինգ կա՞, քանի 7-րդ դասարանցի է հետեւել քիմիայի դասագրքի այս հորդորին։
«Ուզում եմ հասկանալ՝ ձեր հարցի մեջ թերահավատություն կա մեր 12 տարեկան երեխաների՞ հանդեպ, ՏԻՄ-ին նրանց հարցեր ձեւակերպելո՞ւ կարողության, թե՞ այդ աշխատանքի կարեւորության»,- արձագանքեց Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ կրթական պետական չափորոշիչներով կարեւոր է, որ մենք մեր երեխաներին փոխանցենք ոչ միայն գիտելիք, այլեւ արժեք, դիրքորոշում եւ կարողունակություն՝ գիտելիքը կիրառելու։ Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ սա քաղաքացի դաստիարակելու եւ կրթելու ամենաուղիղ ճանապարհն է, որն իրականացվում է կրթական նոր չափորոշիչներով։ Նախարարը ցավում է, որ սա պատգամավորի մոտ թերահավատություն է առաջացնում։ Ժաննա Անդրեասյանը նաեւ ասաց, որ կրթական էքսպոներին եթե պատգամավորը մասնակցած լիներ՝ կշփվեր նման երեխաների հետ, կտեսներ, թե ի՞նչ ծրագրեր են նրանք արել տարբեր մարզերում։
Մանրամասները՝ տեսանյութում
2025 թվականին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կարիքների համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 362 մլրդ 627 մլն դրամ։ 236 մլրդ 772 մլն դրամ կուղղվի ընթացիկ ծախսերը հոգալու համար։ Այս գումարի մեջ, կապիտալ ծախսերը կկազմեն 125 մլրդ 855 մլն դրամ։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի փոխանցմամբ, 2024 թվականի համեմատ ոլորտի ծախսերի աճը կկազմի 4,7 տոկոս։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ