Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի քաղաքական գիծը սպասարկող արևմտամոլ ուժերը պարտվեցին, որոնք ընտրություններից առաջ ներկայացնում էին, թե շռնդալից հաղթանակ են տանելու։ Ճիշտ է, Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել Վրաստանի ԿԸՀ-ին հետաքննել խորհրդարանական ընտրությունների խախտումները, սակայն այդ խախտումների հետաքննությունն էական դերակատարություն չի կարող ունենալ ընտությունների արդյունքների վրա, քանի որ «Վրացական երազանքը» հաղթանակ է տարել զգալի առավելությամբ։
Բայց ընդդիմադիր կուսակցությունները չեն համակերպվում գրանցված արդյունքների ու իրենց պարտության հետ, դրա համար էլ հայտարարել են, թե չեն ճանաչում ընտրությունների արդյունքները ու չեն մասնակցելու նորընտիր խորհրդարանի աշխատանքներին։ Ընտրությունների արդյունքները չեն ճանաչում այնպիսի ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք կամ հազիվ 10 տոկոս քվե են ստացել, կամ նույնիսկ այդ 10 տոկոսը չեն ստացել։ Ու ընդդիմադիր ուժերի ձայները գումարային հաշվարկով կազմել են ընդամենը 37 տոկոս։ Այսինքն՝ ակնհայտ է, որ նրանք որևէ շանս չունեն։ Այնինչ, վրացական «արևմտյան» ընդդիմությունը հույսեր է կապում, թե Արևմուտքի մեծ աջակցության արդյունքում իրենք կարող են եղանակ փոխել երկրում մեկ այլ ճանապարհով՝ բողոքի ակցիաների ու խժդժությունների հրահրման միջոցով։ Իսկ իշխանությունները հավաստիացնում են, որ խժդժությունների հրահրման փորձերը կոշտ արձագանքի կարժանանան։ Բայց պետք է նկատի ունենալ, որ վրացական ընդդիմության դիրքերը կարող են առաջիկայում զգալիորեն թուլանալ, հատկապես երբ նկատի ենք ունենում, որ հավանական է՝ ԱՄՆ-ում նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններում հաղթանակ տանի թեկնածուներից Դոնալդ Թրամփը։
Թրամփի թիմն ավելի շատ պահպանողական քաղաքական դիրքավորում ունեցող քաղաքական ուժերի հետ համագործակցության փորձ ունի, և լիբերալ ուժերը նրա դեմ են աշխատում։ Բացի այդ, վերջինիս նախագահության տարիները ցույց տվեցին, որ նա ավելի շատ կենտրոնանում է ներամերիկյան խնդիրների վրա՝ մասնավորապես անլեգալ ներգաղթի դեմ պայքար, տնտեսության խթանում և այլն, քան արտաքին աշխարհում ԱՄՆ-ի ազդեցության ընդլայնման։ Իսկ ԱՄՆ-ի կողմից իզոլացիոնիստական արտաքին քաղաքականությունը ենթադրելու է, որ Հարավային Կովկասում Արևմուտքի դիրքերը թուլանալու են, քանի որ Եվրոպան առանց ԱՄՆ-ի գործուն աջակցության ի վիճակի չէ ապահովել իր ազդեցության ընդլայնումը։ Սա իր հերթին ենթադրում է, որ տարածաշրջանում ուժեղանալու են Ռուսաստանի դիրքերը։ Ուստի, եթե նկատի ենք ունենում, որ Վրաստանը Ռուսաստանի հետ համագործակցում է, իսկ Ադրբեջանն իրեն տեղավորել է պրոռուսական գծի մեջ, ապա այս իրավիճակը վճռորոշ է լինելու Հայաստանի կողմնորոշման առումով։ Քանի որ Թուրքիան Ադրբեջանին աջակցելու միջոցով Հարավային Կովկասում վերջնականապես հաստատվելու մտադրություն ունի, ապա Հայաստանի դիրքորոշումը Ռուսաստանի համար կարող է առանցքային դերակատարություն ունենալ Անկարայի պանթուրքական ծրագրերի դեմն առնելու տեսանկյունից։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։