Տավուշում ներդրված կրթական նոր չափորոշիչների արդյունքում կրթական արդյունավետություն ենք արձանագրել․ այս մասին այսօր խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին։
«Սա մի արդյունք է, որով երկիրը պետք է հպարտ լինի»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս փորձը փաստում է, որ ամբողջ հանրապետությունում պետք է ներդրվեն կրթական նոր չափորոշիչներ։
Լիլիթ Գալստյանը նաեւ հետաքրքրվել էր՝ հայագիտությունը՝ իբրեւ Հայաստանի տարածքում զարգացող գիտություն, ի՞նչ առաջնահերթություն եւ արժեւորում ունի։
«Հայագիտության զարգացմանը շատ լուրջ ենք վերաբերվում»,- պատասխանեց Ժաննա Անդրեասյանը՝ օրինակ բերելով այս տարի Մատենադարանում կազմակերպված գիտաժողովը եւ դրա արդյունքները։ Նա նաեւ հավելեց, որ 2022 թվականից սկսած՝ հումանիտար ոլորտին տրամադրվող բազային ֆինանսավորման ցուցանիշների աճը ցույց է տալիս պետության վերաբերմունքը։
Կարդացեք նաև
Ընդդիմադիր պատգամավորին հետաքրքրում էր նաեւ, թե «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի միջոցներն ինչպե՞ս են գոյանում, 2025-ին ի՞նչ պայմանագրեր են սպասարկելու այդ մասով։ Ժաննա Անդրեասյանը մանրամասնեց, որ ֆինանսավորումը պետբյուջեի միջոցներից է։
Մանրամասները՝ տեսանյութում
2025 թվականին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կարիքների համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 362 մլրդ 627 մլն դրամ։ 236 մլրդ 772 մլն դրամ կուղղվի ընթացիկ ծախսերը հոգալու համար։ Այս գումարի մեջ՝ կապիտալ ծախսերը կկազմեն 125 մլրդ 855 մլն դրամ։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի փոխանցմամբ, 2024 թվականի համեմատ ոլորտի ծախսերի աճը կկազմի 4,7 տոկոս։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ