Լրահոս
Օրվա լրահոսը

«Հյուսիսային տերեւաթափի» գործով 5 կալանավորված անձանց կալանքի ժամկետները երկարացվեցին երեք ամսով

Հոկտեմբեր 28,2024 18:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հյուսիսային տերեւաթափի» գործով այսօր բոլոր հինգ կալանավորված անձանց կալանքի եւ տնային կալանքների ժամկետները երկարացվեցին՝ օրենքով նախատեսված առավելագույն ժամկետով՝ երեք ամսով․ այս մասին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց  այս գործով մեղադրյալ Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը։

Պաշտպաններն անակնկալի են եկել դատարանի այսօրվա կայացրած որոշումից, քանի որ, իրենց պնդմամբ, դրա համար որեւէ հիմք չկար։ Կալանքի ժամկետներն առավելագույն չափով երկարացնելու՝ դատախազության միջնորդության մեջ ասվում է, որ խափանման միջոցի հնարավոր փոփոխման պարագայում, մեղադրյալները հնարավոր է նոր հանցագործություն կատարեն կամ էլ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս գործով խոսքը նախապատրաստվող հանցագործության մասին է, կարող են նաեւ ավարտին հասցնել ենթադրյալ արարքը։ Դատախազը չի բացառում նաեւ՝ գործով անցնող որեւէ անձի վրա հնարավոր ազդեցությունը։

Զորայր Հարությունյանը երկու հիմքն էլ մտացածին եւ ենթադրական բնույթի հիմքեր է համարում․ «Քրեական վարույթով ձեռք բերված որեւէ փաստական տվյալ չկա, որը թույլ կտա նման ենթադրություն անել։ Դատախազի եւ դատարանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ քանի որ խոսքը գնում է նախապատրաստվող արարքի մասին, ազատության մեջ հայտնվելու դեպքում, իրենք կփորձեն ավարտին հասցնել նախապատրաստվող արարքը։ Մինչդեռ, միայն այն հանգամանքը, որ դատախազի կողմից գնահատական է տրվել, որ խոսքը նախապատրաստության մասին է, բավարար հիմք չի կարող լինել նման եզրահանգման համար։ Հակառակ պարագայում, ցանկացած անձի եթե մեղադրանք առաջադրեն որեւէ արարքի նախապատրաստման համար, նրան հավերժ կալանքի տակ պահելու հիմնավորում կառաջանա, այն առումով, որ քրեաիրավական գնահատականը, մինչեւ վարույթի ավարտը, բնականաբար, չի փոխվում»։

Ինչ վերաբերվում է գործով անցնող այլ անձանց վրա ազդելուն, Զորայր Հարությունյանը նկատում է՝ գործով ապացույցների 90 տոկոսը փաստաթղթեր են, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքներ եւ իրեղեն ապացույցներ, որոնք ամբողջությամբ դատարանի տրամադրության տակ են եւ անգամ ամենամեծ ցանկության դեպքում, որեւէ մեկը չի կարող որեւէ ազդեցություն գործել այդ ապացույցների հանդեպ։

«Նաեւ ունենք երկու վկա, որոնց մտացածին վկաներ են, իրենք ցուցմունք են տալիս գործով անցնող մեկ անձի վերաբերյալ․ մնացած չորս անձին ոչ ճանաչում են, ոչ առնչվել են նրանց հետ, ոչ անուններն են տալիս։ Բայց, դատախազն ու դատարանը հանգում են այն հետեւության, որ այդ մեղադրյալները եթե ազատության մեջ գտնվում, հնարավոր է այդ վկաների վրա ազդեցություն գործեն։ Թե ինչո՞ւ պիտի ազդեցություն գործեն, որ ավելի արդարացնող ցուցմու՞նք տան, չգիտեմ»,- ասաց Զորայր Հարությունյանը։

Պաշտպանի գնահատմամբ, դատախազությունն ու դատարանը, տվյալ պարագայում, գործել են հակառակ օրենքի եւ տրամաբանության։

Որոշումը բողոքարկվելու է։

Հիշեցնենք՝ 2023-ի նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը»։

«Հյուսիսային տերևաթափ» անվանումը ստացած այս գործը կառավարության ներկայացուցիչները համեմատում են 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի գործի հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031