Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն կանոնադրությունից հեռացրել է «ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին» բառերը. «Ժողովուրդ». ԹԱՐՄԱՑՈՒՄ

Հոկտեմբեր 29,2024 11:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔՊ կուսակցության գլխավոր փաստաթուղթ կամ «սահմանադրություն» համարվող կանոնադրության մեջ կուսակցության սիմվոլ հանդիսացող «ձեռքսեղմում» պատկերը համարվել էր Արարատ լեռան հոմանիշ։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ իշխող կուսակցության գլխավոր փաստաթղթում խմբագրում է կատարվել եւ հեռացվել է «Արարատ լեռ» բառակապակցությունը։ Հետաքրքիր է՝ կանոնադրության սույն փոփոխությունը պետական գրանցում ստացե՞լ է պետական ռեգիստրում, թե՞ ՔՊ վարչության վերջին ընտրությունների պես կատարվել է կեղծիքով։

ԼՐԱՑՈՒՄ. ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը պարզեց, թե երբ է կանոնադրությունից հեռացվել «Արարատ լեռը», և արդյոք փոփոխված տարբերակը առկա է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների՝ հիմնադրվելուց ի վեր «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է նոր խմբագրությամբ երեք կանոնադրություն՝ 2015-ին, 2019-ին և 2022-ին։

 

«Ժողովուրդը» օրաթերթը ճիշտ է՝ 2015-ին ՔՊ-ի հիմնադիր համաժողովի որոշմամբ ներկայացված կանոնադրության մեջ «Արարատ լեռը» հիշատակվում էր կուսակցության խորհրդանիշի բաժնում. նշվում էր խորհրդանիշ համարվող ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին։

Էկրանապատկերը՝ «Քաղաքացիական պայմանագրի»՝ 2015-ին ընդունված կանոնադրությունից. աղբյուրը՝ պետական ռեգիստր։

 

2019-ին, երբ կուսակցությունը ներկայացրել էր նոր խմբագրությամբ կանոնադրություն, «Արարատ լեռը» դեռ հիշատակվում էր կուսակցության խորհրդանիշի բաժնում՝ նույն բովանդակությամբ։

Էկրանապատկերը՝ «Քաղաքացիական պայմանագրի»՝ 2015-ին ընդունված կանոնադրությունից. աղբյուրը՝ պետական ռեգիստր

 

Ու թեև «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, թե ՔՊ-ն կանոնադրությունից «Արարատ լեռը» հեռացրել է վերջերս՝ «Սահմանադրությունից հայանպաստ հոդվածները վերացնելուց հետո (հավանաբար նկատի ունենալով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշումը, որում անդրադարձ էր կատարվում Անկախության հռչակագրին, քանի որ վերջերս Սահմանադրության որևէ հոդված չի փոփոխվել և չի հեռացվել), իրականում այս փոփոխությունը իրականացվել է դեռ 2022-ին։

Ինչպես տեղեկանում ենք իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա փաստաթղթերից, ՔՊ-ն 2022 հոկտեմբերին ներկայացրել է նոր խմբագրությամբ կանոնադրություն, որի տեքստում արդեն իսկ բացակայում էր «Արարատ լեռը», ձեռքսեղմում խորհրդանիշն այլ կերպ է բացատրվում։


Էկրանապատկերը՝ «Քաղաքացիական պայմանագրի»՝ 2022-ին ընդունված կանոնադրությունից. աղբյուրը՝ պետական ռեգիստր։

 

Կանոնադրության այս տարբերակն է ներկայում տեղադրված կուսակցության պաշտոնական կայքում։

Իրականում 2020-ի պատերազմից հետո ՀՀ կառավարությունը շատ հարցերում է փոխել հռետորաբանությունը։

2023-ի գարնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց հակադրել Արարատ և Արագած լեռները։ Նա «դժգոհում» էր, թե մարդկանց բնակարաններում չկա Արագածի նկարը և հայտարարում, որ տանը և աշխատասենյակում պետք է Արագածի նկարը տեղադրի։

Եվ երբ լրագրողները նրան հարց ուղղեցին, թե արդյոք այս խոսույթը դաշտ է նետվել Թուրքիայի հետ հարաբերությունների ֆոնին և Անկարայից եկող ուղերձներից ելնելով, Փաշինյանը նշեց, թե խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք հանդիսացող և չհանդիսացող հատվածների մասին է, և Արագածը ՀՀ-ում է, իսկ Արարատը ՀՀ-ում չէ։

«Հիմա եկեք սա նայենք հակառակ կողմից, Թուրքիայում նայում են, ասում են՝ Արարատը (…) Թուրքիայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մեջ է։ Սա կարծում եմ՝ փաստ է։ Հայաստանում երեխեքը որտեղի՞ց են իմանում այդ ինֆորմացիան. իմանում են դպրոցներում դասի գնալուց։ Այսինքն՝ կառավարության կողմից իրականացվող կրթական քաղաքականության արդյունքում։ Ասում են՝ լավ, եթե էս երեխեքը հիմա ասում են, որ Հայաստանի ամենաբարձր սարը Արարատն է, ոչ թե Արագածը, էս նշանակո՞ւմ է արդյոք, որ ՀՀ-ն տարածքային պահանջներ ունի Թուրքիայի նկատմամբ։ Եթե ՀՀ-ն Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, ինչո՞ւ մենք որևէ ձևով աջակցենք, որ ՀՀ-ն զարգանա։ Ընդհակառակը, եթե իրենք մեզնից տարածքային պահանջներ ունեն, հակառակը՝ ամեն ինչ պետք է անենք, որ իրենց ոչնչացնենք։ Եվ հիմա հարց՝ Հայաստանի ամենաբարձր սարը ո՞րն է՝ Արագածը»,- 2023-ի մայիսի 22-ին ասում էր Փաշինյանը։

 

Այսպիսով «ժողովուրդ» օրաթերթի պնդումը, թե ՔՊ-ն կուսակցության կանոնադրությունից հեռացրել է Արարատ լեռան մասին հիշատակումը, ճիշտ է։ Սակայն դա տեղի է ունեցել ոչ թե վերջերս, այլ 2022-ին։ Եվ այո՛, թարմացված կանոնադրությունը տեղադրված է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031