Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Google-ով «զինված» մի քանի տասնյակ եվրոպացի դիտորդներ՝ նրանք քաղաքացիական անձինք են, զինված չեն, այս տարածաշրջանի կայունության համար ավելին են արել, քան Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախումբը. Օլիվիե Դեկոտինյի. «Հետք»

Հոկտեմբեր 28,2024 18:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օլիվիե Դեկոտինյիի համոզմամբ` «Ադրբեջանը պարտավոր է թույլ տալ հայերի վերադարձը Արցախ»

-Պարոն դեսպան, տեւական ժամանակ է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպում են միայն ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ բրյուսելյան բանակցային ձևաչափը ձախողվել է։ Ինչո՞ւ։

Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ քննարկում է տեղի ունեցել Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որը կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի նախաձեռնությամբ: Դա չի նշանակում, որ ԵՄ միջնորդությունը դադարել է: ԵՄ-ն դեռևս իր ծառայություններն է առաջարկում երկու կողմերին: Իմ տեղեկությամբ՝ Հայաստանը չի մերժել ԵՄ առաջարկը: Եվ, իհարկե, եթե հայացք նետենք բանակցություններին և դրանց արդյունքներին, ամենակարևոր և արդյունավետ քայլերն իրականացվել են ԵՄ միջնորդության շնորհիվ, հատկապես, երբ կողմերը հանդիպեցին Պրահայում 2022 թվականի հոկտեմբերին՝ ԵՄ-ի և նախագահ Մակրոնի հետ միասին, որտեղ կողմերը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին, որն առանցքային է արդար և կայուն խաղաղության հաստատման համար:

-Ադրբեջանը շարունակաբար նոր նախապայմաններ է առաջադրում խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար և թշնամանք է դրսևորում արևմտյան միջնորդների նկատմամբ։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։

– Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու անհրաժեշտությունը հրատապ է: Անընդհատ հայտարարվել է, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի կողմից, որ համաձայնագրի մեծ մասն արդեն համաձայնեցված է: Հայաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել ստորագրել այն, ինչը արդեն համաձայնեցված է՝ որպես համաձայնագրի հիմք, հետագայում քննարկումներ կարող են տեղի ունենալ չլուծված հարցերի շուրջ: Ադրբեջանն ունի հատուկ պատասխանատվություն, հատկապես, որ իբրեւ COP 29-ի (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը-խմբ.) կազմակերպիչ իր վրա է սեւեռում միջազգային ուշադրությունը, ինչը նրանց համար հատուկ միջազգային պարտավորություններ է առաջացնում։ Այս փուլում նրանց հիմնական պատասխանատվությունն է՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել։

– Ի՞նչ տեղի կունենա, եթե նրանք հետաձգեն դա և հրաժարվեն համաձայնագիրը ստորագրել մինչեւ COP 29-ը։

Այդ հարցը պետք է ուղղել Ադրբեջանին: Մեր դիրքորոշումը հստակ է. խաղաղության համաձայնագրի պայմաններն առկա են, և այն պետք է կնքվի հնարավորինս շուտ: Դա նշանակում է՝ COP 29-ից առաջ։

-Ադրբեջանը մշտապես հայտարարում է, թե Հայաստանը կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ, չնայած ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է, որ սահմանային լարվածության մասին հաղորդագրություններն իրականությանը չեն համապատասխանում։ ԵՄ-ն նախատեսու՞մ է ընդլայնել այս առաքելությունը։

– Ես շատ զարմացած եմ Ադրբեջանի, ինչպես նաև՝ Ռուսաստանի կողմից Եվրոպական առաքելության նկատմամբ քննադատությունից: Բավականին ուշագրավ է, որ մենք նույն բառերն ենք լսում ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Ադրբեջանից, կարելի է ենթադրել, թե դա ռուսերենից է թարգմանված ադրբեջաներեն, կամ ադրբեջաներենից՝ ռուսերեն: Բայց եթե դիտարկենք փաստերը, Եվրոպական առաքելությունը նպաստել է շփման գծում ռազմական միջադեպերի քանակի նվազմանը:

Ես խոսում եմ իրական միջադեպերի մասին, ոչ թե կեղծ լուրերի: Շփման գծի մոտ գտնվող հայկական գյուղերի բնակիչները, որոնք ենթարկվում են կրակոցների վտանգին և անգամ հակամարտության վերսկսման վտանգին, ողջունում են առաքելության ներկայությունը: Ես միացել եմ ԵՄ առաքելության պարեկներին և հանդիպել տեղացիներին: Նրանց համար Եվրոպական առաքելությունը ապահովության նշան է և վկայում է, որ աշխարհը նրանց չի մոռացել: Ահա թե ինչու Ֆրանսիան, իր ԵՄ գործընկերների հետ միասին, պնդեց առաքելության ընդլայնման վրա, ինչն արդեն տեղի է ունենում։ Առաքելության անձնակազմը գրեթե կրկնապատկվում է, և դրա հնարավորությունները մեծացվում են: Դա եղել է տարածաշրջանում կայունության ապահովման ամենակարևոր ներդրումներից մեկը:

-Քանի՞ հոգի է ընդգրկվելու առաքելության մեջ ընդհանուր առմամբ։

– Ծրագրվում է մոտավորապես կրկնապատկել առաքելության ներկայությունը, ինչը նշանակում է մի քանի հարյուր մարդ: Նրանք չափազանց արդյունավետ են: Եթե հայացք գցենք վերջին տարիներին, google-ով «զինված» մի քանի տասնյակ եվրոպացի դիտորդներ՝ նրանք քաղաքացիական անձինք են, զինված չեն, այս տարածաշրջանի կայունության համար ավելին են արել, քան Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախումբը:

– Դա նշանակո՞ւմ է, որ ԵՄ-ն չի հեռացնելու իր առաքելությունը սահմանից Բաքվի և Մոսկվայի պահանջով։

– Առաքելության մանդատը որոշվում է Բրյուսելում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031