Հայաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան դարձել են 2023-2024 ֆինանսական տարում հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները. այս մասին գրում է The Times of India-ն՝ վկայակոչելով աղբյուրները:
Ըստ պարբերականի՝ հնդկական պետական և մասնավոր ընկերությունները զենք-զինամթերքի և բաղադրիչների լայն տեսականի են արտահանում մոտ 100 երկիր։ Անցած տարվա ընթացքում վաճառքը կազմել է 2,6 մլրդ դոլար։
Հայաստանը, ըստ հրապարակման, մի քանի գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ վերջին չորս տարվա ընթացքում հրթիռներ, հրթիռային համակարգեր, հրետանային սարքեր, ռադարներ, զրահաբաճկոններ, գիշերային տեսողության սարքեր, ինչպես նաև զինամթերք ներկրելու համար։ Հայաստանը դարձել է հնդկական արտադրության «Ակաշ» ՀՕՊ հրթիռների առաջին օտարերկրյա գնորդը։