Aravot.am-ի տեղեկություններով՝ մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով 2024 թվականի ամռանը կալանավորված «Աշտարակ» ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանի գործով նոր մեղադրյալներ են հայտնվել:
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Աշտարակ բկ-ի դիահերձարանի աշխատանքները համակարգող Մանուկ Քեշիշյանը, որը միաժամանակ «Աշտարակ ԲԿ»-ի պահակ է աշխատել, Աշտարակ համայնքում մահացածների հարազատներին դիահերձման դիմաց գանձվող վճարի չափի հետ կապված կեղծ տեղեկություններ հայտնելով՝ դիահերձման գործընթացից ստացել է ապօրինի վարձատրություն, որի մասին տեղյակ են և իրենց մասնաբաժինն են ստացել դիահերձող Գրիգոր Մկրտչյանը, Արագածոտնի մարզի դատաբժիշկ Արայիկ Դալլաքյանը, «Աշտարակ ԲԿ» -ի արդեն նախկին տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը:
Կոռուպցիոն սխեմայում, ըստ իրավապահներին հասած տվյալների, դերակատարություն է ունեցել նաեւ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանը, որը մասնաբաժին է ունեցել քաղաքացիներից ստացվող անօրինական գումարներից:
Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ վերջինս անձամբ, իսկ որոշ դեպքերում էլ միջնորդի միջոցով, գումարները ստացել է «Աշտարակ ԲԿ» -ի նախկին տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանից: Բացի այդ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ռազմիկ Թադևոսյանը «Աշտարակ ԲԿ» -ի նախկին տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանի միջոցով «Աշտարակ ԲԿ» -ի դիահերձարանի աշխատանքները համակարգող Քեշիշյանից պահանջել և ստացել է 500.000 ՀՀ դրամ գումար հետագայում որոշակի առավելություններ տրամադրելու համար, այն է՝ Քեշիշյանի կողմից ղեկավարվող դիահերձարանի և Արագածոտնի մարզպետարանի միջև կնքված պայմանագրի ժամկետը երկարացնելու գործընթացում, հօգուտ Քեշիշյանի որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու նպատակով:
Կարդացեք նաև
Արագածոտնի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նանե Ավանեսյանը Aravot.am-ին ասաց, որ այս պահին զերծ կմնան դեպքին անդրադառնալուց՝ հաշվի առնելով նախաքննական շահը, անմեղության կանխավարկածը, իսկ մարզպետի խորհրդական Թադեւոսյանի լիազորություններն այս պահին կասեցված են:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն ՝«Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ի իրավասության ներքո գործող դիահերձարանում տեղի ունեցած ապօրինությունների մասին տեղյակ են ոստիկանության դեռևս ինքնությունը չպարզված ծառայողներ, որոնց համար որոշ ծառայություններ մատուցելու դիմաց «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ի դիահերձարանի աշխատանքները համակարգող Քեշիշյանը գումար չի վերցրել, իսկ ոմն Հարութ անունով ոստիկանության ծառայողին «մաղարիչի» տեսքով կաշառք է տվել: Նախաքննությունը շարունակվում է:
Ի դեպ՝ մամուլի հրապարակումների համաձայն՝ Ռազմիկ Թադեւոսյանը նախկինում էլ է հայտնվել մամուլի սկանդալային հրապարակումների կիզակետում։ Նա Առողջապահության նախկին նախարար, ներկայիս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի վարորդն է եղել, երբ Թորոսյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր։ Թադեւոսյանը Թորոսյանի մեքենան էր վարում, սակայն զուգահեռ զբաղվում էր Թորոսյանի ընտանիքին պատկանող Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի ձկնաբուծական բիզնեսով։ Այս ընկերության 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի արդեն նախկին խորհրդականի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ