Կենտրոնանանք կոնկրետ Արցախի հարցի փակված-չփակված լինելու վրա: Այն փակված չէ ու չի էլ կարող փակված լինել, քանի դեռ կան մարդիկ, մեր այն հայրենակիցները, որոնք բառացիորեն դեռ 1-1,5 տարի առաջ ապրում էին իրենց բնօրրան հայրենիքում:
Հարցը փակված չէ, քանի դեռ կան մարդիկ, որոնք կռվել են այդ հայրենիքի ազատագրման համար ու պաշտպանել են այն: Քանի դեռ կան մարդիկ, որոնք ամենահարազատին՝ որդուն, եղբորը, հորը, պապին են կորցրել հանուն Հայրենիքի այդ հատվածի գոյության: Կարճ ասած՝ քանի դեռ թարմ է հայրենի բնօրրանի հիշողությունը, Արցախի հարցը փակված չէ: Ու դա հրաշալի հասկանում է նաև փաշինյանական իշխանությունը, որը հատուկ այնպես է անում, որ Արցախից բռնի տեղահանված, գործնականում էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցները հնարավորինս ցաքուցրիվ ապրեն, հավաք բնակություն չունենան մեկ-երկու կոնկրետ վայրում՝ կտրվելով միմյանցից, զրկվելով իրենց բարբառով ոչ վիրտուալ հաղորդակցվելուց, իրենց ավանդույթները հնարավորինս պահպանելուց:
Հազարամյակներով իրենց հողուջուրը, իրենց ինքնությունը պահած մարդկանց… նպաստի խնդրարկուի են վերածել: Այդ ամենը նպատակաուղղված է արցախցիներին Հայաստանից հեռացնելուն և «Արցախի հարցն» այդ չափով, այսպես ասած, «փակելուն»: Բայց նաև ակնհայտ է, որ այս իշխանությունից ազատվելուց, ազատագրվելուց հետո ձևավորվելիք ազգային իշխանությունը կրկին բացելու է «Արցախի հարցի» թղթապանակը:
Վերջին հաշվով, իրականացվել է ցեղասպանություն: Ու դա հենց այնպես անցնելու է, գնա՞: Այդ ամենը շատ ավելի լավ հասկանում է նաև մեր դարավոր թշնամին, որը հենց դրա համար էլ իր շահած «փաշինյանական» իշխանություն-բոնուսի միջոցով ձգտում է այնպես անել, որ արդեն վաղը, մյուս օրը փակի հենց բուն «Հայկական հարցը», այս անգամ՝ առհավետ:
Կարդացեք նաև
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Մարի Ասատրյանի