Մեկ տարուց ավելի է, ինչ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ը, որ երկար տարիներ իր աջակցությունն էր ցուցաբերում Արցախի տարբեր բնակավայրերում բնակվող բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքներին, շարունակում է աջակցել արցախցի բազմազավակ ընտանիքներին արդեն ՀՀ տարբեր մարզերում և Երևանում։
Բռնի տեղահանումից հետո արցախցի շատ ընտանիքներ ունեն նյութական աջակցության խիստ կարիք, և հիմնադրամը շարունակում է իր ծրագրերը։ Հոկտեմբերի 23-ին հիմնադրամի գործադիր տնօրեն, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Մարատ Գրիգորյանն այցելեցին Երևանի Լուկաշինի փողոց, Արարատի մարզի Այնթապ և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղեր և շահառուներին հանձնեցին հերթական աջակցությունը։ Հաճախ հիմնադրամի ներկայացուցիչների հետ շահառու ընտանիքներին այցելում են նաև արտերկրի աջակից կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատներ։
Այս անգամ այցին մասնակից եղան լոնդոնահայ ձեռներեց Բագրատ Նազարյանը և «Գլոբալ-Մեդիկ (Global-Medic)» կառույցի Կանադայի ներկայացուցիչներ Իվանա Բուդիսան, Լիսա Ռուզը, Շոն Քարբին։ 9 երեխաներ՝ 6 տղա, 3 աղջիկ ունեն ծնունդով Հրազդանից Արևիկ Գրիգորյանը և Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բնակիչ Էռնեստ Խոսրովյանը։ Նրանք Շուշիում էին հանդիպել ու ամուսնացել։ 2014-ին բնակություն հաստատեցին Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղում։ Դպրոցական երեխաները հաճախում էին Հերիկի դպրոց, որը 2016-ին հիմնանորոգվեց «Հայրենասեր» հիմնադրամի կողմից և կոչվեց 2016թ․ ապրիլյան Քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով։ Իրենց ութերորդ որդուն կոչել են Ռոբերտ՝ ի պատիվ հերոսի։
Կարդացեք նաև
2020թ․ 44-օրյա պատերազմից հետո նրանց ընտանիքը տեղափոխվեց Ճարտար։ Սակայն եղավ Արցախի շրջափակումը, այնուհետև՝ բռնի տեղահանումը, և Էռնեստն ավտոբուսով կարողացել էր գյուղից հանել իր ու այլ ընտանիքներ։ ՀՀ-ում սկզբում բնակվում էին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում։ Սակայն երկար չէին կարող մնալ իրենց հատկացված առանձնատանը, այն վաճառվեց։ Տեղափոխվեցին նույն մարզի Կաթնաղբյուր գյուղ, այնուհետև Երևան։ Բնակվում են վարձակալած բնակարանում։ Արմեն և Արմինե Բադալյաններն ունեն 6 երեխա։ Նրանց ընտանիքը նույնպես մի քանի բնակավայր է փոխել։ ՀՀ-ից տեղափոխվել էին Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ։
2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում տեղափոխվեցին Արարատի մարզ, այնուհետև՝ Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան գյուղ։ 2023թ․ սեպտեմբերի վերջին հազարավոր արցախցիների հետ բռնի տեղահանվեցին և այժմ վարձով բնակվում են Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։ Ամուսիններն ունեն առողջական խնդիրներ ևս։ Արարատի մարզի Այնթապ գյուղում են բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղից տեղափոխված Վահե Գագրեյանի և Հասմիկ Հովհաննիսյանի 5 երեխաներով ընտանիքը։ Աղավնոն Քաշաթաղի շրջանի առաջին գյուղն էր՝ սահմանակից Սյունիքի մարզին։ Այստեղ բնակիչները մնացին նաև 44-օրյա պատերազմից հետո, սակայն ստիպված էին հեռանալ հայրենի գյուղից։ Բարերարները շահառուներին հանձնեցին հասանելիքը՝ հավաստելով՝ մշտապես են աջակցելու։ «Գլոբալ-Մեդիկ (Global-Medic)»-ի ներկայացուցիչները գոհ են «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի գործունեությունից և պատրաստ են շարունակել համագործակցությունը։
Զոհրաբ Ըռքոյան