ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում խոսելով հոկտեմբերի 27-ի տարելիցի առիթով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների արած հայտարարությունների մասին՝ ասաց. «Հոկտեմբերի 27-ը տարիներ շարունակ շահարկած եւ հիմա արդեն իշխանության եկած մարդիկ, որոնք ամբողջ ջանք ու եռանդը գործադրում էին մարդկանց մոլորեցնելու եւ ամբողջ մեղավորությունն այն ժամանակվա իշխանությունների վրա դնելու համար, ասում էին, որ իշխանության գալուց մի քանի օր կամ մի քանի ամիս անց հոկտեմբերի 27-ը կբացահայտվի եւ մեղավորները կպատժվեն, տեսնում ենք, որ վեց եւ ավելի տարիների ընթացքում որեւէ նոր բան չունեն:
Ավելին, իրենք էլ խոստովանում են, որ հոկտեմբերի 27-ը բացահայտված է: Դրա մասին երեկ էլ Եռաբլուրում ասաց հանգուցյալ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը: Այսինքն, այն կեղծիքը, սուտը, որ այդ տարիների ընթացքում ուղղված էր այն ժամանակվա իշխանությանը, ամբողջը ի հայտ եկավ:
Եվ երեկ մի քաղաքացի այս իշխանության վարած քաղաքականության գնահատականը տվեց՝ կարճ ասելով. «Արցախը, հայրենիքը հանձնելուց հետո եկել եք Եռաբլուր եւ ծաղիկ ե՞ք դնում: ՔՊ-ի երկու կարկառուն ներկայացուցիչ, որոնցից մեկն այն ժամանակ Վազգեն Սարգսյանի եւ մյուսների սպանությունից հետո պաշտոնների ցուցակ էր ներկայացրել, քննարկում էին «շատ կարեւոր երկու հարց», թե իրենցից ով է սրբազանը, ով՝ կաթողիկոսը: Եվ հրճվում, ուրախանում էին, ցնծության մեջ էին:
Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, թե ինչ է տեղի ունեցել: ԵԿՄ նախագահը վտանգավոր հայտարարություն է արել, թե մենք Ադրբեջանին որեւէ կերպ չենք կարող դիմակայել: Նա, փաստացի, սահմանին կանգնած մեր հազարավոր եղբայրներին ասում է, որ իրենց ծառայությունը անիմաստ է:
Դրանից հետո ԵԿՄ անդամները պետք է մի բան անեին. Պետք է անմիջապես հավաքվեին եւ ժամեր անց այդ մարդը չպետք է զբաղեցներ այդ պաշտոնը: Պատկերացնո՞ւմ եք, որ 90-ականներին Երկրապահ կամավորականների միության նախագահը՝ Վազգեն Սարգսյանը կամ Մանվել Գրիգորյանը, հայտարարեին, թե երկրապահը չի կարող դիմակայել Ադրբեջանին: Ինչ է, այն ժամանակ ադրբեջանական ուժերը կրկնապատիկ կամ եռապատի՞կ չէին, Ադրբեջանը ավելի լավ չէ՞ր զինված:
Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, թե սրանց օրոք պաշտոններ զբաղեցնողները ինչ վտանգ են ներկայացնում մեր պետության համար: Այս հայտարարությունը նաեւ մեսիջ էր Ադրբեջանին, որ մենք դիմադրություն ցույց տալու ի վիճակի չենք: Վեց տարի Հայաստանի ամբողջ պաշտպանական ռեսուրսը մսխած, այս պատերազմներում մեզ պարտությունների տարած, մեզ այս խայտառակությունների միջով անցկացրած մարդիկ, որոնք հիմա իրենց կյանքն են վայելում եւ աթոռներին կառչած՝ միայն մի նպատակ ունեն. ինչքան հնարավոր է, վայելեն մեր ժողովրդի հարկերի հաշվին պետական բարիքները, ասում են, թե մենք արդեն որեւէ բանի ի վիճակի չենք: Իսկ որ նրանք որեւէ բանի ի վիճակի չեն, մենք վաղուց գիտենք, դա նորություն չէ: Եվ նրանք, փաստացի, ինքնախոստովանական հայտարարություն արեցին»,-ասաց պատգամավորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ