Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները, հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ, շարունակում են մրցելույթները Բուդվայում ընթացող աշխարհի առաջնությունում:
Մրցումային վեցերորդ օրը ռինգ մտած հինգ բռնցքամարտիկներից չորսը մեծ առավելությամբ առավելության հասան մրցակիցների նկատմամբ: Ընդ որում, բոլոր տղաներն էլ նոկդաունի ենթարկեցին մրցակիցներին:
Մասնավորապես, 57 կգ քաշային կարգում Էրիկ Առստամյանը երեք ռաունդներից յուրաքանչյուրում մեկական անգամ նոկդաուն արեց թուրք Ֆիդան Սարգիին:
80 կգ քաշային կարգում ռինգի տերերից Ֆիլիպ Կլեպոյի հետ Արմեն Պողոսյանի մենամարտում ռեֆերին երկու անգամ ստիպված եղավ հաշիվ բացել եւ ի վերջո դադարեցնել պայքարը:
Կարդացեք նաև
Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) եւ Արշակ Բաբլումյանը (71 կգ) նույնպես նոկդաունի ենթարկելու հարցում հետ չմնացին թիմակիցներից:
Այսօր երեկոյան ռինգ է մտնելու 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը, որը մենամարտելու է Իսրայելը ներկայացնող Ռահալ Աբդալահի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ