Գյումրին կառավարող քաղաքական ուժը՝ «Բալասանյան դաշինքը» այսօր պաշտոնապես հրաժարվեց այս քաղաքի կառավարումից։
Ավագանու 14 անդամներ, ներառյալ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը վաղաժամկետ վայր դրեցին իրենց մանդատները:
Թե ինչո՞ւ, իրական պատճառների մասին գյումրեցիներն այդպես էլ հնարավորություն չունեցան տեղեկանալ․ երկու տարի շարունակ, իսկ ավելի ճիշտ՝ 2012 թվականից այս քաղաքը ղեկավարող բալասանյանականները հեռացան առանց հրաժեշտի խոսքի, առանց իրենց ձայն տվողներին բացատրություն տալու ու ներողություն խնդրելու։ Գուցե նրանք մտածում են, որ ամեն ինչ պարզ է․ իրենք հեռանում են «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողատարածքների շուրջ ստեղծված քրեական պատմության, կալանավորումների ֆոնին։
Կարդացեք նաև
Ու որքան էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները պնդեն, որ բալասանյանականների հանդեպ քաղաքական ճնշումներ չկան․ նրանց կալանավորման հարցում քաղաքական ենթատեքստ չպիտի փնտրել, ընդամենը իրավական գործընթաց է, դա առնվազն ինքնախաբկանք է ու գյումրեցիներին դժվար թե կարողանան նման անգիր արած տեքստերով համոզել, որին իրենք էլ չեն հավատում։
Քաղաքական ճնշումների ապացույցը Գյումրու իշխանության այսօրվա հրաժարականն է․ ինչո՞ւ պիտի «Բալասանյան Դաշինքը» լքեր իշխանությունը, երբ գյումրեցիներն ամենաշատը իրենց էին վստահել՝ քվե տալով, ինչո՞ւ պիտի բալասանյանականները՝ բաժնի պետերով, աշխատակիցներով, ցանկանային գործազուրկ դառնալ, եթե չլինեին ճնշումներ։
Ինչևէ, թե ի՞նչ է սպասվում Գյումրիում, շատերի համար գուցե կանխատեսելի է․ կգա ՔՊ-ն իր Ժ/Պ-ով, այնուհետ կլինեն արտահերթ ընտրություններ,Ժ/Պ-ն կդառնա քաղաքապետ, սակայն նկատենք, որ Գյումրին միստիկ, անկանխատեսելի քաղաք է՝ անակնկալներ սիրող ու մատուցող, հետևաբար և այս քաղաքի համար սցենար գրելն ու նույնությամբ իրականացնելը բավական բարդ է։
Այնպես որ ինտրիգները դեռ առջևում են։
Ի դեպ, գյումրեցի ընտրողների մասին նման կարծիքի են նաև նրանց խորությամբ ճանաչող քաղաքական մեկնաբանները։ Օրինակ՝ Դերենիկ Մալխասյանը, ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ գրելով․ «Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման օպերացիան Գյումրիում․ ՔՊ-ականներն իրենց «վոժդի» գլխավորությամբ Գյումրիում իշխանության դասական բռնազավթում են իրականացնում։ Ուժային կառույցների ռեպրեսիվ մեթոդներով քաղաքի արդեն նախկին ղեկավարությանը ստիպեցին հրաժարական տալ։ Նպատակը ՔՊ-ի միանձնյա իշխանությունն է հանրապետության երկրորդ քաղաքում։ Սա ոչ այլ ինչ է, քան ոտքերը սրբել տեղական ինքնակառավարման սկզբունքների ու օրինականության վրա։
Մյուս կողմից, ՔՊ-ականների՝ Գյումրիում իշխանազավթման օպերացիան իսկական արհամարհանք ու անհարգալից դրսևորում է գյումրեցիների նկատմամբ։ 2021թ․-ի աշնանը գյումրեցիներն իրենց քաղաքում հրաժարվել էին իշխանություն վստահել ՔՊ-ական խմբակին, բայց 3 տարի անց ՔՊ-ականները զոռբայությամբ իրենց իշխանությունն են պարտադրում գյումրեցիներին։
Գյումրեցիների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տվեց նաև «Բալասանյան դաշինքը», որն առանց հոդաբաշխ բացատրության քաղաքը հանձնում է ՔՊ-ին։
Երբ ԱԺ-ում մի քանի օր առաջ Գյումրու թեմայով հարց են տալիս Նիկոլ Փաշինյանին, հրապարակային չքմեղանում է, հարցին հարցով պատասխանում, թե «Գյումրիում ի՞նչ է եղել որ»։ Ու սա հենց նույն ժամանակ, երբ իր գլխավորությամբ ՔՊ-ականների իշխանազավթման օպերացիան եռուն շրջանում էր։ Այսինքն Նիկոլը գյումրեցիներին ասում է, որ ինքն ընդհանրապես բացատրություն չունի տալու, ինչ ուզենա՝ այն էլ կանի, ընտրությունների ժամանակ էլ՝ ինչքան ուզեն, այդքան կխփեն (կկեղծեն)։
Իսկ որ ՔՊ-ն դատապարտված է Գյումրու հաջորդ ընտրություններն ամենախայտառակ ձևով կեղծելու, կասկածից վեր է։ Նիկոլ Փաշինյանի գահավիժող վարկանիշով ու Գյումրիում տեղի ՔՊ-ականների որակներով ընտրություններում հաղթելն իրենց համար հրաշքի նման մի բան կլինի։
Բայց ինչքան էլ կեղծեն, ինչքան էլ ռեպրեսիաներ կիրառեն, միևնույն է, գյումրեցիների շրջանում հարգանք վայելող թիմի՝ ընտրապայքարի մեջ մտնելու դեպքում ՔՊ-ական խմբակը Հայաստանի թասիբի, մշակույթի մայրաքաղաքում ականջի ետևը կտեսնի՝ իշխանություն չի տեսնի»։
Հ․ Գ․ Ի դեպ, որքան էլ գյումրեցիներից շատերը դժգոհ լինեին տեղի իշխանություններից՝ քննադատեին, որ ասֆալտապատման հերթն այդպես էլ իրենց փողոցին չհասավ, տրանսպորտը շատ դեպքերում նորմալ չաշխատեց, Գյումրին այսօր հրաժեշտ տվեց այն քաղաքական ուժին, որի կառավարման տարիներին այս քաղաքում վերջ էին դրվել արյունահեղություններին և ցնցումներին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ